Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալու բան չկա. ուղերձները Երևանից են գնում». Սուրեն Սարգսյան

Հունվար 16,2023 20:40

«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն. մեծ հաշվով, պատասխանատվությունը մեծ մասամբ գցում են ռուսների վրա»,- այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած՝ «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ժամանակ, Բերձորի միջանցքի 36 օր փակ լինելու արդյունքում միջազգային հանրության արձագանքի մասին կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Առկա արձագանքներն էլ, ըստ նրա, առանձին անձերի եւ լոբբիստների աշխատանքի արդյունք է, որովհետեւ պետության դերն այս գործում նվազագույնի է հասցված, ինչը միջազգային հարթակներում ընկալվում է, որպես հստակ ուղերձ. «Եթե ձեզ համար կարևոր չէ, մեզ համար էլ կարևոր չէ. չենք կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ ավելի հայ լինել»։

Նա նկատեց՝ Հայաստանում օրակարգ է փոխվել ու հայաստանյան դիվանագիտական դասի ներկայացուցիչները, 2018 թվականի հեղափոխությունից հետո, չեն մասնակցում Արցախի կամ Ցեղասպանության հարցերով քննարկումներին՝ ցույց տալով, որ դա իրենց եւ իրենց պետության առաջնահերթությունը չեն. «Երբ խոսք է լինում Հայաստանի, Արցախի անվտանգության հարցերի մասին, մեր դիվանագետներն ասում են՝ մեր առաջնահերթությունը խաղաղության դարաշրջանի բացումն է։ Այստեղ զարմանալու բան չկա. ուղերձները Երևանից են գնում։ Կարծում եմ, սա ամենամեծ խնդիրն է, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Այսինքն, արտաքին քաղաքական օրակարգը ամբողջությամբ փոխվել է, և պտտվում է ընդամենը մի գաղափարի շուրջ՝ այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացման, ինչը միակողմանի է: Ակնհայտ է, որ չես կարող ընկերություն անել մեկի հետ, ով չի ցանկանում քեզ հետ ընկերություն անել, դու չես կարող խաղաղ ապրել մեկի հետ, ով չի ցանկանում քեզ հետ խաղաղ ապրել, քեզ ոչ ոք չի էլ հարցնում»:

Միջազգայնագետն անդրադարձավ նաեւ իրողություններին, որ ավտորիտար Ադրբեջանի ղեկավարն առավել մեծ ընկալում եւ աջակցություն ունի ժողովրդավարական Եվրոպայում, քան նույն Եվրոպայի կողմից ժողովրդավարական հռչակված Հայաստանի ղեկավարը՝ փաստելով, որ միջազգային «ռեալ պոլիտիկը» տարբերվում է հռչակված արժեքներից, ինչը բերել է նաեւ միջազգային կառույցների հեղինակազրկման կամ գործունեության էության փոփոխության:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031