Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափը կարող է համարվել պետական գաղտնիք»․ Արծվիկ Մինասյան

Հունվար 16,2023 15:44

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ օրենքն այսուհետեւ կկրի «Պետական գաղտնիքի մասին» անվանումը, եւ «գաղտնի» դրոշմակիր ունեցող տեղեկությունները կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարեւորության», «հույժ գաղտնի» եւ «գաղտնի» դրոշմակրեր։ Այս մասին այսօր ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ըստ փաթեթի՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարեւորության» եւ «հույժ գաղտնի» դրոշմակրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք այլ երկրներ այցելելու դեպքում պարտավոր են լինելու ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով։ «Նաեւ խստացվում է պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Վարչական պատասխանատվություն է սահմանվում «գաղտնի» դրոշմակիր ունեցող տեղեկությունները հրապարակելու համար»,-նշեց ԱԱԾ փոխտնօրենը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց գնահատականն այս նախագծի առնչությամբ շատ կոշտ է․ «Ձեզ հայտնի է, որ սահմանադրությունը որպես որոշ իրավունքների սահմանափակման հիմք օգտագործում է «պետական անվտանգություն» եզրույթը։ Այս նախագծում այդ բառը չկա, կա «ազգային անվտանգություն»-ը։ Կարո՞ղ եք հստակ ասել այդ երկու հասկացությունների տարբերությունը կամ նույնականացումը»։

Տիգրան Հարությունյանը պատասխանեց, որ եթե անհարթություններ կան, մինչեւ հունվարի վերջ կքննարկեն նախագծի երկրորդ ընթերցմանն ընդառաջ։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ սահմանումների հետ կապված ոչ բարեհունչ ձեւակերպումներ կան, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, ուստի պայմանավորել են, որ աշխատանքային քննարկում են կազմակերպելու։

Արծվիկ Մինասյանը Վարդանյանին ասաց, որ «պետական գաղտնիք» հասկացությունն ընդլայնվել է եւ անորոշ դարձել, իսկ համակարգի պատասխանատու անձինք այս ամենի պատճառով բարդությունների են հանդիպելու։ Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց՝ ասելով, որ օրենքը տարիների ընթացքում բարելավվել է։

Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նախագիծը չի բավարարում այն սահմանադրական պահանջին, որ իրավունքի սահմանափակումը պետք է հիմնավորված լինի պետական անվտանգության տեսանկյունից․ «Չկա հիմնավորում։ Անձի մասին տեղեկատվությունը՝ ռազմականից մինչեւ քաղաքացիական կյանք, ի՞նչ հիմնավորումներով է ճանաչվում պետական գաղտնիք։ Կարող է լինել իրավիճակ, որ պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափը կարող է համարվել պետական գաղտնիք։ Նման անորոշ պայմաններում հնարավոր չի պատկերացնել, թե որոնք են այն տեղեկությունները, որոնք մինչեւ խորքը կարող են գնահատվել որպես պետական գաղտնիք։ Նախագծում չկա նաեւ որեւէ չափորոշիչ։ Արդյունքում ստացվում է, որ ցանկացած մեկն ԱԱԾ-ին կարող է առաջարկել ցանկացած անձնական շրջապատի մասին տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք»։

Մյուս կողմից, ըստ Արծվիկ Մինասյանի, վտանգավոր հանգամանք կա․ «Պատգամավորը, որն առաջնային մանդատով օժտված անձ է, երկրի ղեկավար է ընտրում՝ վարչապետ կամ նախագահ։ Այդ անձանց օրենքով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, իսկ պատգամավորին ասում են՝ պետք է ստուգենք դու շիզոֆրենի՞կ ես, թե՞ ոչ։ Բա այդ անձինք ստուգվո՞ւմ են։ Ի դեպ, շատ պատգամավորների մասով ես վերապահումներ ունեմ եւ այդ մասին բարձրաձայնել եմ։ Պաշտոնապես դիմել էի ԱԱԾ-ին ու ստացել եմ պատասխան, որ որեւէ մեկի պետական գաղտնիքի թույլտվությունը դադարեցված չի եղել, բայց անընդհատ մերժումներ ենք ստացել ԱԱԾ-ից՝ այս կամ այն տեղեկատվությանը տիրապետելու համար։ Նրանք, ովքեր իրապես վտանգ են ներկայացնում՝ լինի պատգամավոր, թե վարչապետ, օր առաջ պետք է ազատվեն պաշտոններից եւ ենթարկվեն պատասխանատվության»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031