Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա անունը դնում են Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստեր, բայց երբ որ տեսնեք, թե ովքեր են մասնակցում այդ նիստերին, պարզ կդառնա». Ռուստամյան

Հունվար 16,2023 16:27

«Արցախն ունի իր իրավունքները պաշտպանելու 5 աղբյուր. մեկը Հայաստանն է, մյուսը ՌԴ-ն է՝ որպես կոնկրետ այդ տարածքում գործող, մյուսը միջազգային հանրությունն է, մյուսը համահայկական զորաշարժն է եւ հենց ինքը՝ Արցախը: Այսօր Արցախը իր խնդիրները վերցրել է իր վրա եւ միայնակ պայքարում է իր իրավունքների համար: Այս աննորմալ իրավիճակը չենք կարող թույլ տալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, համահայկական զորաշարժը կախված է մեզնից, բայց քայլ չենք կատարում. «Այո՛, ՌԴ-ն էլ ունի իր պատասխանատվությունը: Ադրբեջանի հիմար թեզերը, թե իբր էկոլոգիական խնդիր են լուծում, ոչ ոք դրան չի հավատում, առավել եւս, երբ Ալիեւն ասում է՝ միակողմանի բաց է ճանապարհը, ով ուզում է լքի, թող թողնեն գնան, միանշանակ խոսում է էթնիկ զտումների, ցեղասպանության ծրագրերի մասին: Սրանք պետք է կիրառենք Ադրբեջանի դեմ ու սա է, որ բավարար չափով չի իրականացնում Հայաստանը»:

Ռուստամյանը վստահեցրեց, որ այսօր Արցախի քաղաքական, մտավորական վերնախավը համախմբված է. «Համատեղ այս իրավիճակից ելքեր են փնտրում: Օրական մի քանի անգամ խորհրդակցություններ են տեղի ունենում, դրա անունը դնում են Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստեր, բայց երբ որ տեսնեք, թե ովքեր են մասնակցում այդ նիստերին, պարզ կդառնա, որ այսօր համընդհանուր քննարկումների, միասնական որոշումների ճանապարհով է Արցախը գնում, որը ողջունելի է: Այսօր չի կարելի ասել, թե հստակ բաժանում գոյություն ունի՝ նախագահ եւ մյուս պաշտոնյաներ: Բոլորը միասին ու համախոհությամբ են որոշում: Ուղիղ ժողովրդավարություն է իրականացվում այսօր Արցախում»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակմանը՝ Ռուստամյանն ասաց. «Նշանակվեց եւ Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, իր դերը կատարեց այս ընթացքում: Վարդանյանի նշանակման պատճառները շատ կարող են լինել, չեմ ուզում խորանալ դրա մեջ, չեմ ուզում ավելի ինտրիգային խնդիրներ առաջացնել: Եթե անգամ կան որոշակի տարաձայնություններ, դրանք պարտադիր պետք է հարթվեն՝ միասնական պայքարի տրամաբանությունը պահպանելով: Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի»:

Ռուստամյանը վստահեցնում է, որ այսօր SOS Արցախ շարժում պետք է ստեղծել ու եթե դա չանենք, ավելի կուշանա խնդրի լուծումը: Հարցին՝ եթե Հայաստանը Պրահայում ճանաչել է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է միանա այդ շարժմանը՝ Ռուստամյանը պատասխանեց. «Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր մոտեցումները… Անկախությունից հետո ես չեմ հիշում այսպիսի վիճակ, սա առաջին անգամ է, որ առաջացել է խզում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ: Այսպիսի ճոխություն մեզ իրավունք չունենք թույլ տալու: Պետք է նույն նպատակի շուրջ համախմբենք հայ ժողովրդին»:

Ռուստամյանի դիտարկմամբ՝ Փաշինյանն ասում է, թե չգիտեն՝ մինչեւ ուր պետք է զիջեն, Ալիեւը նրան ասում է՝ Արեւելյան Ադրբեջան, իսկ դա նշանակում է, որ Արցախի հարցն արդեն լուծել են, հիմա Սյունիքն են ուզում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031