Բաց նամակ Հայաստանում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ
Մենք, լինելով Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ և իրավապաշտպաններ, դիմում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերին (https://www.ohchr.org/en/special-procedures/sr-human-rights-defenders), Օրհուսի բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակում արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ կապված հանքարդյունաբերական բիզնեսի կողմից իրավապաշտպանների և բնապահպանների նկատմամբ իրականացվող ճնշումներին և պաշտպանել մեր մաքուր և առողջ շրջակա միջավայրում առողջ ապրելու իրավունքը։
Հանքարդյունաբերական բիզնեսը արշավ է սկսել մարդու «կանաչ» իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանների դեմ։ Որպես մանիպուլյացիա ակտիվորեն օգտագործվում է Արցախի «կյանքի» ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի պսևդոբնապահպանների թեման։ Դատական իշխանությունն, իր հերթին, հօգուտ բիզնեսի անընդունելի որոշումներ է կայացնում բնապահպանների նկատմամբ՝ անտեսելով ազգային օրենսդրությունը և վավերացված միջազգային կոնվենցիաները, որոնց համաձայն պետությունը կրում է միջազգային պարտավորություններ։ Մասնավորապես խախտվել են․
1) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը. «Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը», 2-րդ կետը. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»: Խոչընդոտվում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական պարտավորությունների կատարումը։
Կարդացեք նաև
2)ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը․ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
3) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը. «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը»։
4) «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չենթարկվեն որևէ ձևով պատժի, հետապնդման կամ հալածանքի։ Սույն դրույթը չի խաթարում ազգային դատարանների լիազորությունը՝ որոշումներ կայացնել դատական ողջամիտ ծախսերի հատուցման համար, որոնք կապված են դատավարությունների հետ»։
Նախկինում էլ հանքարդյունաբերական բիզնեսի առճակատումը բնապահպանների, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակիչների դեմ ակնհայտորեն է դրսևորվել: Բիզնեսը բազմիցս հայցեր է ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ավելին, դատարաններն անհիմն բավարարել են հանքարդյունաբերական բիզնեսի հայցերն ընդդեմ պետական մարմինների, որոնք օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ են կիրառել անպատասխանատու բիզնեսի նկատմամբ։ Դատական որոշումների հետևանքով անպատասխանատու բիզնեսն անպատիժ գործելու հնարավորություն է ստացել՝ վստահ լինելով, որ իր գործունեության հետևանքով ի հայտ եկած սոցիալական և բնապահպանական որևէ խնդիր չի ազդի իր շահերի վրա։
Մարդու իրավունքների խախտումներն ամրագրված են միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի, Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական ֆեդերացիայի և այլնի կողմից։ Այս կազմակերպությունների հաշվետվությունները դրված էին պետական մարմինների սեղանին, սակայն արձագանք չեղավ։ Այժմ հարձակումների թիրախ է դարձել բնապահպան և անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանը։
Թեհմինե Ենոքյանը բախվել է հանքարդյունաբերական բիզնեսին, որովհետև պաշտպանել է իր հարազատ Գնդեվազ գյուղի բնակիչների շահերը, երբ Գնդեվազը հայտնվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ազդեցության տակ: Նա մինչ օրս շարունակում է պաշտպանել արդեն խոշորացված Ջերմուկ համայնքի ողջ բնակչության շահերը՝ կոչ անելով պահպանել հայտնի Ջերմուկ առողջարանը, Որոտան և Արփա գետերի մաքուր ջրերը, խթանել այլընտրանքային՝ «կանաչ» զարգացումը, այսինքն այն ամենը, ինչի մասին միջազգային հարթակներում խոսում է ՀՀ կառավարությունը: Լինելով լրագրող և ակտիվ հասարակական գործիչ՝ Թեհմինե Ենոքյանն արձագանքում է ահազանգերին, երբ մարդիկ դիմում են իրեն՝ ներկայացնելով շրջակա միջավայրի և առողջության համար վտանգների հետ կապված իրենց խնդիրները:
Թեհմինե Ենոքյանի հրապարակած նյութերում և ֆիլմերում բացակայում են բռնության կոչերը, վիրավորական արտահայտությունները: Բազմաթիվ դատական գործերը, որոնք հարուցվել են Թեհմինե Ենոքյանի դեմ, այլ բնապահպանների և այն տեղացիների դեմ, ովքեր համաձայն չեն, որ իրենց համայնքում զարգանա հանքարդյունաբերական բիզնեսը, վկայում են այն մասին, որ Թեհմինե Ենոքյանին թիրախավորում են՝ փորձելով վախեցնել և լռեցնել նաև տեղի ակտիվ բնակիչներին և այլ բնապահպաններին:
2018 թվականից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ Թեհմինե Ենոքյանի հարուցված քաղաքացիական գործով ընկերությունը պահանջել է 1 300 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցում նրա՝ հանրահավաքի ժամանակ հրապարակային արված դատողական գնահատականների համար։
Առաջին ատյանի դատարանը Ընկերության հայցը բավարարել է մասնակի՝ ամբողջությամբ մերժելով վնասի հատուցման պահանջը:
2022 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը գրավոր ընթացակարգով գործը քննելով, առանց Թեհմինե Ենոքյանի նյութական վիճակը գնահատելու, պարտավորեցրեց Թեհմինե Ենոքյանին վճարել 1 224 000 ՀՀ դրամ ընկերությանը, ինչպես նաև պարտավորեցրել է հերքել արված հայտարարությունը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված Թեհմինե Ենոքյանի բողոքը վարույթ չի ընդունել:
2022 թվականի հունվարի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակեց իր թիվ 80 կարծիքը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի» գործով։
Ամփոփելով կատարված վերլուծությունը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոհիշյալ որոշումը Թեհմինե Ենոքյանի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անհամաչափ միջամտություն է։
Դրան հաջորդեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 6 000 000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջով հայցը, որը ներկայացվել է մի հրապարակման համար, որտեղ Թեհմինե Ենոքյանը չի հանդիսանում սկզբնաղբյուր։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 21,87 %-ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Այսինքն, ըստ էության, այս հայցը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության անունից։
Հայաստանի Հանրապետությունում, բնապահպանները և համայնքի բնակիչները, ովքեր պաշտպանում են իրենց մաքուր և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, մնացել են մենակ իրենց պայքարում և թիրախավորվում են հանքարդյունաբերական ընկերությունների կողմից։
ՀՀ կառավարությունը չի պաշտպանում այդ քաղաքացիների իրավունքներն ու դիրքորոշումները և մի կողմ է քաշվել այդ գործընթացներից՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված և ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատած որոշումներով երբեմն տպավորություն թողնելով, որ պաշտպանում է հենց հանքարդյունաբերողներին։
Վերոնշյալ դեպքերն ու հանգամանքները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է մարդու խոսքի ազատությունը, փորձ է արվում սահմանափակել կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, ճնշել և վախեցնել բնապահպաններին, որպեսզի բիզնեսների կողմից բնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները մնան աննկատ և անպատիժ։ Սպառնալիքներ են ստեղծում բնապահպանների ֆիզիկական և սոցիալական գործունեության համար, ստեղծում են սոցիալական լարվածություն հասարակության տարբեր խմբերի միջև, վտանգում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պաշտպանության գործընթացը, ինչն էական հետքայլ է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքներից և մարդու իրավունքների դավանումից:
Կոչ ենք անում ձեզ, ձեր լիազորությունների և ստանձնած առաքելության շրջանակներում գնահատական տալ ստեղծված իրավիճակին և գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում բնապահպանների և, մասնավորապես, Թեհմինե Ենոքյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
- «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական Հասարակական միություն» ՀԿ
- Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ
- «Դալմա֊Սոնա» կրթա֊մշակութային, սոցիալ֊բնապահպանական հիմնադրամ
- «Հայաստանի Անտառներ» բնապահպանական ՀԿ
- «Թրանսփերնեսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- «Սինեմարթ» ԵՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
- «Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Յանուս» իրավական ՀԿ
- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ
- Գորիսի Մամուլի ակումբ
- «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
- «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
- «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
- «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
- «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպություն
- «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Ինֆորմացիայի ազատության կենտրոն
- «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- «Բայազետ» կենտրոն ՀԿ
- «Հանրային վերահսկողություն» ՀԿ
- «Նոր հորիզոններ» ՀԿ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ