Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի փոխմարզպետը վերադարձրել է աղմուկ հանած «Լեքսուսը»․ Ախուրյանի ավագանին փոշմանել է

Հունվար 16,2023 20:10

Aravot.am-ն անդրադարձել էր այն ահազանգին, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթևեկում է սպիտակ գույնի «Լեքսուս RX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։

Ըստ ահազանգողի, փոխմարզպետն այն օգտագործում էր որպես ծառայողական մեքենա, մինչդեռ Ախուրյան համայնքի ավագանին այն տրամադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նշենք, որ Ալբերտ Այվազյանը ՔՊ խմբակցության ղեկավարն է։

Ալբերտ Այվազյանը պարզաբանել էր, որ այդ մեքենան եղել է Առափիի համայնքապետի ծառայողական մեքենան։ Իսկ Առափիի համայնքապետ 31 տարի շարունակ եղել է հենց ինքը, այսինքն՝ այդ մեքենան եղել է իր ծառայողականը։ Համայնքների խոշորացումից հետո այն բնականաբար անցել էր Ախուրյան խոշորացված համայնքին։

Մեքենան տրամադրվել էր իր դիմումի համաձայն։ Ալբերտ Այվազյանը նաև պարզաբանել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից ում պետք է գալիս ավտոմեքենան, ինքը ցանկացած պահի տրամադրում է, ընդ որում այն շահագործում են անձնական գրպանի հաշվին՝ համայնքից ոչ մի կոպեկ չուզելով՝ ո՛չ բենզինի, ո՛չ վերանորոգման համար։

Aravot.am-ի հետ զրույցում Ալբերտ Այվազյանն ասաց, որ վերադարձրել է «Լեքսուս RX 350-ը»։

Ախուրյանի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի արձանագրությունում ընթերցում ենք, որ ավագանին ուժը կորցրած է համարել Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող «Լեքսուս RX 350»-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը օգտագործման տրամադրելու մասին իր որոշումը և կայացրել է նոր որոշում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող «Լեքսուս RX 350» մակնիշի ավտոմեքենան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խմբակցությունների լիազորությունների ժամկետով, ծառայողական նպատակով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» և «Ախուրյան» խմբակցություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմին»։

Հետաքրքիրն այն է, որ նախքան նոր որոշումը փոխմարզպետը մեզ հետ զրույցում ասել էր․ «Եթե ավագանին փոշմանել է, որ հատկացրել է, թող նորից դնեն քվեարկության, դուք էլ եկեք, մասնակցեք, որպեսզի համոզվեք, որ մենք ո՛չ պարտադրել ենք, ո՛չ հոխորտացել ենք, ո՛չ գոռացել, ընդամենը պաշտոնական գրություն ենք գրել համայնքի ղեկավարին, որ խնդրում ենք այս հարցը քննարկել ավագանու նիստում և հատկացնել համայնքի ավագանու ամենամեծ խմբակցությանը։ Այդ բողոք գրողները մեքենաներ չե՞ն օգտագործում, քանի՞ հատ են օգտագործում, ի տարբերություն իրենց՝ մեր ծառայողական մեքենան օրինական է հատկացված»։

Ստացվում է, որ Ախուրյանի ավագանին փոշմանել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031