«Մենք մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Սյունիքի բնակչությունը պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար կյանքը տալ, եթե պաշտպանության նախարարությունը նպատակահարմար գտնի»,-պատասխանելով լրագրողի հարցերին՝ մասնավորապես ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետի կարծիքով՝ ոչ մի հայ չի կարող հարմարվել Սեւ լճում կամ այլ տարածքներում ադրբեջանցիների ներխուժման իրողության հետ։ «Ցանկացած հայ վստահ է, որ նրանք պետք է հետ գնան այնտեղ, որտեղից եկել են»,-նշեց Ռոբերտը Ղուկասյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Սեւ լճի տարածք ներխուժման ժամանակ սյունեցին չպաշտպանեց, եթե այսօր պատրաստ է պայքարել։
«Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտ լինի՝ Գորիսից, Տեղից, Տաթեւից, Սիսիանից եւ բոլոր տեղերից տղամարդիկ պատրաստ են պայքարել։ Ուղղակի մենք պետք է լսենք մեր պաշտպանության նախարարությանը, մեր զինվորներին, մեր սպաներին ու մեր գեներալներին։ Մենք չենք կարող, լինելով քաղաքացիական անձինք՝ թելադրել, թե ի՞նչ անի զինվորը, երբ ինքը 24 ժամ կանգնած է այնտեղ»,-մասնավորապես նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետի խոսքով՝ թե՛ ինքը, եւ թե՛ Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները, բնակիչները պատրաստ են ցանկացած սցենարի։ «Բնականաբար խնդիրների լուծման ամենացանկալի ճանապարհը դիվանագիտականն է, բայց եթե անհրաժեշտ լինի, ապա եւս մեկ անգամ Սյունիքը կապացուցի․ յուրաքանչյուր սյունեցի պատրաստ է ձեռքը տանել զենքը եւ պաշտպանել իր հայրենիքը»,- իր խոսքը եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ Սյունիքի մարզպետը մասնակցում էր Կապանի նորաբաց «ԻնՍպորտ Սյունիք» սպորտային կենտրոնի բացմանը, որտեղ էլ պատասխանեց լրագրողների հարցերին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ