Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում էի հասկանալ հայկական ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, ոչ թե Բերմուդյան եռանկյունու»․ պատգամավորը՝ փոխնախարարին

Հունվար 16,2023 12:08

«Հայկական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական օդանավերի մուտքը ԵՄ արգելվեց, իսկ նախորդ տարի արգելքը երկարաձգվեց։ Ի՞նչ է արվում՝ պատճառները վերացնելու համար։ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները ե՞րբ կկարողանան մուտք գործել ԵՄ»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր «Ավիացիայի մասին օրենքում» լրացումների նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արմեն Սիմոնյան

Արմեն Սիմոնյանը նախ նշեց, որ հայկական ավիաընկերություններից «Fly one»-ը չվերթներ իրականացվում է դեպի ԵՄ երկրներ։ Ինչ վերաբերում է արգելքին, փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարի ՀՀ ժամանած միջազգային գործընկերներն առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ․ «Մենք ԵՄ-ի հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որը վավերացվեց դեկտեմբերին։ Դրանով եվրոպական շատ նորմեր կներդրվեն ՀՀ օրենսդրությունում։ Կտեւի մոտ երկու տարի։ Չափանիշների համապատասխանեցումը եւ ՀՀ-ի դուրսբերումը ավիացիոն իշխանությունների սեւ ցուցակից տեղի կունենա այս ժամկետում»։

Արթուր Խաչատրյանը նկատեց․ «Հավանաբար դուք տեղյակ չեք «Fly one»-ի մոլդովական գրանցման մասին եւ դա է պատճառը, որ այդ ավիաընկերությունը կարողանում է թռնել ԵՄ երկրներ։ Ես հայկական՝ ՀՀ-ում գրանցված ընկերությունների մասին էի ասում։ Բացի այդ, ՀՀ իշխանությունը մեծ շուքով նշեց «Ryanair»-ի մուտքը ՀՀ, որի թռիչքները դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով։ Մեկ տարուց ավելի է, ինչ կորոնավիրուս կարծես չկա, «Ryanair»-ից նորություն կա՞»։

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ խոսքը «լոուքոսթ» ավիաընկերությունների մասին էր․ «Այն ժամանակ չվերթներ սկսեցին «Ryanair»-ը եւ «Wizz air»։ Վերջինս այս պահին շարունակում է չվերթները։ Ամեն ավիաընկերություն ընտրում է՝ երբ եւ որ ուղղություններով թռնել։ Ինչ վերաբերում է գրանցմանը, ապա «Աերոֆլոտի» բոլոր բորտերը մինչեւ վերջերս գրանցված էին Բերմուդյան կղզիներում։ Դա ընդունված պրակտիկա է»։

Արթուր Խաչատրյանը հակադարձեց․ «Ես ուզում էի հասկանալ հայկական ավիաընկերությունների արգելքի առեղծվածը, ոչ թե Բերմուդյան եռանկյունու կամ այլ առեղծվածներ։ Հիմա թե «Աերոֆլոտը» ինչու է գնացել Բերմուդյան եռանկյան հենց մեջտեղում կամ գագաթին գրանցվել, չգիտեմ, ենթադրում եմ, որ հարկային արտոնությունների խնդիր կա։ Իսկ հայկական ավիաընկերությունների մուտքն արգելվել է անվտանգության առումով վատ համբավի պատճառով։ Թե չէ «Աերոֆլոտի» գրանցումն ինձ ի՞նչ։ Կոնկրետ ասեք պատճառը։ ՀՀ քաղաքացիներն ի՞նչ ակնկալիք ունենան։ Բացի այդ, ես կոնկրետ «Ryanair»-ի մասին էի խոսում, ոչ թե «Wizz air»-ի, հետեւաբար՝ կխնդրեի որեւէ այլ կղզի չտանել, չնայած Իռլանդիան էլ է կղզի։ Շուքով նշեցիք «Ryanair»-ի մուտքը։ Ձեզ չեմ մեղադրում, բայց պատճառն եմ ուզում իմանալ։ «Ryanair»-ը միտք ունի՞ ՀՀ գալ, թե այդ մի քանի գեղեցիկ մարքեթինգային թռիչքներն էին»։

Արմեն Սիմոնյանն ի պատասխան հորդորեց կոնկրետ «Ryanair»-ին հարցնել իր բիզնես գործունեության մասին․ «Առաջինը նա էր, հետո «Wizz air»-ը։ Ինչ վերաբերում է գրանցմանը, կրկնեմ, որ դեպի ԵՄ երկրներ թռնող հայկական ավիաընկերություններ քաղաքացիների տեսանկյունից գոյություն ունեն։ Իսկ այն, որ գտնվում են սեւ ցուցակում, դա ոչ այնքան ավիաընկերություններին է վերաբերում, որքան դրանցում ստուգումների գործընթացին, որպեսզի համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Հայտնաբերված թերությունները ԵՄ մասնագետներին թույլ են տվել նման որոշում կայացնել։ Հիսունի կարգի մանր տեխնիկական եւ խոշոր թերություններ են եղել, որոնցից 27-ին այս պահին շտկվել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031