Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ դպրոցը 1986թ․-ին նորագույն դահլիճ ունեցավ, իսկ հիմա վերածվել է պահեստի»․ պատգամավորը՝ Կարեն Գիլոյանին

Հունվար 16,2023 16:54

«Դոպինգի կարիք լինում է, երբ մարզիկները լավ պատրաստված չեն լինում։ Իսկ լավ պատրաստվելու համար պետք են հիմքեր, որոնք դպրոցում՝ ֆիզկուլտուրայով զբաղվելով են դրվում։ Ցավոք, ՀՀ դպրոցների զգալի մասում ֆիզկուլտուրան մղվել է հետին պլան։ Մի տեղ պատճառաբանում են, որ ձմռանը դահլիճը հարմար չէ, որ ասֆալտի վրա հարմար չէ, որ ծնողները չեն թողնում աղջիկներին մասնակցել։ 1800-ականներ ենք վերադարձել։ Դուք ի՞նչ եք անում, որ վերադառնանք գոնե 1980-ականների մակարդակին, երբ դպրոցներում ֆիզկուլտուրան պարտադիր էր, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում ֆիզկուլտուրայի փոխարեն աշխարհագրություն պարապել»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Կարեն Գիլոյանը համաձայնեց, որ խնդիրը կա, եւ շատ դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների եւ մարզական գույքի լուրջ խնդիր ունեն․ «Բայց կառավարությունը հայտարարել է, որ նոր կառուցվող դպրոցներում ամեն ինչ նոր պետք է լինի, այդ թվում` մարզական գույքը։ Բացի այդ, ծրագրեր ենք անում եւ փորձում այդ առարկան ավելի գայթակղիչ դարձնել, ՕԳԳ-ն բարձրացնել։ Օրինակ, ձյունառատ համայնքներում ֆիզկուլտուրայի փոխարեն աշակերտները դահուկային սպորտով են զբաղվում։ Որոշ շրջաններում ժայռամագլցում են անում։ Դա այսօր օլիմպիական մարզաձեւ է, ոչ թե ուղղակի հաճույք»։

Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանն արձագանքեց՝ շատ լավ է, որ այդքան բան է արվում, բայց ավանդույթ ունեցող դպրոցներին չպետք է անտեսել․ «Վերջերս իմ դպրոցով հետաքրքրվեցի։ 1986թ․-ին այն ժամանակների համար նորագույն համարվող դահլիճ էր կառուցվել։ Ուզում էի իմանալ՝ գոնե այդ մակարդակի վրա պահպանվե՞լ է։ Պարզվեց, որ դահլիճը վերածվել է պահեստի, եւ երեխաներն ընդհանրապես չեն զբաղվում ֆիզկուտուրայով։ Ձեր կառույցի առաջնային խնդիրը պետք է լինի ֆիզկուլտուրայի վերականգնումը, որով բանակում խնդիրները քիչ կլինեն, առողջությունն էլ լավ վիճակում կպահպանվի»։

Կարեն Գիլոյանը պատասխանեց, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է․ «Առաջիկայում հրավիրում եմ ձեզ Արարատի մարզ, որի դահլիճը վերանորոգվել է։ Կհամոզվեք, որ սա ոչ թե ուղղակի ծրագիր է, այլ իրական գործընթաց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031