«Հարցը շատերին է հետաքրքրում։ Ո՞ւմ է պատկանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից տարածքը, որն արդեն հիշեցնում է հնագույն շրջանի պատմամշակութային վայր։ Ո՞ւմն է դա, ԿԳՄՍՆ-ն մտադի՞ր է այդ տարածքով հետաքրքրվել, վերականգնել այդտեղի լողավազանները։ Չարենցի փողոցում գտնվող տարածքի մասին է խոսքը»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Կարեն Գիլոյանը պատասխանեց, որ դա «Դինամո» մարզական ընկերության սեփականությունն է․ «Ընկերությունը ոստիկանությանն է։ «Դինամո» դահլիճը կողքին է։ Ջրացատկի լողավազան ու հրաձգության մարզադպրոց են եղել ժամանակին ու հիմա շատ վատ վիճակում են։ Պաշտպանության նախարարի հետ նախնական պայմանավորվածություն ունենք զրուցելու։ Ծրագրեր ունենք, առաջարկելու ենք, ՊՆ-ն էլ ունի ծրագրեր։ Մասնավորի հետ համատեղ լուծում պետք է գտնել, որպեսզի այդ երկու դպրոցներն էլ նորից գործեն։ Ներդրողներ պետք է գտնենք եւ ի շահ հայկական սպորտի ծառայեցնենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ