Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ ուղեւորահոսքում ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է հայկական «Fly one»-ը»․ փոխնախարար

Հունվար 16,2023 11:19

«Ավիացիայի մասին օրենքում» լրացումների նախագծի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւորագույն պահանջներ են ներառվելու այլ անձանց կյանքի, առողջության, սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության, ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը։

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց՝ քանի որ գլխադասային հանձնաժողովում այս նախագծի քննարկման ժամանակ հարց էր հնչել ուղեւորահոսքի մասին, ինքն առանձնացրել է տվյալները․ 2022թ․-ին ՀՀ օդանավակայաններից մեկնած եւ ժամանակ ուղեւորների թիվն աննախադեպ է՝ 3 միլիոն 697 000, որոնցից ՌԴ-ի ավիաընկերություններով՝ 1 458 000, իսկ հայկական ավիաընկերություններով՝ 916 000, իսկ այլ երկրների ավիաընկերություններով՝ 1 միլիոն 322 000։

Փոխնախարարի խոսքով՝ նշյալ ուղեւորահոսքում ավիաընկերությունների առաջին տասնյակը գլխավորում է հայկական «Fly one»-ը՝ 458 000 ուղեւոր, իսկ հաջորդ չորս տեղերում ռուսական ավիաընկերություններն են։ Տասնյակում են մեկ եվրոպական, մեկ հունական ավիաընկերություններ, ինչպես նաեւ «Fly Dubai»-ը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց՝ հայկական «Fly Arna»-ն չկա՞ այդ տասնյակում։ Արմեն Սիմոնյանն ասաց, որ ոչ․ «Չվերթները սկսել է 2022թ․-ի հուլիսից։ Կես տարի է՝ փաստացի գործում, բայց միայն հայկական ավիաընկերությունների հնգյակում 4-րդն է՝ 78 000 ուղեւորներով»։

Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ եթե «Զվարթնոց» օդանավակայանը տարեկան 3 միլիոնից ավելի ուղեւորի է սպասարկում, ընդլայնման խոսակցություններ չկա՞ն։ Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընկերությունը ներկայացրել է օդանավակայանի ընդլայնման հնգամյա ներդրումային ծրագիր՝ 350 միլիոն դոլարին համարժեք․ «Պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն, որից հետո ընթացքի մասին կառավարությունը կտեղեկացնի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031