Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյանը վերլուծում է. «Կարեւորագույն հարցերի հետ կապված՝ Արցախի եւ հայաստանյան իշխանություններն ունեն հակասություններ»

Հունվար 16,2023 14:54

Ի՞նչ հակասություններ կան Արցախի ու Հայաստանի քաղաքական ղեկավարության միջեւ. այսօր ԱԺ-ում այս հարցին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այսպես մեկնաբանեց իրավիճակը. «Վերջին հայտարարությունները չեն եղել միայն Արցախի պետնախարարի կողմից, Արցախի քաղաքական ուժերը նաեւ համատեղ հայտարարություն են տարածել: Եղել է Արցախի անվտանգության խորհրդի նիստ, որին խորհրդի անդամներից բացի՝ մասնակցել են նաեւ քաղաքական ուժերի լիդերները և, ըստ էության, Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, արցախյան շարժման, Արցախի ազատագրական պայքարի եղած մոտեցումներին: Եվ Արցախն ունի այս փուլում իրավիճակի հանգուցալուծման եւ առհասարակ գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից: Ակնհայտ է, որ կարեւորագույն հարցերի հետ կապված՝ Արցախի եւ հայաստանյան իշխանություններն ունեն հակասություններ»:

Սա չի նշանակում, որ սոցիալական, տնտեսական հարցերում եւս հարաբերությունները խզված են, բնականաբար, կա համագործակցություն այդ մակարդակներում: Արցախի ու Հայաստանի ղեկավարության տարաձայնությունների մասին լուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հերքեց: Տիգրան Աբրահամյանը տարաձայնությունները ցույց տալու համար մատնանշում է վերջին 1 տարվա իրադարձությունները. «2022-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին: Դա ուղղորդվեց իր թիմակիցների՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այնպիսի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Արցախի՝ Ադրբեջանի կազմում հնարավոր ապագայի հետ: Իշխանության ներկայացուցիչները բաց տեքստով խոսում էին այն մասին, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ապագա ունենալ: Խոսում էին, որ այս պահին ՀՀ-ն պաշտպանելու համար Արցախը պետք է թողնել բախտի քմահաճույքին եւ հենց այդ ժամանակ էր, որ առավել ընդգծվեցին Հայաստանի եւ Արցախի իշխանությունների՝ բավականին ծայրահեղ հակասությունները: Այն ժամանակ դա արտահայտվեց խորհրդարանի 5 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությամբ, որով անհամաձայնություն էին հայտնում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին: Դրանից հետո եղան մի քանի այլ դրսեւորումներ՝ ե՛ւ հանրահավաքների, ե՛ւ հարցազրույցների, ե՛ւ պաշտոնական հայտարարությունների ձեւով: Վերջինը Նիկոլ Փաշինյանի ասուլիսն էր, որտեղ նա ոչ միայն բացահայտ ասում էր իր մոտեցումները Արցախի հարցով, նաեւ նշում էր,որ դրանք ներդաշնակ են, կամ համաձայնեցված են Արցախի իշխանությունների հետ: Դրան հետեւեց Արցախի ԱԽ նիստի հայտարարությունը, պետնախարարի հայտարարությունը, որտեղ ակնհայտ ի ցույց դրվեցին Հայաստանի մոտեցումների հետ ներդաշնակ չլինելը»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Արցախը, առանց Հայաստանի քաղաքական սատարման, չի կարող իր առջեւ դրված խնդիրները լուծել ու հայկական կողմի հայտարարությունները նպատակ են հետապնդում Հայաստանը դուրս թողնել Արցախի հետ կապված ցանկացած գործընթացից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031