Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի մի խումբ գիտնականներ, լրագրողներ նամակ են հղել Իսրայելի արտաքին գործերի նոր նախարարին՝ խնդրելով օգնել կանխելու հումանիտար աղետն Արցախում

Հունվար 16,2023 12:46

«Ազգ».Իսրայելի մի խումբ գիտնականներ, լրագրողներ եւ ակտիվիստներ նամակ են հղել Իսրայելի արտաքին գործերի նոր նախարարին՝ խնդրելով օգնել կանխելու հումանիտար աղետն Արցախում

Իսրայել պետության արտաքին գործերի նախարար Նորին գերազանցություն պ. Էլի Քոհենին

Հայցում ենք Ձեր աջակցությունը՝ հումանիտար ծանր ճգնաժամը եւ կյանքի համար սպառնալիքը կանխելու համար

Ձերդ գերազանցություն,

Նախ ընդունե՛ք մեր ջերմ շնորհավորանքը՝ Իսրայել պետությունը եւ այլ պետությունների հետ հարաբերություններում նրա բարոյական եւ քաղաքական դերը ներկայացնելու կարեւոր ու մարտահրավերներով լի պաշտոնին Ձեր նշանակման առթիվ։ Մենք տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականներ ու արվեստագետներ ենք, որոնց գործունեությունն այլեւայլ ուղիներով առնչվում է Հարավային Կովկասի իրավիճակին, նրա պատմությանն ու մշակույթին։ Գրում ենք Ձեզ՝ խնդրելով դիմել Իսրայելի բարեկամ երկու պետության՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին, որոնք ի զորու են կանխելու հումանիտար ծանր ճգնաժամը։ Այն ամեն րոպե կարող է մարդկային տառապանք եւ կյանք արժենալ։

Մեկ ամսից ավելի է՝ սկսած 2022 թ. դեկտեմբերի 12-ից, ադրբեջանցի ակտիվիստիները փակել են Հայաստանը եւ հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը (հայ բնակչության համար՝ Արցախը) իրար կապող միակ ճանապարհը։ Այդ շարունակական շրջափակման հետեւանքով ոչ միայն կենսական նշանակության ապրանքները չեն հասնում Լեռնային Ղարաբաղ, այլեւ նրա հազարավոր բնակիչներ զրկվել են Լեռնային Ղարաբաղից Հայաստան եւ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորությունից։ Անկլավի բնակիչներն ամեն օր հիմնական պարենի, դեղորայքի եւ լույսի ու ձմռան ցուրտ եղանակին անհրաժեշտ ջեռուցման համար էներգիայի պակաս են զգում։ Իրավիճակը վտանգավոր է, այն սպառնում է Արցախի 120,000 բնակիչների կյանքին։

Ճանապարհը՝ այսպես կոչված «Լաչինի միջանցքը» փակելը հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրին։ Ըստ այդ պայմանագրի՝ Լաչինի միջանցքը մնում էր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միակ ճանապարհը։ Հուսով ենք, որ Դուք՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանում եւ Ռուսաստանում Ձեր գործընկերների հետ կապերի միջոցով կարող եք օգնել խուսափելու հումանիտար այս ծանր ճգնաժամից։ Ուստի եւ խնդրում ենք Ձեզ հնարավորինս արագ կապվել նրանց հետ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու ուղղությամբ աշխատանք ձեռնարկելու համար։

Անկեղծորեն Ձեր՝

Յակով Ախիմեիր, լրագրող

Օրա Ախիմեիր, գրող
Պրոֆ. Ռոյվեն Ամիտայ, Իսլամական եւ Միջին Արեւելքի ուսումնասիրություններ,
Եբրայական համալսարան
Իրինա Բադալյան, ճարտարապետ
Դան Բիրոն, լրագրող
Յոավ ԼԷֆֆ, հայոց պատմության դասախոս, Եբրայական համալսարան
Յիսկա Հարանի, դասախոս, քրիստոնեության մասնագետ
Իլիա Մազիա, երաժիշտ
Պրոֆ. Դոննա Շալեւ, դասական բանասիրություն, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ. Մայքլ Է. Սթոուն, հայագետ եւ համեմատական կրոնագիտության մասնագետ, Եբրայական համալսարան
Դոկտոր Օդեդ Շտայնբերգ, Միջազգային հարաբերություններ եւ եվրոպական ուսումնասիրություններ, Եբրայական համալսարան
Պատվավոր պրոֆ. Իսրաէլ Չառնի, Եբրայական համալսարան, Երուսաղեմի
Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն եւ Ցեղասպանության հանրագիտարանի խմբագիր
Սառի ՌազԲիրոն, լրագրող
Պատվավոր պրոֆ. Էլիհու Ռիխտեր, Եբրայական համալսարանի Հանրային առողջության դպրոց
Րաբբի Դավիդ Ռոզեն, էկումենիկ հարցեր
Յարոն Վայս, Կովկասյան երկրների մասնագետ
Պատվավոր պրոֆ. Յաիր Օրոն, պատմաբան
Րաբբի Ավիդան Ֆրիդման, գործադիր տնօրեն, Յանշուֆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031