Շնչառական վարակների դեմ պայքարում մենք ամենատարբեր միջոցներ ենք կիրառում՝ վիտամիններից սկսած մինչ օդը խոնավեցնող սարքեր։ Բ․գ․թ, դոկտոր Չարլզ Պատրիկ Դեւիսն իր հոդվածում պարզաբանում է, թե որքանով են գործուն գրիպի, հարբուխի կանխարգելման ու բուժման նպատակով օգտագործվող միջոցները՝ որոշ դեպքերում հերքելով անգամ մասնագետների կողմից ընդունված տարբերակների արդյունավետությունը։
Ցինկ
Ցինկը տարածված միջոց է գրիպի և հարբուխի դեմ պայքարում։ Դեռ Քովիդից առաջ՝ 2014 թ․-ին ամերիկացի սպառողները մոտ 108 միլիոն դոլար են ծախսել ցինկի հավելումներ գնելու համար։ Սակայն պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերել ցինկ օգտագործելիս։
Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր չափաբաժիններով ցինկի հավելումները կարող են 3 օրով կրճատել հարբուխի ընթացքը։ Թեև այլ հետազոտությունները այդպիսի արդյունք չեն տվել, բայց նախորդ հետազոտության տվյալներն իսկապես որ տպավորիչ են։ Ամեն դեպքում ցինկի հակավիրուսային ազդեցությունը նշանակալի է եղել։
Սակայն մինչ մենք շտապում ենք կրկին ցինկի օգնությանը դիմել հերթական հարբուխի ազդանշանները սկսվելուն պես, արժե հիշել ցինկի բարձր չափաբաժինների օգտագործման պոտենցիալ վտանգների մասին։
Կարդացեք նաև
Ցինկը վաճառվում է հաբերի, օշարակի կամ սառնաշաքարների տեսքով՝ պերօրալ ընդունման համար, սակայն կան նաև ցինկ պարունակող քթի քսուկներ, որոնք բավականին վտանգավոր կողմնակի ազդեցություն ունեն․ դրանք կարող են հանգեցնել հոտառության կորստի, հնարավոր է՝ ընդմիշտ։
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը ցինկ պարունակող մի քանի այդպիսի դեղամիջոցներ օրենքից դուրս է հայտարարել այն բանից հետ, երբ 130 սպառող հայտնել են դրանց օգտագործումից հետո հոտառության կորստի մասին։
Ցինկի հավելումները մի քանի կողմնակի ազդեցություններ ունեն․ ցինկի մեծ չափաբաժինը կարող է օրգանիզմում պղնձի անբավարարություն առաջացնել, նվազեցնել արյան մեջ «լավ» խոլեսթերինի մակարդակը, բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղի վտանգը և այլն։ Սակայն ցինկի մեծ չափաբաժինների թերևս ամենամեծ պոտենցիալ վտանգն այն է, որ ցինկի որոշ պրեպարատներ կադմիում են պարունակում, որի մեծ դոզաները երիկամային անբավարարություն կարող են առաջացնել։
Վիտամիններ
Երկու վիտամին առաջնային պլան են մղվել որպես հարբուխի ու գրիպի դեմ պայքարող հնարավոր միջոցներ։ Վիտամին C-ն ու վիտամին D-ն բազմիցս ուսումնասիրվել են որպես շնչառական վարակների դեմ պայքարող պրոֆիլակտիկ հավելումներ, և երկուսն էլ որոշ արդյունավետություն ցուցաբերել են։
Սակայն դեռևս ուսումնասիրվում է, թե որքանով են այդ միջոցները բարելավում իմունային համակարգի՝ այդ հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը։
Վիտամին С
Առաջին հայացքից վիտամին C-ն շատ հետաքրքիր է գրիպի ու հարբուխի ախտանշանների դեմ պայքարի համատեքստում, քանի որ այն ավանդաբար նշանակվում է այդ հիվանդությունների դեպքում։
Վիտամին С-ի՝ որպես շնչառական հիվանդությունների դեմ պայքարող միջոցի ուսումնասիրությունները երկու ուղղությունների են բաժանվում։
Հետազոտությունների մի ուղղությունը փորձում է պարզել, թե կարո՞ղ են արդյոք վիտամին C-ի բարձր չափաբաժինները, որոնք ընդունվում են կանոնավոր կերպով, կանխարգելել հարբուխը։ Հետազոտությունների երկրորդ ուղղությունը փորձում է պատասխանել հարցին, թե արդյո՞ք շնչառական վարակի ժամանակ ընդունվող վիտամին C-ի բարձր չափաբաժինները կրճատում են հիվանդության տևողությունը։
Առաջին հարցը՝ կարո՞ղ են արդյոք վիտամին С-ի ամենօրյա բարձր չափաբաժինները կանխել հարբուխը, բացասական է եղել։ Չկան գիտական հիմնավոր ապացույցներ, որ վիտամին C-ն կարող է կանխել հարբուխի զարգացումը։ Հնարավոր բացառություններից մեկն այն է, որ կանոնավոր կերպով ընդունված վիտամին C-ի բարձր չափաբաժինները կարող են պրոֆիլակտիկ ազդեցություն ունենալ նրանց համար, որոնք կարճաժամկետ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեն կամ ստիպված են գտնվել ցրտի պայմաններում։
Երկրորդ հարցը՝ կարո՞ղ են արդյոք վիտամին C-ի բարձր չափաբաժինները կրճատել հիվանդության տևողությունը, դեռ վերջնական պատասխան չի ստացել, բայց եղած տվյալները փաստում են, որ այն որոշակի արդյունավետություն ունի։
Հարբուխի դեպքում այս վիտամինը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն ունի։ Որոշ մարդկանց համար 1000 մգ-ն բավարար է, որոշների դեպքում՝ 2000 մգ-ն է արդյունավետ։ Սակայն այս վիտամինն ընդունելիս պետք է զգույշ լինել, քանի որ վերջինիս բարձր չափաբաժինները կարող են փորլուծություն ու սրտխառնոց առաջացնել։
Վիտամին D
Վիտամին D-ի հավելումները ենթարկվել են բազմաթիվ փորձարկումների՝ պարզելու համար, կարո՞ղ են արդյոք դրանք կանխարգելել հարբուխն ու գրիպը։ Երեք խոշոր հետազոտություններ հակասական եզրահանգումների տեղիք են տվել։ Երկու հետազոտություններով նշանակալի արդյունքներ չեն գրանցվել, սակայն երրորդ հետազոտությունը, որն անցկացվել է Մաքմաստերի համալսարանի գիտնականների կողմից, խոստումնալից ցուցանիշներ է արձանագրել նրանց համար, որոնք ընդունել են վիտամին D-ի հավելումներ։
Հետազոտությանը մասնակցել են 600 ուսանողներ, որոնցից մի մասը վիտամին D է ստացել, որոշ մասը՝ ոչ։
Այն ուսանողները, որոնք ստացել են լրացուցիչ վիտամին D, շատ ավելի հազվադեպ են վարակվել շնչառական ինֆեկցիաներով, քան մյուսները։
Իհարկե, մի փոքր դժվար է վիտամին D-ի օրական նորման բնական միջոցներով լրացնելը, սակայն օգտակար կլինի վիտամին D-ով հարուստ սակավաթիվ մթերքների օգտագործումը, արևի տակ գտնվելը, հավելումների ընդունումը՝ բժշկի նշանակմամբ։
Հավի մսով ապուր, թեյ, արգանակ
Օգնում է արդյո՞ք հավի մսով ապուրը․ շնչառական ինֆեկցիաների որոշ ախտանշաններ կարելի է թեթևացնել հավի մսով ավանդական ապուրի միջոցով։ Շատերի համար հավի մսով ապուրը հիվանդությունը հաղթահարելու բաղադրիչներից մեկն է, որը մանկությունից է գալիս։ Սակայն հավի մսով ապուրի առավելությունները ապացուցվել են նաև հետազոտություններով։ Ապուրի տաք գոլորշին ոչ միայն օգնում է բացել շնչուղիներն ու թեթևացնել քթի փակվածությունը, պահպանել էներգիան և կանխել ջրազրկումը, այլև լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հավի արգանակը թեթևացնում է բորբոքումը։
Նմանատիպ ազդեցությամբ է օժտված նաև տաք թեյը․ ոչ միայն թեթևացնում է շնչառությունն ու օգնում հաղթահարել կոկորդի ցավը, այլև սև ու կանաչ թեյի կազմում առկա հակաօքսիդանտները նպաստում են առողջության բարելավմանը։
Օդը խոնավացնող սարքեր
Աշխատո՞ւմ են արդյոք օդը խոնավացնող սարքերը․ այս սարքերը հանդես են եկել բարձր արդյունավետությամբ։ Գոլորշին թափանցում է քթանցքերով՝ թեթևացնելով քթի փակվածությունը, չորությունը, հարքթային խոռոչների լորձաթաղանթի գրգռվածությունը։
Քթի աղային կաթիլներ
Աղային կաթիլներն ու սփրեյները քթի փակվածության դեմ պայքարող արդյունավետ միջոցներ են։ Դրանք կարելի է գնել դեղատներում, կամ պատրաստել տանը։
Մենթոլի յուղաքսուք
Մենթոլն անանուխի մզվածքն է, որը պատասխանատու է այն յուրօրինակ սառնության զգացման համար, որը մենք ունենում ենք մենթոլով սառնաշաքարներ ուտելիս։ Մենթոլով յուղաքսուքների կազմում առկա այդ բաղադրությունն օգնում է թեթևացնել գրիպի ու հարբուխի ախտանշանները։ Մենթոլը ջրիկացնում է լորձը, թեթևացնում կոկորդի ցավն ու չոր հազը։
Կոկորդի ողողում
Օգնում է արդյո՞ք կոկորդի ողողումը․ կոկորդի ողողումը ոչ միայն թեթևացնում է հարբուխի ու գրիպի ախտանշանները, այլև կարող է կանխարգելել այդ հիվանդությունները։ 1 բաժակ գոլ ջրով ու 1 թեյի գդալ աղով ողողումներն օգնում են կոկորդի ցավի դեպքում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութի աղբյուր՝ Չարլզ Պատրիկ Դեւիս