Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները». Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը

Հունվար 16,2023 16:04

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031