«Սկզբից հրմշտոց էր, հետո հանդարտվեց, երբ պարոն Փաշինյանը խոսեց։ Ես ճիշտ գտա գտնվել իրեն հնարավորինս մոտ։ Երբ հասա իրեն, ասաց՝ ես պետք է գնամ իմ աշխատավայրը։ Հետո սկսեց բարձրանալ փշալարի վրա, հետ հրեցին, ձեռքը պատռվեց, այդ ժամանակ իրարանցում սկսվեց, սաղավարտից բռնվեց։ Դրանցից մեկը հայտնվեց փշալարերի վրա, առաջին տրաքոցը բավականին հեռու էր՝ դեպի աջ։ Հասկացա, որ սկսել են հատուկ միջոցներ կիրառել»,- դատարանի դահլիճում իր հարցաքննության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում 2018-ին Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով դատական նիստի ընթացքում իր հարցաքննության ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ինքն այդ օրը տեսել է Լևոն Երանոսյանին։ Նշեց՝ «այս կողմ, այն կողմ էր գնում, նա ոստիկանական պատնեշի հետևում էր, մանրամասն չեմ կարող ասել՝ ինչով էր զբաղված»։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ ԱԺ այդ ժամանակվա պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է գնալ իր աշխատավայրը, և դրանից հետո սկսվեց հրմշտոցը․ փշալարերն ու ոստիկանական պատնեշն էին խանգարում։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքն, ամենայն հավանականությամբ, երկրորդ կամ երրորդ պայթյունից է ստացել վնասվածք։
Կարդացեք նաև
Լևոն Երանոսյանի պաշտպանը հարցրեց՝ մինչև պայթյունի ձայները լսելը ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու վերաբերյալ հայտարարություններ եղե՞լ են։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ես չեմ լսել։ Նա պնդեց, թե արգելապատնեշն էլ ձևական բնույթ էր կրում, քանի որ դրա հետևում ոստիկանական մեծ զորքեր էին կուտակվել․ «Փորձում էին ցույց տալ, որ մեղմ ձևով են վերաբերվում։ Այդ ժամանակվա իշխանությունն այնպիսի գործելաոճ էր որդեգրել, որ հատուկ չհրահրի որևէ գործողություն, բայց միևնույն ժամանակ՝ իր անվտանգությունն ապահովի»։
Ալեն Սիմոնյանը պատմեց, որ այդ ընթացքում տեսել է, թե ինչպես են ոստիկանները քաշքշում այն ժամանակ պատգամավոր Լենա Նազարյանին։ Նա նշեց․ «Սպիտակ «Նիվայի» մոտ էր։ Այդտեղ ոստիկաններից մեկը Լենա Նազարյանին էր քաշում։ Ես ասում էի՝ ի՞նչ ես անում․ ինքը պատգամավոր է, դու դրա իրավունքը չունես»։
Լևոն Երանոսյանի պաշտպանը հետաքրքրվեց՝ մինչև ձեր ասած պայթյունն ու փշալարի վրայով անցնելու փորձը, բռնության գործադրման դեպքերի ականատես եղե՞լ եք։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հեղափոխությունը ոչ բռնի և թավշյա էր։ Յուրաքանչյուրը ոչ բռնի գործողություն իրականացնող սադրիչ էր համարվում։ Ցուցարարների կողմից որևէ նման քայլ չէր կարող լինել»։
Պաշտպանը հակադարձեց՝ իմ հարցը հեղափոխության բնույթի մասին չէ, այլ կոնկրետ դրվագի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այդ հավաքի ընթացքում ոչ մի նման բան ինձ հայտնի չէ։ Նման դեպքերը միայն կարող էին լինել սադրիչների կողմից»։
Նա նաև ասաց, թե այդ օրը այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոստիկաններն իրենց եղբայրներն են։
Լևոն Երանոսյանի պաշտպանն ասաց՝ բազմաթիվ տեսանյութերի հետազոտությամբ արձանագրվել են ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու բազմաթիվ դրվագներ մինչև փշալարերն անցնելու դրվագն ու պայթյունները։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ դրանք եղել են սադրիչներ։
Պաշտպանը նաև հարցրեց՝ քաղաքացիների մուտքն ինչպե՞ս է կազմակերպվում ԱԺ։ Առարկություն հնչեց՝ ԱԺ նախագահը ո՞նց կարող է իմանալ «պրոպուսկը ոնց են գրում»։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ ԱԺ շենք միաժամանակ մի քանի հազար անձ կարող է մուտք գործել։
Լևոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել Ալեն Սիմոնյանի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները՝ դատարանում քիչ առաջ տրված ցուցմունքի հետ էական հակասություն լինելու պատճառով։
Միջնորդությունը բավարարվեց։ Ալեն Սիմոնյանը մասնավորապես այսպիսի նախաքննական ցուցմունք էր տվել․ «Ապրիլի 16-ի մասնակցել եմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած երթին։ Երթը հասավ ՍԴ մոտ, ոստիկանական ուժերը արգելապատնեշ էին կազմել և խոչընդոտում էին խաղաղ ցուցարարներին առաջանալ։ Մեզ ու մյուս ցուցարարներին հաջողվեց անցնել, սակայն պարզվեց, որ Բաղրամյանի վրա մայթից մայթ փշալարերի արգելապատնեշ էր բացվել։ Ես և Ավինյանը Փաշինյանի հետնամասում էինք, երբ նա փորձեց անցնել փշալարի վրայով։ Հետևեցինք նրա օրինակին և սկսեցինք անցնել։ Ոստիկանական ծառայողներն ամեն կերպ խոչընդոտում էին մեզ։ Ինձ հաջողվել է զերծ մնալ հարվածներից։ 5-6 րոպե փորձում էինք անցնել, չէր հաջողվում։ Հանկարծակի ինձնից ձախ պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով ես վնասվածքներ ստացա ձախ ոտքիս մասում։ Ինձ թվաց, որ պայթյունն ինձնից մեկ մետր հեռավորության վրա է։ Գրեթե կորցրի գիտակցությունս։ Հիշում եմ՝ կիսացատկելով հետ վազեցի՝ հասնելով «Նիվային» կորցրի գիտակցությունս։ Ինձ ցուցարարներից մի քանիսը տարան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շտապօգնության մեքենաներ կային։ Այն պայթյունը, որը նկարագրեցի, առաջինն էր եղել»։
Նախագահող դատավորն ասաց՝ ցուցմունքում նշված էր Նիկոլ Փաշինյանին հետևելու հանգամանքը, մինչդեռ դատարանի դահլիճում այդ մասին Ալեն Սիմոնյանը չասաց, ինչպես նաև դատարանում հայտնեց, որ երկրորդ կամ երրորդ պայթյունից է տուժել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասում է՝ առաջինից։ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց․ «Ամենայն հավանականությամբ՝ հետագայում տեսանյութերը դիտելիս նկատել եմ, որ միգուցե մինչև այդ էլ է եղել պայթյուն։ Ժամանակի հարց է․ արդեն երեք տարի է անցել։ Նաև Ավինյանի մասով շատ բան հիմա չեմ հիշում։ Հիշում եմ, որ Ավինյանին տեսա, տպավորված էր, որ պառկած է, և արյուն կա։ Մնացածը հիմնված է այն տեսանյութերի վրա, որը պայթյունից հետո տեսել եմ»։
Ալեն Սիմոնյանի հարցաքննության ավարտով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ ժամը 15․00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ