«Քաոսային իրավիճակ է, իսկ նման իրավիճակում ցանկացած սխալ քայլ կարող է լինել, ամեն բան հնարավոր է։ Եվ այն իշխանությունը, որը պետք է գարանտ կանգներ Արցախի կողքին, այժմ չկա։ Ու մեր ներկայիս խնդիրը ոչ թե Արցախի կարգավիճակն է, կամ թե երբ կբացվի Բերձորի միջանցքը՝ 35, 40 օր անց, թեեւ իրականում ամեն օրն էլ սարսափելի է, այլ ուրիշ բան է․․․Մեր խնդիրն այն է, որ մենք ունենք կենտրոն, որտեղից Ալիեւն իր գործն անում է։ Դա ՀՀ իշխանությունն է, որն այսօր կատարում է այն բոլոր ծրագրերը, որոնք ձեռնտու են Ալիեւին, Էրդողանին եւ գլոբալիստական տարբեր ուժերի, որոնք փորձում են այստեղ քաոս ստեղծել»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։
«Այն պահին, երբ իշխանափոխություն լինի Երեւանում, այդ պահից սկսած բոլոր այն մարդիկ, որ այսօր գտնվում են Արցախում, ունեն լծակներ, ակնկալում են ավելի շատ լծակներ կամ հակառակը, նոր կսկսեն աշխատել ի նպաստ ընդհանուր գաղափարի։ Եթե լինի այն կենտրոնը, որը չի կատարելու թշնամու առաջադրանքները։ Մինչեւ այդ խնդիրը չլուծվի, կիսանախագահական կլինի Արցախը, թե, թե նախագահական կամ այլն, դրանք բոլորն արդեն ածանցյալ հարցեր են, որոնք ինքնըստինքյան կսկսեն դասավորվել։ Այսինքն, երբ նորմալ կազմակերպչական աշխատանք կլինի, ոչ թե փողը գցեն ու ասեն տվել ենք՝ ինչ ուզում եք արեք»,-ասաց մուլտիպլիկատորը։
Նրա խոսքով․ «Երբ իշխանափոխություն լինի, լրիվ այլ պատկեր կլինի, այլ հռետորաբանություն․․ Թե չէ այսօր ասում են՝ Ռուսաստանի ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանում․․․Կարող է վաղն էլ Ալիեւն ասի, ինչքան շատ հայ լինի, էնքան վնաս է մեզ, ասեն՝ ժողովուրդ ջան, եկեք ծնելիությունը կանգնեցնենք, որովհետեւ Ալիեւը կարող է ջղայնանալ եւ վաղը չէ մյուս օրը հարձակվել մեզ վրա»։
Դավիթ Սահակյանցն ընդդիմությանն էլ անդրադարձավ․ «Ես չեմ հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունն այս պահին։ Ընդդիմությունն այս պահին առաջնորդ չունի, բայց ոնց կարող էր չձեւավորվել առաջնորդ 5 տարվա ընթացքում, էլ չեմ ասում, որ հիմա ավելի օպերատիվ ձեւով պետք է ամեն ինչ գնար։ Շատ ավելի արագ պետք է ձեւավորվեր․․ Շատերն են փաստում, որ սրա (Նիկոլ Փաշինյանի-Գ․Հ․) ասուլիսի լայվը շատ քիչ մարդ է դիտել, ինչը փաստում է, որ նա իր աջակցությունը ռեալ կորցրել է։ Սակայն, դրա վատ կողմն էլ այն է, որ մարդիկ չեն լսում այն դավաճանական խոսքը, որը հնչում է նրա բերանից»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ