Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, ՀՀ ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Վարդանյանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցների, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների ղեկավարների, պաշտոնական այլ անձանց, եկեղեցու կառուցման հովանավոր, բարերար Արայիկ Ավետիսյանի և սարուխանցիների հետ մասնակցեցի եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը։
Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․Տ․Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Տերն իր շնորհավորական ուղերձն է հղում Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին եւ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի է արժանացնում եկեղեցու կառուցման հովանավոր եւ բարերար Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։
Կարդացեք նաև
Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ միաժամանակ բարերարին հանձնելով «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։
Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեցի Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։
Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Եկեղեցու ճարտարապետն է արդեն երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, քանդակագործը՝ Գեւորգ Մնացականյանը։ Եկեղեցու շինարար Անդրանիկ Չիչոյանի ներկայացմամբ՝ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եւ քառանավ տուֆակերտ շինություն է՝ 28 մետր բարձրությամբ եւ 212,5 քառակուսի մետր մակերեսով, արտաքին շքեղ քանդակներով։
Գեղարքունիքի մարզպետարան