Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկնարկ» ծրագրի երեխաները 2022 թ.-ին երաժշտական միջազգային մրցույթներում 1-ին և 2-րդ մրցանակների են արժանացել

Հունվար 16,2023 15:40

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտկատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

2022 թվականի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և  6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:
Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական  մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

Հաշվետու ժամանակահատվածում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են 18 առկա և առցանց երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Մասնավորապես.

  • Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթ (Շվեյցարիա)
  • «London classical» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
  • «Euro-Elite» միջազգային մրցույթ (Բելգիա)
  • «Classicalia Global television» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Էլեվատո Ստանցա» միջազգային մրցույթ (Լեհաստան)
  • «Montfort» ջութակահարների միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Imka» ջութակահարների միջազգային մրցույթ (Խորվաթիա)
  • «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթ (Ֆրանսիա)
  • AGBU միջազգային մրցույթ լարային գործիքների համար (Հայաստան/Ֆրանսիա)
  • «Amigdala» միջազգային երաժշտական մրցույթ (Իտալիա)
  • Լևոն Չաուշյանի անվան I-ին երաժշտական մրցույթ (Հայաստան)
  • Տոկիո դաշնակահարների միջազգային մրցույթ (Ճապոնիա)
  • «Amadeus» երաժշտական միջազգային մրցույթ (Գերմանիա)
  • «BTHVN Wien» երաժշտական միջազգային մրցույթ (Ավստրիա)
  • «Մարդուկ-ջարդուկ» հեռուստատեսային միջազգային մրցույթ (ՌԴ)
  • «VII Future Stars» միջազգային դաշնամուրային մրցույթ (ԱՄՆ)
  • «Medici» միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
  • «Talents of Europe» միջազգային մրցույթ-փառատոն (Ֆրանսիա)

Ծրագրի անդամները համերգներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև ելույթ են ունեցել Թունիսում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգին։ Ծրագրի անդամները Բուլղարիայում ելույթ են ունեցել Սոֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մենահամերգներով հանդես են եկել Ավստրիայում և Գերմանիայում,  ելույթ  են ունեցել Մեծ Բրիտանիայի Վեստմինստեր քառյակի հետ, մի քանի ելույթներով մասնակցել են ՌԴ-ում Բաշմետի անվան երաժշտական փառատոնին։ Ծրագրի անդամները ելույթ են ունեցել Լիբանանում կայացած «MUSICALES de BAABDATH»  միջազգային երաժշտական փառատոնին՝ Լիբանանի նվագախմբի նվագակցությամբ։Ծրագրի բոլոր անդամները մասնակցել են ՀՀ մարզերում ու Երևանում կազմակերպված բազմաթիվ համերգների, հանդես են եկել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական ծրագրի շրջանակում։ Եվս մի քանի անդամներ մասնակցել են Մոսկվայում կայացած «We gather friends» XVI-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում ելույթներ են ունեցել ռուսական պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

 Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի լավագույն մասնագետներից՝ Նաթալիա Տրուլ (ՌԴ), Կոտարո Ֆուկումա (Ճապոնիա), Հենրի Զիքրիթսոն  (Ֆինլանդիա), Պասկալ Ռոժե (Ֆրանսիա), Պասկալ Գոդար (Շվեյցարիա), Յան Ֆոնթեյն (Մեծ Բրիտանիա), Քեվին Քենոր (ԱՄՆ), Պաոլո Բալիերի (Իտալիա), Թամաշ Ունգար (ԱՄՆ), Դենիս Սեվերին (Հոլանդիա), Փնգ Թին Խուա (Սինգապուր/Մալայզիա) և այլք։ 

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը 2022 թ. ընթացքում «Մեկնարկ. վարպետության դասեր» նպատակային ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպել է  14  վարպետության դաս՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով, որոնք վարել են Հայաստանի 12 և արտերկրի 2 առաջատար մասնագետներ։

Ծրագրի արտասահմանյան մասնագետներն են UCSI համալսարանի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Փնգ Թին Խուանը (Սինգապուր) և ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Տրուլլը (ՌԴ): Ծրագրի հայաստանյան մասնագետներն են ՀՀ ժողովրդական արտիստ, ջութակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, ջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Օհանյանը, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իրինա Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, ԵՊԿ պրոֆեսոր Արամ Թալալյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Մանասյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, Գերմանիայի Էսենի կոնսերվատորիայի պրոֆեսոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Աննա Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Դավիթ Մելքոնյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 180 պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից, կայացել է 15 համերգ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի կատարումը ստեղծում է համապատասխան հարթակներ, որը հնարավորություն է ընձեռում ապահովել ուսուցման նոր մեթոդիկայի, կատարելագործման և ունակությունների զարգացման հատուկ պլան: Այս ամենի շնորհիվ շահառուները հնարավորություն են ստանում առավել նպաստավոր պայմաններում զարգացնել մասնագիտական կարողություններն ու տաղանդը, ձեռք բերել բեմական փորձ, միջազգային շփումներ, մասնակցել վարպետության դասերի աշխարհի լավագույն մանկավարժների և երաժիշտների մոտ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031