Լրահոս
Օրվա լրահոսը

ՏիկՏոկը և տիկերը․ սոցցանցերը կարող են անսովոր ախտանշանների առաջացման պատճառ դառնալ

Հունվար 17,2023 09:30

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մի ուսանող հանկարծակի ոտքերի ցավ ու անդամալուծություն (պարալիչ) է ունենում, իսկ ավելի ուշ նմանատիպ խնդիրներ են առաջանում նաև նրա հետ սովորող այլ ուսանողների շրջանում։ Մեկ այլ դեպքում միանձնուհիները սկսում են կծել իրար, այնուհետև նույնը տեղի է ունենում մոտակա մյուս վանքերում։ Երեք աշակերտուհիներ անընդհատ սկսում են ծիծաղել, որից հետո նրանց դասընկերներն են հայտնվում նույն վիճակում, ինչը դպրոցի ժամանակավոր փակման պատճառ է դառնում։

Սակայն այդ դեպքերից և ոչ մեկի առաջացման պատճառները հնարավոր չի եղել մեկնաբանել բժշկության տեսանկյունից։ Ժամանակի ընթացքում նման օրինակները սկսեցին համարել զանգվածային հոգիոգեն հիվանդություններ, որոնք տարբեր անվանումներով են հայտնի՝ զանգվածային հիստերիա, համաճարակային հիստերիա և այլն։

Զանգվածային հոգիոգեն հիվանդությունը բնորոշվում է որպես վիճակ, երբ սոցիալական խմբի մեջ մի քանի մարդկանց մոտ զարգանում են նմանատիպ, բժշկական առումով անբացատրելի և հաճախ տարօրինակ ախտանիշներ: Որոշ դեպքերում տուժածները կարծում են, որ ենթարկվել են ինչ-որ թունավոր նյութի կամ վարակի ազդեցությանը, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը, սովորաբար, հերքում է այդ վարկածը։ Ընդ որում, այդ խնդիրների պատճառած անհանգստությունները լիովին իրական ու խորն են լինում, և դրանց դեպքում մարդը ոչ թե պարզապես «փորձում է ուշադրություն գրավել», այլ իսկապես տառապում է։

Ինչպես նշվեց վերևում, հոգեոգեն հիվանդությունները նորույթ չեն։

Օրինակ` 14-րդ և 17-րդ դարերում Եվրոպայում տեղի են ունեցել պարի մանիայի բռնկումներ, երբ մարդկանց խմբերը, երբեմն միանգամից հազարավոր մարդիկ պարում էին անդադար՝ մինչև ուժասպառ լինելը։ Մանիան ազդում էր տղամարդկանց, կանանց և երեխաների վրա։

Պարի մանիա Սբ․ Յանս-Մոլենբեկ եկեղեցի կատարած ուխտագնացության ժամանակ

Նման խնդիրների առաջացման հարցում իրենց դերն ունեն ժամանակի տագնապներն ու հոգսերը։ 1900-ական թթ․, երբ սկսեցին խոսել շրջակա միջավայրի թունավոր նյութերի ու փչացած ապրանքների մասին, անսովոր հոտերը կամ մթերքները մարդկանց շրջանում սրտի ռիթմի խանգարումներ, գլխապտույտ ու տագնապի այլ ախտանշաններ էին առաջացնում։ Ոչ վաղ անցյալում Հորդանան գետի արևմտյան ափի որոշ բնակիչներ, որոնք կարծում էին, որ մոտակայքում քիմիական զենքի կիրառման հետքեր կան, բողոքել են գլխապտույտից կամ ուշաթափություններից, թեև իրականում այդ տարածքներում քիմիական զենքի հետքեր չեն հայտնաբերվել։

Նախկինում նման հիվանդությունների բռնկումները տեղի էին ունենում միմյանց մոտ գտնվող մարդկանց շրջանում, օրինակ՝ դպրոցում կամ աշխատավայրում։ Սակայն եղել են դեպքեր, երբ դրանք տարածվել են հեռուստատեսային հաղորդումների պատճառով, իսկ մեր օրերում TikTok և այլ սոցիալական ցանցերը հանրության շրջանում այդպիսի խնդիրների առաջացման համար պարարտ հող կարող են դառնալ։ Նման տեսակետ է հայտնել Harvard Health-ի խմբագիր Ռոբերտ Շմերլինգը։

Սոցիալական ցանցերի պատճառով առաջացած հոգիոգեն խնդիրների առաջին դեպքերը համընկնում են կորոնավիրուսային համավարակի բռնկման ժամանակահատվածի հետ։ Նյարդաբաններից շատերը հայտնել են, որ իրենց բավականին շատ պացիենտներ, մեծամասամբ դեռահաս աղջիկներ են դիմել, որոնք անսովոր, ակամա շարժումներ և ձայնարձակումներ էին կատարում․ նրանց նյարդային տիկերը* հիշեցնում էին Տուրետի համախտանիշի դրսևորումները։

Տուրետի համախտանիշը կենտրոնական նյարդային համակարգի խանգարում է, որը դրսևորվում է ցանկացած տարիքում և բնորոշվում է շարժողական ու ձայնային անսովոր տիկերով։

Այդ դեռահասների շրջանում տիկերի առաջացման այլ պատճառները բացառելուց հետո պարզվել է, որ դրանք կապված են TikTok սոցիալական ցանցի որոշ տեսանյութերի հետ։ Այդ դեռահասները երկար ժամանակ դիտել են տեսանյութեր, որտեղ մարդիկ պատմում են Տուրետի համախտանիշի և շարժողական խանգարումների մասին։ Թե որքանով են տարածված այդ տեսանյութերը TikTok, YouTube և այլ սոցցանցերում, կարելի է ենթադրել դրանց միլիարդավոր դիտումներից։

Ինչպես տեսնում ենք, եթե նախկինում այդ վիճակների տարածման համար առանցքային նշանակություն ունեին աշխարհագրորեն մոտ տարածքները, ապա այժմ սոցիալական ցանցերը կարող են ընդլայնել մարդկանց ներգրավման սահմանները՝ խնդրի առաջացման համընդհանուր գործոն դառնալով։

Իհարկե, հոգիոգեն խանգարումների պատճառով առաջացած ախտանշանները երկարատև չեն լինում և սովորաբար անհետանում են, երբ նույն խնդիրն ունեցող մարդկանց բաժանում են իրարից, կամ դադարեցվում է նմանատիպ բովանդակություն ունեցող նյութերի հետ առնչությունը, սակայն այդ խնդիրը կարող է բազմաթիվ անհարմարություններ պատճառել մարդկանց՝ խլելով նրանց ժամանակը, ֆինանսական միջոցներն ու ջանքերը։

Ինչպես նշում է Ռոբերտ Հ. Շմերլինգը, եթե դուք երկար ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում և հանկարծ ձեզ մոտ զարգանում են անբացատրելի ախտանշաններ, ապա, հնարավոր է, պատճառը հենց սոցցանցերն են, որոնց ազդեցությունը նույնպես պետք է բացառել ախտորոշման ժամանակ։

*Նյարդային տիկ- հանկարծակի, ստերեոտիպային կրկնվող, ոչ ռիթմիկ շարժում կամ ձայնային հնչյունների արտաբերում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031