Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ցանկությունները բավարարելով՝ բավարարում ենք մեր ոչնչացման նախապայմանները․ ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի կեղծ լուրի մասին

Հունվար 15,2023 19:57

Եթե մենք դիտարկում ենք որպես հնարավոր տարբերակ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի  հարցը, ապա կատարում ենք Ադրբեջանի պահանջը՝ անկախ այն հանգամանքից, թե Արցախի քաղաքական օրակարգում ինչ դիսկուրս է քննարկվում: «Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջն առաջին իսկ օրվանից եղել է Ադրբեջանի օրակարգում, սկզբնական շրջանում այն ավելի տեղեկատվական բնույթ է կրել, իսկ ավելի ուշ այն վերածվել է պաշտոնական մակարդակի:

«Եթե Ռուբեն Վարդանյանին դիտարկենք որպես Արցախի պաշտոնյա, ապա Ադրբեջանն առհասարակ Արցախում չի ուզում տեսնել որևէ պաշտոնյայի, որը չի ենթարկվի իր պահանջներին, հատկապես այս փուլում, երբ չկա Արցախի ամբողջական օկուպացիա, այսպիսի նշանակումներն ու ընտրությունները Ադրբեջանի կողմից միշտ ագրեսիվ բնույթ են կրելու: Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը  փակելուց հետո պաշտոնական մակարդակ ստացավ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը, պետք է դիտարկենք այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ցանկանում է, որ Արցախի ամբողջ պետական ապարատը հօդս ցնդի:

Հիմա խուսակցություններ կան նաև ընտրությունների թեմայով, որն ըստ երևույթին ադրբեջանական կողմից լուրջ դիմադրության է արժանանալու: Եվ ամենակարևորը. պայմանական ասված, եթե Արցախում անցկացվեն ընտրություններ, ապա մենք վստահ չենք, թե ադրբեջանական կողմը չի անցնի ագրեսիվ ռազմական գործողությունների և քաղաքական առումով Արցախին չի դարձնի անդամալույծ, և ռազմական ագրեսիայի կամ լոկալ բախման դեպքում հնարավոր չի լինի Արցախն ամբողջապես մոբիլիզացնել»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ընտրությունների համատեքստում սա ամենալուրջ վտանգն է:

Ադրբեջանագետի դիտարկմամբ, Արցախում առկա հումանիտար լուրջ ճգնաժամն ադրբեջանական ռեալ սպառնալիք է, որը միտված է ցեղասպանության: Այս պարագայում ադրբեջանական կողմը փորձելու է, քաղաքական առումով, իր պահանջներն ավելի հստակ և կոպիտ ներկայացնել ու բավարարման կամ որևէ զիջման դեպքում սկիզբը կդրվի Արցախի վերացմանը՝ ինչպես քաղաքական սուբյեկտի, այնպես էլ հայերերվ բնակեցված բնակավայրի:

«Ադրբեջանին զիջումներ ասելով նկատի ունեմ նաև պատերազմից հետո Հայաստանի արված զիջումները, որոնք այսօր մեզ հանգեցրել են գոյաբանական խնդրի, մասնավորապես, երբ կար բանավոր պայմանավորվածություն, որ զորքերը պետք է կանգնած տեղից հետ քաշեն, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի բացատրության, եթե հետ չքաշվեին, ապա պատերազմ կլիներ: Մենք  տեսանք, որ փաստացի հետ քաշվելու դեպքում ոչ միայն պատերազմը չկանխվեց, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան տարածվեց նաև Հայաստանի սուվերեն տարացքի նկատմամբ: Ըստ երևույթի, Ադրբեջանի ցանկությունները բավարարելով, բավարարում ենք մեր ոչնչացման նախապայմանները»,-ընդգծեց Գառնիկ Դավթյանը:

Անդրադառնալով այն լուրերին, թե Ռուբեն Վարդանյանը Հայաստանի իշխանությունների կողմից Արցախում ոչ ցանկալի պաշտոնյա է՝  փորձագետը նշեց․ «Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումից սկսած՝  Հայաստանի իշխանությունների ազդեցության լծակներն Արցախի վրա էապես նվազել են: Բանականաբար, այսօրվա կապիտուլիացված իշխանություններին ձեռնտու չէ Արցախում ունենալ այնպիսի ղեկավար, որը չի ենթարկվի իրեն, հետևաբար այս համատեքստում փորձ է արվում իրականացնել քաղաքական խմորումների տարբերակ, որպեսզի Արցախում ունենան քաղաքական ցանկալի ներկայություն, այսինքն ունենան իրենց նշանակած մարդը, որը կիրականացնի Ադրբեջանի պայմանները՝ բացատրելով, թե տեսաք՝ հրաժարական տալով ճանապարհը բացեցին: Փաստ է, սակայն, որ դա փափուկ ուժի  կիրառման ձև է, որը վարելու դեպքում, իմ խորին համոզմամբ, սկիզբ կդրվի  Արցախի վերջնական կորստին»:

Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածեվեցին, թե հրաժարական է պատրաստվում տալ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, շատ  չանցած նա  հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հերքելով տարածվող լուրերը:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031