Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում վերլուծելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ նկատեց. «Դա միայն ու միայն սկիզբն է այն գործընթացի, որը կոչվում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության ուղղակի զրոյացում: Նախ եւ առաջ հստակեցնենք, որ միջազգային իրավական առումով սկզբից հանձնվել է Հայաստանը: Եվ ես արդեն չեմ ուզում դիմել նրանց, ովքեր ձեւացնում են, թե չեն հասկանում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական նպատակը շատ պարզ շարադրված է իրենց փաստաթղթերում եւ հայտարարություններում:
Հայաստանում, ժողովրդի մեծ մասի մեջ կա ուղղորդված մոլորություն, որ այսօր Արցախն է շրջափակված: Եվ ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ միջազգային հարթակներում հանձնվել է Հայաստանը: Հայաստանն այսօր ուղղակի չունի ինքնուրույն դերակատարություն եւ պարզապես կատարում է այս կամ այն կենտրոնի, հիմնականում, այսպես ասած, կոլեկտիվ Արեւմուտքի հրահանգները, որի շահերը համընկնում են այսօրվա թուրք-ադրբեջանական ցեղասպանական ռազմավարության հետ: Եվ տվյալ դեպքում Արցախը սկիզբն է: Հիշեցնեմ, որ նույնչափ, ինչպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կեղծում էր, երբ ասում էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, կեղծում է նաեւ, երբ ասում է, թե պատասխանատվություն է կրում 29,8 հազար քառակուսի կիլոմետրի համար:
Ես զարմանում եմ: Դպրոցում լավ սովորողներ շատ կային: Այնպես չի, որ բնակչության 90 տոկոսը չի հասկանում կամ ուսյալ չէ: Համոզված եմ, որ այստեղ գործում է շատ անգամ հոգեբանական, այսպես ասած, ջայլամի բարդույթը: Հիշեցնեմ, թե ինչպես են ջայլամներին ոչնչացնում: Երբ ջայլամները գլուխը մտցնում են ավազի մեջ, այդ ժամանակ գալիս են եւ հենց գլխից էլ գլխատում են: Ես կանխատեսում չեմ անում, Աստված մի արասցե: Ընդամենը այդ օրինակը բերեցի որպես փաստ: Եվ այս առումով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են. եթե իրենց գլուխը ավազի մեջ են մտցնում, ապա իրենց եւ իրենց երեխաների մարմինները ապահով են: Դա այդպես չէ: Մի իմաստուն խոսք կա. երբ Աստված ուզում է պատժել, սկզբից խելքն է խլում: Չի կարելի այսպես պասիվ ձեւով հանձնվել: Պատմական հիշողության մասին չեմ խոսում: Սեպտեմբերյան պատերազմը հիշեք: Արդյոք 200-ից ավելի տղաների արյունը ձեզ չի վերաբերում: Եթե այդպես է, մեծ ցավով ասելու եմ. արդյոք Հայաստանում մնացել է կոնսոլիդացված հայկական համայնք, արդյոք մենք ունենք միասնական հստակ կամք, որը կարտահայտվի եւ խոսքով եւ գործով, որ այն, ինչ անում է այսօր թուրք-ադրբեջանական այդ միությունը, դա չի վերաբերում զուտ Արցախին: Դա վերաբերում է հենց Հայաստանին: Այսօր Արցախը պայքարում է Հայաստանի ապաշրջափակման համար: Այսօր Արցախը հստակ գտնվում է այդ պայքարի առաջնագծում: Եվ չի կարելի, որ ամբողջ Հայաստանը պախկված մնա արցախցիների, Արցախի մեջքի հետեւում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ