Լրահոս
Օրվա լրահոսը

«21-րդ դարում գրող լինելն ավելի շատ մինուս ա, քան պլյուս»․ Աշոտ Ստեփանյան

Հունվար 15,2023 21:26

Հարցազրույց երիտասարդ գրող և արձակագիր Աշոտ Ստեփանյանի հետ։

-Քո ֆեյսբուքյան էջի՝ քո մասին պատմող հատվածում գրել ես «գրող ու ցավ», ինչո՞ւ։

-Ժամանակակից գրողը ոնց որ էդքան էլ գրող չի։ Ժամանակակից գրողը հազար բան ա անում։ Հաստատ ոչ մի ժամանակակից գրող մենակ գրելով չի վաստակում։ Եթե քո սիրած գործով չես կարողանում վաստակել, մնացած գործերը, ինչ անում ես՝ դառնում ա ցավ։ Դրա համար «գրող ու ցավ»։ Որովհետև ես իմ գրելով, եթե իմանաս ինչքան եմ վաստակել, կխնդաս։

-Որքա՞ն ես վաստակել։

-Եթե հաշվեմ, որ պատմվածքներս ինչ-որ թերթերում տպագրվել են, երևի մի 30-40 հազար էս մի քանի տարվա մեջ. դոլար չէ (ծիծաղում է): 21-րդ դարում գրող լինելն ավելի շատ մինուս ա, քան պլյուս։

-Գրելը քեզ ո՞ւժ է տալիս, թե ընդհակառակը՝ հյուծում է։

-Նայած՝ ինչը։ Օրինակ՝ վերջին պատմվածքս՝ «Երևանյան հիվանդությունը», եղել ա շատ երկար դադարից հետո․ մեկ տարի մոտավոր դադար ա եղել գրելու, պատերազմից հետո։ 1 տարի առաջ սկսեցի էդ պատմվածքը գրել ու այն ինձ ավելի շատ հյուծում, դատարկում էր, ավելի շատ տրամադրությունս փչացնում էր, քան օգնում էր, բայց էդ գրեցի, վերջացրի ու հասկացա, որ ես սև էներգիա դուրս թափեցի իմ ներսից։

-Ինչպե՞ս գրվեց «Երևանյան հիվանդություն» պատմվածքը։

-Մի քիչ ծանր թեմա ա ինձ համար․․․ 1 տարի առաջ՝ պատերազմից հետո մտածում էի, թե ոնց կարա լինի, որ զինվորը զոհվի մարտի դաշտում ու վերադառնա։ Այսինքն՝ էդ մեռնելու լույսը։ Ասում են, չէ՞, որ մարդ երբ մեռնում ա կամ կոմայի մեջ ա ընկնում, մի քանի վայրկյանում քո ամբողջ կյանքը անցնում ա աչքիդ առջև։ Ես մտածեցի, որ կարելի ա գրել էդ զինվորի մասին ու փորձեցի հետմահվան գիծը տանել։ Ես խմած եմ եղել․ ընկերներով գնացել էինք Շամշադին՝ Չինչին։ Ես լավ խմած էի, ու էդ ժամանակ եկավ էդ միտքը։ Ես սաղից առանձնացա, գնացի զուգարան, զուգարանակոնքը իջացրեցի, նստեցի ու սկսեցի գրել։ Արագ-արագ գրում եմ ու զգացի, որ լավ չեմ զգում, տոթ ա, դուրս եկա, ու դուրսն էլ ցուրտ էր, հոկտեմբեր ամիսն էր։ Դուրս եկա, պառկեցի երկաթից դիվանի վրա, մի քիչ գրեցի ու անջատվեցի։ Ու էդպես գրեցի, հասկացա, որ շատ ա երկարում ու ըտենց մի ձև ավարտեցի։ Շատ երկար փուլեր եմ անցել այն կյանքի կոչելու։

-Քո ստեղծագործություններում նկատել եմ միստիկա, ինչի՞ց է գալիս դա։

-Մարդիկ ընդհանրապես սիրում են չբացահայտվածը կամ նենց բաներ, որ սահմանից էն կողմ ա։ Իսկ միստիկան մեր գիտակցության համար սահմանից անդին ա, այսինքն՝ մենք մտածում ենք, որ դա կա կամ հակառակը, որ դա չկա։ Ես՝ որպես գրող մարդ, մտածում եմ, որ պետք ա միշտ մարդու էմոցիաների հետ խաղալ, այսինքն՝ ուղղակի չգրես գրելու համար։ Գրես, որ ազդեցություն ունենա։ Ես գրում եմ իմ համար, եթե մարդկանց էլ ա դուր գալիս, իրենց էլ եմ տալիս, որ կարդան, հետո տպագրում եմ։

-Դու գրում ես այն, ինչ ընթերցողնե՞րդ են ուզում, թե գրում ես այն, ինչ դու ես ուզում։

-Կան գրողներ, որոնք գրում են, որ ընթերցողները հավանեն, իսկ ես գրում եմ էն, ինչը որ ես կհավանեմ, հետո եթե դու կուզես հավանես, կուզես չէ, դա արդեն քո ընտրությունն ա։
Իրականում ինքս էլ չգիտեմ՝ իմ գործերում ինչ եմ ուզում ասեմ, ու ամենատարօրինակ բանն ա, որ գրողին հարցնում են՝ «ի՞նչ ես ուզել ասել էս գործով», որովհետև գրողը իր կյանքում չգիտի, թե ինքը ինչի մասին ա գրում, բացառություն, եթե դու չես նստում որոշում գրել բռնաբարության մասին։ Դու կարդում ես պատմվածքը ու հասկանում ես, որ բռնաբարության մասին ա: Դու դրանից ավել ոչինչ չես կարող հասկանալ, որովհետև գրողն էլ ոչ մի բան չի ներդրել էդ գործի մեջ։

-Որո՞նք են ընդհանուր գայթակղությունները գրողների համար։

-Շատ կան։ Փողը, խմիչքը, թմրանյութը։ Հիմա շատ դժվար ա լինել գրող ու մնալ մինչև վերջ։ Հիմա շատերը փուչիկի պես տրաքում են շատ շուտ։ Ես շատ կանանց գիտեմ, տղամարդկանց գիտեմ, որ ինչ-որ ընթացք ա անցնում ու իրանք էլ չեն գրում, ստեղծագործում։ Հասկանում են, որ հիմա էն ներուժը, որ դնում են ստեղծագործելու վրա, շատ շուտ հօդս ա ցնդում։ Մենք հիմա շատ մետա կյանք ենք ապրում։ Չես հասկանում ֆեյսբուքյան կյանքից՝ ով ա գրող, ով չէ։

-Ընտանիքդ աջակցո՞ւմ է քեզ՝ որպես գրողի։

-Ընտանիքս անգամ չգիտի, որ ես ստեղծագործում եմ։ Պապաս մի անգամ մտել ա թերթի կրպակից ծխախոտ առնի, մտել ա ասում ա․ «Ա՛յ տղա, տեսա դու ես թերթի առաջին էջի նկարին, առա»։ Ասում ա՝ նայում եմ դու ես, դու չես, ինչ-որ փափախ էիր դրել, ակնոցներով էիր, հայելիներ էին։ Ասում ա՝ նավսյակի առա։ Ծնողներս գիտեն, որ ես շատ կարդում եմ, գրում եմ, ինչ-որ բաներ պոկում քցում եմ, ինչ-որ խառնաշփոթ եմ ստեղծում։ Դե գիտեն, որ մի քիչ գժոտ եմ։ Վերջերս մամայիս ասում եմ․ «Մամ, գիրքս տպում եմ, ասում ա՝ թքեցինք, էլի։ Ասում եմ՝ խի՞։ Ասում ա՝ լրիվ կտանի քեզ էտի։ Ասում եմ՝ չէ, ու՞ր տանի, հազիվ բերել ա։ Ասում եմ՝ տպեմ-պրծնեմ»։ Ոնց որ անեծք լինի գիրք տպելն էլ, էնքան փուլեր պիտի անցնես, որ հասնես տպելուն։ Ես էլ տեսակով դանդաղ եմ ամեն ինչ անում։ Մինչև չմարսեմ իմ ներսում, ոչ մի բան չեմ հասցնում իր ավարտին։

-Ո՞ր գրողների հետ ես մտերիմ, կամ ինչպե՞ս են նրանք քեզ օգնում։

-Ամենամտերիմը Գուրգեն Խանջյանն ա, իմ սիրելի գրողներից ա հայ ժամանակակից։ Ինձ բոլոր գրողներն օգնում են, անգամ էն մարդիկ, որոնք ինձ չեն ճանաչում։ Օգնում ա Չեխովը, որը չկա։ Գրողի համար կարևոր բանը այն ա, որ դու միշտ դիալոգի մեջ լինես մահացածի հետ, խոսես իր հետ։ Ճիշտ ա՝ դու արդեն քո ենթագիտակցության հետ ես ինչ-որ բաներ փոխանակում, բայց դա կարևոր բան է։ Եթե դու ճանաչես նախկին գրողներին, ներկա գրողներին, դու էդ սինթեզով ինչ-որ նոր բան կստեղծես։ Որ չկրկնես ժամանակակցիդ և դասականիդ, ընդհանրապես պետք ա էդ օրիգինալությունը պահես։ Կապ չունի՝ որ ոլորտում ես․ լրագրող ես, գրող ես, հաղորդավար ես։ Դու եթե կլիշեներով շարժվես, դու կկորես էն մեծամասնության մեջ։ Իսկ եթե ստեղծես քո լեզուն, քո գործերը, դու կլինես էն միակը ու քո անունը կհիշվի։

-Կուզե՞ս քո անունն էլ հիշվի։

-Ես երբեք չեմ ուզել, որ իմ անունը հիշվի։ Ավելի շատ լավ կզգամ, որ չհիշեն ինձ, քան մեռնելուցս հետո ինչ ասես ասեն (ժպտում է)։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031