Այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում անցկացվում է 2018-ին Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով դատական նիստը։ Այժմ հարցաքննվում է տուժող, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը դատարանի դահլիճում հայտնեց, որ այդ ժամանակ նա Երևանի քաղաքի ավագանու անդամ էր։
Նա դատարանում պատմեց, թե ինչ իրավիճակում է պայթյուն տեղի ունեցել։ Մասնավորապես ասաց․ «Ես գտնվել եմ Բաղրամյան փողոցի ձախ թևում՝ փշալարերի դիմաց, և այդ րոպեին կար փշալարերի վրա գցված սաղավարտ։ Փորձում էի վերցնել, ոստիկանը հարվածեց ձեռքիս, և կես-մեկ րոպե հետո պայթյուն տեղի ունեցավ։ Վնասվածքը ստացա երկրորդ կամ երրորդ պայթյունից հետո»։
Հարցին՝ հավաքին որպես կազմակերպի՞չ էր մասնակցում և ո՞րն էր հավաքի նպատակը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հավաքի նպատակը խաղաղ ձևով ցուցադրելն էր, որ մենք համաձայն չենք, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ երկրի ղեկավարի դերը ստանձնի։ Ես մասնակից էի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ