Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու պես զտված մաքուր ճշմարտություն

Հունվար 16,2023 12:00

Աշոտ Աղաբաբյանի «Գաղութ» գրքի առիթով

Հին ու նոր աշխարհների դեպքերի ու դեմքերի մասին բոլոր պատմությունները իրար են փոխանցվում մարդկության հիշողության միջոցով, որն անիմանալի ձեւերով ու ճանապարհներով առաջ է ձգվում նույն պատմության լույս ու մութ էջերի միջով։ Եվ, երբ ավելի է պարարտանում, իր մեջ հավաքելով անցյալի գիրկն անցած իրողությունների հարուստ բեռը, ահա գալիս է նաեւ այն պահը, երբ դեպքերն ու դեմքերն անցնում են արյան մեջ՝ առանց արհեստական ու մտացածին ավելորդությունների։

Մարդկության երակներով հոսող արյունը հիշողության ձայն է, որից դուրս են թողնված բոլոր կեղծ նոտաները, ու հոսում է այդ ձայնը՝ ապրեցնելով անհատին, անտեսանելի ուղղորդումներով տանելով նրան այն ճանապարհներով, որոնք բացվել են հեռավոր անցյալի մեջ՝ որպես ճշմարտության  միջուկն առաջ տանող երակ ու հուն։

Հիշողության ձայնը պճնանքի սովոր մի գոյություն է, որ արյան հունը մտնելուց առաջ իր կարմիրն ազատում է բոլոր խառնակ գույներից, էժանագին ու կեղծ բոլոր զարդարանքներից ու մաքրորեն տրվում արյան կանչին։ Բայց խենթացնողն այստեղ այն է, որ մաքրորեն՝ չի նշանակում կատարելապես անաղարտ ու մաքուր՝ արարչաստեղծ նորմերի մեջ, այլ, միայն ու միայն՝ ճշմարտապես, ինչպես որ եղել է։

Հիշողությանը խաբել չի լինի։ Այն այնքան վարպետորեն է պտտվում իրականության շուրջը, հազար ու մի ձեւերով մտնում ու դուրս գալիս ժամանակի շնչառության միջով, վերցնում նրանից միմիայն այն գեղեցկագույնը, որի գեղեցկությունը պայմանավորված է ճշմարտությանը հարազատ լինելու փաստով։ Եվ խենթացնողն էլ հենց սա է՝ այն, որ ճշմարտությունն ինքն իրենով մի կողմից անգին ոսկի է, եւ մյուս կողմից՝ այդ ոսկին կարող է իր մեջ խառնակ շատ աղբ ու անբարո փաստեր ունենալ։

Արյան հիշողությունն անփոփոխելի ճշմարտության հունն է, որն առաջ է տանում խառնագույն փայլատակումներով, արդարության ու կեղծիքի խառնափնթոր ողողումներով իր գրկում հայտնված մարդկության պատմության նույն անփոփոխ ճշմարտությունը, որի հեղինակը մարդն է՝ կառչած ճիշտն ու սխալը մշտապես իրար դեմ հանելու իր մարտավարությանը։

Ի՞նչ ենք ստացել մենք որպես անփոփոխելի ճշմարտություն, որը մեզ է հասել մեր արյան հիշողության հունով։ Ստացել ենք հենց այն, ինչպիսին որ մենք ենք։ Խմել ենք արյան հիշողության հունից, սնվել ենք նրանով, եւ ուժ ենք ստացել, կամ ուժ ենք կորցրել հենց մեզ սնած հոսքի միջոցով։

Հիմա քիչ կլինի ասել, որ հենց այս կարգի իմաստասիրության լույսի տակ արված նկատառումով է այսօր արժեքավոր Աշոտ Աղաբաբյանի՝ 2022-ին լույս տեսած «Գաղութը» գիրքը, որ հոդվածների, էսսեների, պատմվածքների ժողովածու է։

Մեծագույն բանաստեղծ Պարույր Սեւակի այս առաջադրանքը շատերին է հասել՝

Հաշվեցեք հապա, թե մեր ափերով

Քանի կիլովատտ հոսանք ենք տվել

Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին,

Մեր սիրածների իրանին ճկուն,

Ուսերին նկուն մեր տատիկների,

Եվ մեր ստացածն ինչքան է պակաս

Կամ ինչքան ավել

Թե չէ հաշվում եք, հաշվում եք, հաշվում…

Իսկ ես ասում եմ՝ կարո՞ղ եք հաշվել, ձեր արյան կարմիր գնդիկների մեջ պատմության ցանցահյուս պաստառին մնացած քանի՞ ճշմարտություն է իր տեղը գտել։ Արդյոք, քանի՞սն են ցանցից ցած հոսել եւ մոռացության սեւ հորը նետվել…

Արյունը հիշողությունների խտացումն է։ Արյունը չի խաբում, որովհետեւ, արյան մեջ խտացված հիշողությունը երբեք չի խաբում։ Արյան հետ խառնվել փորձող մտացածինն է, որ մոռացության սեւ հորն է նետվում։ Սուտն ու սարքովին, կեղծն ու մտացածինն է, որ արյան կարմիր գնդիկ դառնալու ընդունակ չի դառնում։

Եվ երանի նրան, որ անցնող դեմքերն ու դեպքերը իր աչքի պրիզմայով է անցկացնում, եղելության ծայրերից գունավոր ծոպեր չի կախում։ Եվ երանի նրան՝ ճշմարտությանը անփոփոխ ոսկու արժեք տվողին, տարաձեւ, տձեւ աղբամաններից այն վեր հանողին, աղբից զտողին… Ուրեմն, երանի ճշմարտությունը պատմության էջերին հանձնող լրագրողներին, որ դեպք առ դեպք, դեմք առ դեմք հանում, տառ առ տառ արտատպում ու պատմության միջով արյան հոսքին են ճշմարտորեն  հանձնում։

Աղաբաբյանի «Գաղութը» գրքին ծանոթանալուց հետո հասկանում ենք, որ այնտեղ բացառիկ պատմություններ են՝ գրված 1990-2005 թվականներին, եւ որոնք տպագրվել են ժամանակի մամուլում։

Իսկապես, բացառիկ պատմություններ՝ բացառիկ գրքում։ Բացառիկ, որովհետեւ քսան տարվա հայահույս ալեբախումների մեջ ընկած հայրենի երկրի դեպքերի ու դեմքերի մասին գրվել է որպես ոսկու պես զտված մաքուր ճշմարտություն։ Այսինքն, մեր առջեւ բերված քսան տարիների պատմության ցանցահյուս պաստառը որքան էլ քաշքշեն, այս ու այն կողմ տանեն, ոչինչ չի կարող վրայից ցած սահել։

Նայում ես, թերթում, կարդում ու խոստովանում՝ իսկապես, սա ենք, լա՞վ է, թե՝ վատ, սա ենք… ահա այս ենք արել, ահա այս ենք եղել…

Իսկ, ո՞վ ենք եղել եւ ի՞նչ ենք արել։ Այդ ամենն, իսկապես, լրագրողի համար դասագրքի արժեք ունեցող այս գրքում այնպիսի վերնագրերով է ներկայանում, որոնք խոսուն վարագույրների նման երբ ետ են քաշվում, ճշմարտությունն է հանկարծ քեզ սարսռեցնում։ Ահա նման մի վարագույր, որ բացվում է անկախության զոհասեղանի վրա՝ Նոյեմբերյանում։ Զոհասեղանի գլխին կախված է մնացել օրացույցի թերթիկը, ցավագար այս նշումով՝ 6-ը մայիսի։ «…ռմբակոծվող Ոսկեպար գյուղ մեկնեցին Նոյեմբերյանի ՆԳ բաժնի տղաները, որոնք գնում էին հերթափոխելու գյուղը պաշտպանող իրենց ընկերներին։ Սակայն ԽՍՀՄ զինված ուժերի դարանակալ դեսանտայինները գնդացիրներով, ավտոմատներով, նռնակներով հանկարծակի հարձակվեցին ավտոբուսի ու «Նիվա» ավտոմեքենայի մեջ գտնվող միլիցիոներների վրա ու 15-20 րոպեների ընթացքում կրակ ու մոխիր դարձրին մեքենաները։ 24 տղաներից 14-ը զոհվեցին։ Ոսկեպարը ոչնչացումից փրկելու նպատակով դեպքի օրը միլիցիայի 29 աշխատակիցներ ստիպված էին գերի հանձնվել։ Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան ավտոբուսի ողջ մնացած 10 տղաները… 101-օրյա բանտարկություն, տանջանքներ Գյանջայի զնդաններում…»։ Պատմությունը շարունակվում է՝ ուրիշ տղաներ, միլիցիոներներ, վարորդներ, ճանապարհին տեղյակ ջահելներ՝ փաստ առ փաստ, անուն առ անուն…

Արյունդ ելքեր է փնտրում. ինչպե՞ս, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ…։ Լրագրողական փաստագրությամբ բերված հուշի մի կեսն արյանդ մեջ իր մյուս կեսին է փնտրում։ Հուշերը կուտակվում են, խառնվում ու կրկին առանձնանում, իրենց շարժումների հետ խորացնելով ճշմարտության հունը։ Չես դիմանում, արյունդ ծառս է լինում, ուզում ես ծառս եղած ձիու պես խրխնջալով կանչել, բայց ո՞ւմ կանչես… ու շարունակում ես լինել տղերքի հետ, ականջդ նրանց ձայնին…

Պատմում է ավագ լեյտենանտ ՀՐԱՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ… հետո պատմում է շարքային ԳԵՈՐԳԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ… հետո շարքային ՎԱՀՐԱՄ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ, ու այսպես շարունակ։ Իսկ հետո՝ «Քանի դեռ կանոնավոր բանակը չի հիմնավորվել Նոյեմբերյանում, տեղացի տղերքն են եղած զենքով կանգնում 150 կմ ձգվող սահմանում։ Ռմբակոծվող Կոթին, Բարեկամավանը, Ոսկեվանը, Բաղանիսն ու Ոսկեպարը ակամա դարձել են գյուղ-ժամապահներ…»։

Հետո վարագույրը փոխվում է՝ «Գաղութ», «Քննչական մեկուսարան», «Կոշ», «Ձեռքը, որ խնայելով սպանում է»։ Պատմության ցանցահյուս երեսին այս ու այն կողմ ընկնող սահմռկեցուցիչ իրողություններ, որ ոչ թե դեպի մութ մոռացում են գնում, այլ՝ կարծրորեն ամրանալով, հիշողության հունն իրենցով են ամրացնում։

Իսկ Աղե՞տը, ախ, Աղետն էլ հիշյալ քսան տարիների մեջ հայի հիշողության համար իր մութ ու սառը հունն էր ձեւավորում։ Ապրել՝ ինչպե՞ս, կառուցել՝ ինչպե՞ս… Պետական միջո՞ց, տխրահռչակ ծրագի՞ր, շինարարներ դրսի՞ց, Քաղխորհո՞ւրդ, Գործկո՞մ… ու «Ցավի վրա բարդվող նոր ցավեր»։

Անկեղծորեն ասած, սրտի մի անորոշ, թախծախառն ապրումներով ընթերցեցի գրքի մուտքն ապահովող «Մոսկվան արցունքների չի հավատում» գլուխը, որի ընթացքում ամաչում էի ականջ դնել սեփական երակներով հոսող իմ արյան ձայնին։ Գուցե դուք ավելի ամուր կլինեք եւ հախուռն ներկայացված ճշմարտությունների մեջ հուզումներից զատ մեր երկրի համար բարեշատ ելքե՞ր կգտնեք։ Որովհետեւ լրագրողն ընդամենը ճշմարտության խոսափողն է։ Իսկ ճշմարտությունն այնքան ճշմարտացի է ներկայացվել, որ չես ուզում հավատալ նրան։ Մի՞թե հնարավոր է, որ արյունն այդքան ծանրությունները կարողանա կրել ու պտտել իր հետ հիշողություն կոչված հունի միջով։

Գրագիտությունն իր տեղում, յուրաքանչյուր տողի հետ լրագրողական սթափեցնող շնչառությունն իր տեղում, նրբագեղ գեղարվեստականությունն իր տեղում, բայց սա, իսկապես, հիշողության մեջ ալեբախվող մեր արյան կանչը պահող գիրք է, իսկ հիշողությանը խաբել չես կարող։

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031