Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ, այո, լինելու է». Աբրահամ Գասպարյան

Հունվար 16,2023 16:00

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ, մենք մեր ամենամեծ սխալը գործել ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Արցախի՝ Հայաստանին վերամիավորման որոշումից հրաժարվելով եւ Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ տեղափոխելով, ինչը իր հերթին, ծնեց մի շարք բարդություններ: Այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնալով ներկայիս իրողություններին էլ, բանախոսն ասաց, որ իր գնահատմամբ, կարեւորագույն հարցը հետպատերազմյան շրջանում հայկական ռեսուրսների գույքագրումն է: Նա չի ընդունում համեմատականները, թե «1988-ին էլ ոչ մի բան չունեինք», այն պարզ պատճառով, որ այն ժամանակաշրջանի եւ ներկայիս աշխարհները բավական տարբեր են եւ միանգամայն այլ տրամաբանությամբ են առաջնորդվում: Ամենաէական բանը Աբրահամ Գասպարյանը մեզ համար համարում է այն, որ թշնամին ունի գաղափարական կենտրոնացվածություն, իսկ մենք՝ չունենք. «Հայությունն այսօր չունի որեւէ միասնական մոտեցում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի կամ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ որեւէ միասնական պատկերացում»:

Այն, որ իշխանությունն այսօր բացահայտ հայտարարում է, թե իբր ինչ-ինչ տարածքներ պատկանել են Ադրբեջանին, մենք այս ընթացքում օգտագործել ենք դրանք, իսկ հիմա պետք է վերադարձնենք, խոսում է «գաղափարական կոլապսի» մասին եւ փաստում, որ անցած 30 տարիների ընթացքում չենք կարողացել հայկական տարածքների լինելիության կամ պատկանելիության մասին սկզբունքներ ձեւավորել: Իր գնահատմամբ, գոյություն չունի առանձին Արցախի հարց. հայ-թուրքական խնդիրն այս տարածաշրջանում գոյություն ունի արդեն հազար տարի եւ հազար տարի անց մենք կանգնած ենք հայկական լինելիության խնդրի առջեւ:

Ստեղծված իրավիճակում, Արցախը հայկական պահելու առաջին նախապայմանը բանախոսը համարում է գաղափարական եւ ինստիտուցիոնալ համախմբումը: Ըստ այդմ, անդրադառնալով երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած ներքաղաքական վեճերին, բանախոսը վստահություն հայտնեց, որ Արցախում ավելի սթափ կկարողանան գնահատել «սեւ-սպիտակ» բաժանումները. «Արցախի պետական կառավարման համակարգը պիտի արդիականացվի եւ կառավարման նոր մոդելը, որը պիտի մտցվի, Արցախը պետք է դարձնի առավել մրցունակ եւ ավելի պաշտպանված՝ ամեն վայրկյան սպասվող ադրբեջանական հարձակումից: Պատերազմ, այո, լինելու է եւ լինելու է, որովհետեւ, մենք ուզենք, թե ոչ, պիտի մի փոքր մեր շրջահայացությունն ավելացնենք եւ տեսնենք, թե հարեւան երկրներն ի՞նչ են մտածում այս ամեն ինչի մասին, ի՞նչ կանխատեսումներ ունեն Հայաստանի եւ հայկական իրականության մասին: Բոլոր տարածաշրջանային եւ միջազգային ինդիկատորները ցույց են տալիս, որ հայկական խաչմերուկը՝ Սյունիքը, դառնալու է շատ լուրջ բանակցությունների եւ պատերազմի առարկա: Ուզո՞ւմ եք հասկանալ՝ Արցախում պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, փորձեք հասկանալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների եւ իրանական միջամտության վերջին արդյունքները՝ Անկարա-Դամասկոս հարաբերությունների բարելավման առումով»:

Այս համատեքստում անդրադառնալով այն իրողություններին, որ ՀՀ-ն գործոն եւ սուբյեկտ չէ այլեւս ու ՀՀ իշխանության հայտարարություններին՝ 29.8 հազար կիլոմետր քառակուսին կարողանանք պահել, Աբրահամ Գասպարյանն ասաց. «Դու 29.8-ը չես կարողանալու պահես, որովհետեւ պատերազմ սկսելու համար երկու բան է անհրաժեշտ՝ ռեսուրս եւ այդ ռեսուրսը մոբիլիզացնելու համար՝ հրաման տվող, այդ հրամանի համար պատասխանատվությունը ստանձնող մարդ»:

Հիշեցնելով Իսրայելի ստեղծման պատմությունը եւ դրան աշխարհի վերաբերմունքը, բանախոսը խնդիրը համարում է հետեւյալը՝ մենք ուզո՞ւմ ենք հայկական պետություն, թե՞ ուզում ենք լավ ապրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031