«Դուք ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն եք։ Չնայած ընդդիմությունը մի քանի անգամ առաջարկել, պահանջել է, որ նիստ տեղի ունենա, չի կայացել։ Ի՞նչ կարող եք ասել, հանդիպում նախատեսվո՞ւմ է։ Եթե ոչ այսօրվա պայմաններում, ապա առնվազն գոնե քննարկում երկու խորհրդարանների պատգամավորների միջեւ՝ ստեղծված ծանր վիճակում ելքեր գտնելու համար»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հանդիպում նախատեսվում էր սեպտեմբերի 19-ին, բայց հետաձգվեց սեպտեմբերի 13-ի դեպքերի պատճառով․ «Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, եւ այս պահին նման որեւէ քննարկում չկա Արցախի գործընկերների հետ»։
Արծվիկ Մինասյանը նկատեց՝ իսկ գուցե սա լավ առի՞թ է, որպեսզի պատգամավորական այց լինի․ «Միջխորհրդարանական համաձայնագիր կա, որը ճանաչվել է այն միջազգային դերակատարների կողմից, որոնք ընդունել են, որ ՀՀ-ն հանձնառու է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից եւ ճանաչում է Արցախի օրինական իշխանությանը։ Գուցե սա առիթ է՝ Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծելու։ Կամ թեկուզ առցանց քննարկում։ Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները պետք է կյանքի կոչել»։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Լաչինի միջանցքի փակ լինելու պարագայում չեմ պատկերացնում մեկնելու ձեր առաջարկն ինչպես կարելի է իրագործել։ Առցանցը կարող ենք քննարկել։ Եթե Արցախի գործընկերները նման հնարավորություն տեսնում են, ինչո՞ւ ոչ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ