Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվել նոր պատերազմի եւ հաղթանակի». Արցախն ու Հայաստանը հայկական պահելու հինգ քայլ՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանից

Հունվար 16,2023 14:28

«Մեր հասարակությունում, հատկապես քաղաքական շրջանակներում, անկեղծության մեծ պակաս կա»,- այսօր «Ոսկանապատ» կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, արվում են ժողովրդահաճո, արտաքին գործընկերներին հաճոյանալու համար հայտարարություններ, բայց քաղաքական վերնախավն իրականում վախենում է ժողովրդին ասել բաներ, որոնք ակնհայտ են: Ուստի ինքը գտնում է, որ գոնե քաղաքագիտական, վերլուծական շրջանակները կաշկանդված չլինեն եւ հստակ ասեն ժողովրդին, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկը «նոր պատերազմին պատրաստվելն է»:

«Հանրության մեջ շատ կան մտահոգություններ, որ երկիրը կանգնած է պատերազմի վտանգի առջեւ, նոր բախումներ կարող են լինել եւ այլն, բայց որեւէ մեկը հստակ չի ասում ժողովրդին, որ այդ պատերազմն իրականում անհրաժեշտ է հենց մեզ: Որպես ժողովուրդ, որպես երկիր, որպես պետություն, դա մեզ համար անհրաժեշտ պատերազմ է. ոչ թե պատերազմ, որ պահպանենք եղածը, այլ պատերազմ, որ կարողանանք կորսվածը վերականգնել: Թող մեզ կոչեն ռեւանշիստ, թող ինչ ուզում է՝ կոչեն, բայց փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով, ներկայիս կարողություններով, Հայաստանը եւ Արցախը կենսունակ չեն, մրցունակ չեն տարածաշրջանում եւ չեն կարող լուծել մեր ժողովրդի անվտանգության խնդիրները, ամենապարզ հարցերը: Եվ որպեսզի մենք կարողանանք նորից սպասարկել ինքներս մեր շահը, լինել գործընկեր տարածաշրջանում այլ պետությունների հետ եւ մրցակցային լինել նաեւ թշնամիների հետ, մեզ պետք է պատերազմ եւ հաղթանակ: Եվ մեր ժողովրդին պետք է դրան նախապատրաստել, ոչ թե ասել, որ վատագույն դեպքում՝ դիմակայել թշնամու ագրեսիային, որը, ի դեպ, որպես այդպիսին, կարող է եւ չլինել, որովհետեւ թշնամին կարողանում է խնդիրներ լուծել նաեւ առանց ագրեսիայի: Բայց մենք՝ մեր ժողովրդին պետք է շատ հստակ ասենք՝ եթե ուզում ենք հայկական Արցախ եւ հայկական Հայաստանի հանրապետություն, մենք ինքներս պետք է պատրաստվենք այդ պատերազմին եւ պետք է գնանք կորսվածը վերականգնելու ճանապարհով»,- ասաց նա:

Արցախը հայկական պահելու համար, քաղաքական վերլուծաբանի կարծիքով, երկրորդ քայլն էլ հատվածական լուծումներից հրաժարվելն է:

«Մենք այսօր ունենք ԱՀ Քաշաթաղի շրջանով անցնող, այսպես կոչված, Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանք: Ես, ավելի քան համոզված եմ, որ մոտ ապագայում այդ ճանապարհը բացվելու է, բայց հարց է առաջանում, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է բացվելու եւ եթե այդ ինչպեսի եւ ինչուի միջեւ մենք տեսնենք որեւէ պարտվողականության տարրեր, ուրեմն, ավելի լավ է ճանապարհը փակ մնա, ապրենք այս դժվարին կացության մեջ, բայց որեւէ նոր զիջումներ թշնամուն չանենք»,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ հավելելով, որ զիջողականության ցանկացած տարր պարտվողականություն է, ինչի հետեւանքը լինելու է ողբերգական: Նրա գնահատմամբ,մ եթե Արցախում բնակվող մարդիկ զգացին, որ ճանապարհը բացվել է իրենց պայքարի արդյունքում, ոչ թե ինչ-ինչ զիջումների, կշարունակեն բնակվել Արցախում, իսկ հակառակ պարագայում՝ նշանակում է արտագաղթ Արցախից: Տեսնելով զիջումների արդյունավետությունը, ըստ բանախոսի, թշնամին պարբերաբար է դիմելու տարբեր ճնշումների եւ ամեն անգամ ավելի մեծ արտագաղթի ալիք ենք ունենալու:

Երրորդ կարեւոր հանգամանքն, ըստ բանախոսի՝ պատասխանատվության ստանձնումն է պետության, սերունդների, ժողովրդի առջեւ. «Քաղաքական իրավիճակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ պատասխանատվությունը ստանձնող չկա. կա պայքար՝ արտաքին հովանավորների աչքին լավ երեւալու համար, կա պայքար՝ միմյանց դեմ միավորներ հավաքելու համար, կա նաեւ պայքար՝ խնդիրները լուծելու համար, բայց իրական պատասխանատվությունը ստանձնելու՝ թեկուզ վատ արդյունքի, թեկուզ իմ նշած պատերազմում ժողովրդին առաջնորդելու համար, չկա: Կամ կա, բայց դեռեւս լավ չի արտահայտվում»:

Արցախն ու Հայաստանը հայկական պահելու այս տեսլականների մեջ, բանախոսը ցանկանում է, որ յուրաքանչյուրի գործունեության մեջ հստակ արձանագրենք պատասխանատվության անհրաժեշտությունն ու զգացողությունը:

«Մեր ժողովրդին չենք կարող խաբել եւ ասել՝ մեր անվտանգության պատասխանատուները ռուս խաղաղապահներն են: Ռուս խաղաղապահներն ունեն իրենց պատասխանատվությունը, բայց արդյոք նրանք գլխավոր պատասխանատուներն են: Իհարկե՝ ոչ: Պետք է ամեն մարդ, ամեն հայ, ամեն փորձագետ, առավել ևս ամեն քաղաքական գործիչ, իր անձնական պատասխանատվությունը զգա եւ գործի այդ պատասխանատվության շրջանակներում»,- ասաց բանախոսը:

Չորրորդ կարեւոր կետն էլ նա համարում է միասնական օրակարգերի եւ միասնական նպատակների ձեւավորումը: Այս խնդրի ամենավառ եւ վատագույն օրինակը Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է շրջափակված Արցախում երկու օր առաջ տեղի ունեցած զարգացումները, երբ քաղաքական վերնախավերը զբաղված են արտահերթ ընտրություններ կազմակերպելու, պաշտոններ զբաղեցնելու հարցերով.նոր պաշտոնի է նշանակվում մարդ, որը երեք օր առաջ Արցախում ԱԽ քարտուղար էր նշանակվել:

Հինգերորդ խնդիրը, վերլուծաբանի կարծիքով, ռեսուրսների կենտրոնացման անհրաժեշտությունն է, որովհետեւ առկա բոլոր ռեսուրսները ծառայում են «դավաճանական խմբակին, որը զբաղված է երկիրը թշնամուն նվիրելով»: Թե բանակի ներուժը, թե տնտեսությունը, թե դիվանագիտական հնարավորությունները, ըստ նրա, պետք է նորից հայտնվեն ժողովրդի շահերը սպասարկողների ձեռքում, որպեսզի կարողանանք ողնաշարն ուղղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հրանտ Մելիք–Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031