Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի քննադատությունը չենք հասկանում. Ֆրանսիայի ԱԺ նախագահ. «Արմենպրես»

Հունվար 16,2023 14:17

Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը,  ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝  Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր:

 Տիկին Յաել ԲրաունՊիվե, ինչպես հայտնել էիք Ձեր թվիթերյան գրառմամբ՝ Հայաստան եք եկել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով: Գիտեք՝ հիմա դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար. Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում լուրջ հումանիտար խնդիրներ են ծառացել: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ֆրանսիան՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ֆրանսիայի հասցեին հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատություններին:

-Ես այստեղ եմ եկել խորհրդարանական պատվիրակությամբ, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերին մեր ընդունած բանաձևից հետո վերահաստատենք մեր համերաշխությունն ու եղբայրությունը Հայաստանին  և Հայաստանի ժողովրդին: Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում երկու անգամ նախաձեռնել է Հայաստանի այս իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկում: Անցյալ տարվա հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Պրահայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշակի համաձայնություն է  ստացվել: Այսինքն՝ Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս  տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը: Կարծում եմ, որ Եվրամիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն:

-Ֆրանսիայի Ազգային ժողովը նախորդ տարեվերջին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ընդունված բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս պարագայում ի՞նչ ուժ ունի ընդունված բանաձևը: Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարելի է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից՝ ստիպելու Ադրբեջանին, օրինակ, դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլն: 

-Իսկապես Ազգային ժողովի դիրքորոշումն անկախ դիրքորոշում է: Այն ներկայացնում է պատգամավորների դիրքորոշումը: Եվ նույնիսկ, եթե այն միաձայն է ընդունվել, այնուամենայնիվ կառավարության համար պարտավորեցնող չէ: Եվ կառավարությունը կարող է իր պատկերացումներն ունենալ ու ամբողջությամբ չկիսել այն ամենը, ինչ ասվել է բանաձևում: Բնականաբար, մեր և կառավարության նպատակները նույնն են, եթե նույնիսկ եղանակները տարբեր լինեն: Մենք նախևառաջ շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ, որպեսզի հասնենք համատեղ համաձայնության, բայց նպատակները մեկն են, այն է՝ տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման այն միջոցներով, որ մենք ունենք մեր տրամադրության տակ և հաշվի առնելով այն տեղն ու դերը, որ մենք ունենք: Բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան գործում է շատ տարբեր հարթակներում՝ լինեն երկկողմ հարաբերությունները, բազմակողմ հարաբերությունները եվրոպական հարթակներում: Եվ նպատակն է միջազգային համայնքին, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ այս հարցի խաղաղ կարգավորման: Եվ այդ կարգավորումը, բնականաբար, պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պահպանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:

-Խոսենք նաև հայ-ֆրանսիական հարաբերություններից: Ըստ Ձեզ՝ երկու երկրները ո՞ր ոլորտներում են առավել հաջող համագործակցում և ո՞ր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, խորացնելու ներուժ կա:

-Համագործակցությունները բազմազան են, այդ պատճառով դժվար է դրանք դասակարգել ու որոշակի հիերարխիա  սահմանել: Մի  կողմից կա տնտեսական համագործակցությունը, որին լուրջ խթան տրվեց մասնավորապես 2022 թվականի մարտին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագիրը կրող մեծ տնտեսական ֆորումի ժամանակ: Ի դեպ, Զարգացման ֆրանսիական գործակալությունը շուտով գրասենյակ կունենա նաև Հայաստանում: Շատ լուրջ համագործակցություն կա նաև կրթական ոլորտում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի զարգացմանն է խթան տրվում այդ ոլորտում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ մեր կապերը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացումը: Համագործակցություն կա առողջապահական ոլորտում: Վաղը (14.01.2023) մենք հանդիպելու ենք մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ ՀԿ-ների, որոնք գործում են նաև մարդասիրական ոլորտում, օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, տուժածներին: Եվ մեզ համար կարևոր է նաև խորապես տեղեկանալ այս իրավիճակին: Եվ վերջապես ՀՀ ազգային ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Կարծում եմ՝ կարևոր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ևս կարողանա ամբողջապես գործի դրվել և արդյունք տալ:

-Տիկին Բրաուն-Պիվե, կցանկանա՞ք որևէ բան հավելել:

-Շատ ուրախ էի բացահայտելու ձեր երկիրը: Ցավում եմ, որ ավելի երկար չեմ կարողանա մնալ: Հուսով եմ, որ կրկին առիթներ կունենամ այստեղ գալու և որ հաջորդ անգամ իմ այցի ժամանակ արդեն խաղաղություն հաստատված կլինի բոլորի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031