ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ կողմից ֆինանսնավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նոր պոտենցիալ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես խոսվել է մասնավոր հատվածին պետական աջակցության հարցերում համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարություն