Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դա բռնապետի ցնդաբանություն է»

Հունվար 16,2023 13:00

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց այն մասին, որ Լաչինի միջանցքը փակելու գործողությունն Արցախը հայաթափելու նպատակով է։ Նա ասաց. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները ՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի, կամ ռուս խաղաղապահների մեքենաներով, կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս փաստը հաշվի առնելով՝ դիմել է միջազգային գործընկերներին։

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ եզրակացրեցիք Ալիեւի այս հայտարարությունից։

-Սա ցեղասպանության եւ էթնիկ զտման ահազանգ է՝ մի բան, որի մասին երկար ժամանակ է խոսում ենք։ Միջազգային գործընկերների հետ ամեն հանդիպման ժամանակ ասում եմ։ Սա Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական նկրտումների, էթնիկ զտման խոստովանությունն է։ Եթե այս ամենից հետո էլ միջազգային հանրությունից հստակ քայլեր եւ արձագանքներ չտեսնենք, ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրված հաստավոր կոնվենցիաները որեւէ իմաստ ու արժեք չեն ունենա։

-Ի դեպ, հենց այդ «միջազգային կոնվենցիաներին» հղում անելով՝ Ալիեւը պնդեց, թե պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք», քանի որ Հայաստանը պատմական «արեւմտյան Ադրբեջանն է»։

-Դա բռնապետի ցնդաբանություն է։ Դա հետեւանքն է նրա, որ 2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները չպատժվեցին, արձագանքի եւ գնահատականի չարժանացան այնպես, ինչպես պետք էր։ Ուստի միջազգային հանրությունն այս հարցում ձախողվել է։ Ամեն ինչ սկսվում է այնտեղից, երբ Եվրոպայում Ալիեւին համարում են վստահելի գործընկեր, երբ համարձակություն չկա մարդու իրավունքների վրա թքած ունեցողին իր անունով կոչելու։ Դրա համար նման իրավիճակ ունենք։

-«Մեծ վերադարձի երկրորդ փուլը». այս խորագրով ծրագրին է լծվել Ադրբեջանի ողջ պետական, տեղեկատվական ռեսուրսը, եւ դա ենթադրում է ադրբեջանցիների վերաբնակեցում ՀՀ-ում։ Որքանո՞վ է հայկական կողմի արձագանքը սրան համարժեք, ի՞նչ անելիքներ կան, որովհետեւ ոչ վաղ անցյալում Ադրբեջանը խոսում էր «Ղարաբաղ վերադառնալու մասին», եւ մի քանի տասնամյակ անց «վերադարձավ» ռազմական ճանապարհով։

-Շատ կարեւոր հարցադրում է, որովհետեւ Ադրբեջանից եկող այսօրվա ազդակները չպետք է անուշադրության մատնվեն։ Հենց այսօր ՀՀ-ն պետք է կիրառի տեղեկատվական, դիվանագիտական, անվտանգային ողջ գործիքակազմը, որպեսզի որեւէ կերպ Ալիեւի ասածներն իրականություն չդառնան։ Եթե անկեղծ, մենք դրա ռեսուրսն ունենք դիվանագիտական, իրավական հարթակներում՝ հաշվի առնելով նաեւ սփյուռքի ռեսուրսը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031