Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև գեղասահքի պարային զույգը 13-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում:
Համաշխարհային ուսանողական խաղերում իր մրցելույթներն ավարտել է նաև մենասահորդ Մարինա Ասոյանը: Նա կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 30-րդ տեղը և դուրս մնացել ազատ ծրագրում հադես եկող 24 մարզիկների շարքից:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի է դուրս եկել նաև առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 1500 մետր սպրինտի որակավորման փուլում նա գրավել է 13-րդ հորիզոնականը՝ չկարողանալով տեղ զբաղեցնել լավագույնների շարքում:
Կարդացեք նաև
Միքայելը հունվարի 17-ին և 18-ին հանդես կգա դահուկավազքի դասական և ազատ ոճի 10 կմ մրցատարածություններում:
Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Միջոցառմանը 50 երկրի ավելի քան 2000 պատվիրակ է մասնակցել:
ՀՀ պատվիրակությունն այս տարի առաջին անգամ ձմեռային Համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է պետական ֆինանսավորմամբ. Կառավարությունն այս նպատակով ավելի քան 19 մլն դրամ է հատկացրել: Մրցավայր է մեկնել 6 մարզիկ, որոնք հանդես են գալիս 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
Հարություն Հարությունյանի մեկնարկը նախատեսված է հունվարի 18-ին, Նորիկ Թադևոսյանինը՝ հունվարի 21-ին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ