Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ իրենք են մեր կյանքին վտանգ ներկայացրել, եկան ներխուժեցին, անչափահասներին վախեցրեցին»․ Ռաֆայել Սաֆարյանը՝ ԴԱՀԿ գործողությունների մասին

Հունվար 16,2023 17:36

«Իրենք էլ են նկարել, թող մի հատ կադր ցույց տան, որ մենք իրենց կյանքին սպառնացել ենք, կամ իրենց կյանքը վտանգի տակ է եղել։ Էդ իրենք են մեր կյանքին վտանգ ներկայացրել, եկան ներխուժեցին, անչափահաս երեխաներ կային, վախեցել էին»,-Aravot.am –ի հետ զրույցում ասում է հանրային գերակա շահ ճանաչված Երեւանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը։

Հունվարի 13-ին ԴԱՀԿ աշխատակիցները դատարանի որոշմամբ ուժի դիմելով բացեցին թաղամասում գտնվող նրան պատկանող տան դռները՝ դատաապրանքագիտական փորձաքննության համար։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Սաֆարյանին պատկանող տարածքում ԴԱՀԿ-ն գույքագրման համար ծանուցում էր ուղարկել, Սաֆարյանը չէր համաձայնել, քանի որ, ինչպես ինքն է նշել, դեմ էին նրանց առաջարկած փորձագետին, բողոքարկել էին, սակայն առանց պատասխանին սպասելու՝ ԴԱՀԿ-ն սկսել է գործողություններ իրականացնել։

ԴԱՀԿ-ն հունվարի 13-ին հայտարարություն էր տարածել՝ ըստ որի, ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունները եղել են դատարանի որոշմամբ։

Ռաֆայել Սաֆարյանի հարեւանուհին՝ մի տարեց կին, եկել էր տարածք՝ աջակցելու Ռաֆայելին․ կինը նստել էր աստիճաններին, պնդում էր, որ թույլ չի տա մտնել տարածք։ Սակայն ոստիկաններն ուժով հեռացրել էին նրան տարածքից, կնոջ ինքնազգացողությունն այդ պահին կտրուկ վատացել էր։

Իսկ ԴԱՀԿ հայտարարության մեջ նաեւ նշվում է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։

Ռաֆայել Սաֆարյանին պատկանող տարածքը 33-րդ թաղամասի, որն ավելի հայտնի է Ֆիրդուսի թաղամաս անունով, հենց կենտրոնում է, ամենալավ տեղն է եւ ամենամեծ տարածքն է։ Սաֆարյանը երկար տարիներ պայքարում է, որ համարժեք փոխհատուցում ստանա, սակայն իշխանությունները, ինչպես Ռաֆայելն է ասում, բոլոր միջոցներով խոչընդոտում են։

Այս թաղամասը գերակա շահ ճանաչվել է 2006 թվականին, նախատեսված էր նոր թաղամաս կառուցել։ Սակայն ներդրումային ծրագիրը ձախողվեց։ Հետո 2018-ին ամբողջ տարածքը կրկին հանրային գերակա շահ է ճանաչվել։ Եվ կրկին, նախատեսվում է այստեղ բնակելի թաղամաս, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ նախ տարածքի բնակիչներից իշխանությունները պետք է «ազատվի»։ Ֆիրդուսի բնակիչներն ասում են՝ այսօրվա իշխանությունների գործելաոճը ոչնչով չի տարբերվում նախկիններից՝ կրկին չնչին փոխհատուցումներ են առաջարկում հանրապետության գլխավոր հրապարակին կից տարածքի համար։ Կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ն, ըստ բնակիչների, առաջարկել է 750 դոլար 1 քմ-ի դիմաց, մինչդեռ այդ տարածքում բնակելի համալիրում բնակարանի 1քմ-ի գինը սկսվում է 3000 դոլարից։

Տարածքի սեփականատերերից շատերը 750 դոլարով գործարքին համաձայնել են, պայմանագիր կնքել են։

«Հունվարի 13-ին տեղի ունեցածից շատերը վախեցան, ու նրանք, ովքեր կառուցապատողի գնին համաձայն չեն, պայմանագիր չեն կնքել, այսքան պայքարից հետո ստիպված գնալու են ու կնքեն, որ իմ վիճակում չհայտնվեն։ Իշխանության ուզածն էլ դա է»,-ասում է Ռաֆայել Սաֆարյանը։

Ռաֆայել Սաֆարյանը պայմանագիր չի կնքել, վիճելի հարցեր կան։ Կառուցապատողը հաշվի չի առնում Սաֆարյանին պատկանող ամբողջ տարածքը, ընդ որում՝ եղածն էլ գնահատում է շուկայականից շատ ցածր։

«815 քմ հողամասի վրա կառուցված է 450 քմ բնակելի տուն՝ պետական գրանցումով, 360քմ-ն ոչ օրինական է, որի համար գույքահարկ եմ վճարում երկար տարիներ, բոլոր փաստաթղթերն ունեմ։ 185քմ-ն էլ վիճելի է տարածք է՝ կառավարության, կադաստրի, քաղաքապետարանի հետ վեճերի մեջ եմ։ Քանի տարի է՝ ձգում են, որոշում չեն կայացնում։ Ասում եմ՝ եթե քաղաքին է պատկանում, թող փաստաթղթերն ու հիմքերը ցույց տան, ասեմ՝ բարով վայելեք։ Իսկ ես փաստաթուղթը ցույց եմ տալիս, որ 30 տարուց ավելի է՝ իմ տարածքն է։ Դատական հայց ենք ներկայացրել 185քմ-ի համար, իրենք անընդհատ դատին չեն ներկայանում։ Միտումնավոր են գործում, բայց ես բոլոր թղթերն ունեմ, ինչո՞ւ չեն օրինականացնում»,-ասում է Ռաֆայել Սաֆարյանը։ Իսկ թե ինչու չեն օրինականացնում, իրականում նրա համար պարզ է՝ որպեսզի փոխհատուցում չտան։

«Մենակ հողի արժեքն են տալիս, շենքը չեն հաշվում»,-ասում է Ռաֆայել Սաֆարյանը։ Նա վստահեցնում է՝ չի նահանջելու, անպայման դիմելու է ՄԻԵԴ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031