Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսների հետ պիտի հեռանա նաև Փաշինյանը»․ ցույց՝ Գյումրու ռազմաբազայի դիմաց

Հունվար 15,2023 16:29

Ազգային- Ժողովրդավարական բևեռի՝  Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց հավաքն այսօր սկսվեց մեկ ժամ ուշացումով։ Ցուցարարները  հավաքվեցին  «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ «Ռուսաստան, հեռացի՛ր», «Արցախի երեխաների ճիչը ռուսների խղճին է», «Ռուսներ, հեռացեք մեր ռեգիոնից, մեր երկրից, մեր հայրենիքից», «Հայաստանին իրական դաշնակիցներ են պետք», «Արցախը Հայաստան է» և այլ ցուցապաստառներով ու կոչերով։

Նրանք այս անգամ  չփորձեցին շրջափակել «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում գտնվող ռազմաբազան, այլ ավտոերթով շարժվեցին դեպի 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ, որը սակայն շրջափակել էին ոստիկանության հատուկ զորքերը։ Ելույթներ հնչեցին թե՛ հայերեն լեզվով, թե՛ ռուսերեն և անգլերեն։

Արտերկրյա լրատվամիջոցները ևս եկել էին լուսաբանելու ցույցը, ցուցարարներին միացել էին մեծ թվով ռուսներ։

Այս անգամ ռուսներից բացի կոշտ քննադատություններ հնչեցին նաև Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ցուցարարները նրանից պահանջեցին հրաժարական տալ։

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, քանի դեռ Արցախի ժողովրդի ապաշրջափակումը չկա, շարունակելու են ճնշումները ռազմաբազայի վրա։

Ազգային- Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արթուր Այվազյանն անդրադարձ կատարեց նոյեմբերի  9-ին կնքված եռակողմ համաձայնագրին՝ այն համարելով  չարաբաստիկ, հակահայակական, հակապետական։

«Այն առ ոչինչ պայմանագիր է, և այսօր մենք տեսնում ենք, որ այդ 9 կետից բաղկացած փաստաթղթի այն կետերը, որոնք նվիրված են Հայաստանին, Հայաստանն իրականացրեց, իսկ երկու կետ, որոնք որ պիտի իրականացնեին Ադրբեջանն ու Ռուսաստանը, չիրականացվեց։ Խոսքը գնում է հայ գերիների մասին, որոնք որ մինչև այժմ գտնվում են Ադրբեջանի զնդաններում և այդ Բերձորի միջանցքի մասին, որ պետք է ռուս այսպես կոչված խաղաղապահներն այդ ճանապարհը ապահովեին։

Մենք այսօր տեսնում ենք, որ նրանք իրենց պարտականությունները չեն իրականացնում, իրենք են ստանձնել, բայց նրանք շատ լավ գիտեն, որ այդ պայմանագիրն իրենից ոչինչ չներկայացնող մի թուղթ է, այդ իսկ պատճառով չեն իրականացնում։

Եվ մենք այստեղ հավաքվել ենք, որ նախ Ռուսաստանին, Կրեմլին ցույց տանք, որ մենք հասկանում ենք և շատ լավ գիտենք այդ ամենը»։

Բանախոսն ասաց՝ եթե 30 տարիների ընթացքում ռուսական զորքի ներկայությունը կարծես թե վտանգ չէր ներկայացնում Հայաստանում, այսօր  ակնհայտ է դառնում, որ ուղղակի վտանգ է ներկայացնում մեր պետականության և մեր ազգի գոյության համար։

«Դաշնակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանն, ըստ էության, իր ներկայությամբ կապում է մեր ձեռքերը և հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք կարողանանք դիմադրել նաև իր կողմից մեր առջև բարձրացրած մարտահրավերներին»,-ասաց Արթուր Այվազյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ միասնական է։

Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում քննադատեց թե՛ Երևանի, և թե՛ Ստեփանակերտի ադմինիստրացիային։

«Թե Փաշինյանը քանի տոկոս Թուրքիային է ծառայում, Ստեփանակերտը քանի տոկոս Ռուսաստանին է ծառայում, դա արդեն հարափոփոխ է այս օրերին, բայց իմ անձնական կարծիքով՝ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսելուց հետո կարող եմ ասել, որ Երևանի քաղաքականության մեջ արդեն գերակշռում է թուրքական քաղաքականություն։ Այսօր Նիկոլը Ալիևի, Էրդողանի ձեռքից բռնած՝ Արցախի հանձնման, Հայաստանը կտրտելու, մասնատելու ընթացքի մեջ է, այս իրականությունը կարող է կանգնեցնել միայն մեր ժողովուրդը»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։

102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ էլ  ցուցարարները բացականչեցին․ «Ռուս-թուրք-ազերի, Հայաստանի թշնամի,  Նիկոլ-Սերժիկ-Քոչարյան, Հայաստանի դավաճան»։

Նրանցից մեկը, դիմելով ռազմաբազայի դիմաց կանգնած ոստիկաններին, ասաց․ «Հարգելի՛ ոստիկաններ, ձեզ ղեկավար հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ամեն հինգշաբթի կառավարության նիստի նույն հայտարարությունն է կրկնում՝ մեղադրելով ռուսներին անգործության մեջ, որոնց ինքն է բերել։ Հնարավոր է եղել միջազգային խաղաղապահներ բերելու, ասել  է՝ ոչ, միայն ռուսներ։ Ռուսներին ինքն է բերել, հիմա ամեն հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին մեր 120 հազար եղբայրներն ու քույրերը բլոկադայի մեջ են, հայտարարությունն անգիր արած՝ կրկնում է, թե իբր ինքը կապ չունի էլի իրավիճակի հետ, պատասխանատվություն չի կրում, բայց ինքն է բերել ռուսներին։ Ձեզ էլ հրամայում է, որ խոչընդոտենք այն մարդկանց ցույցերը, որոնք բողոքում ենք ռուսների դեմ։ Ինքը չի կարողանում ուղիղ իրենց դեմ ցույցեր անի, ուղիղ իրենց դուրս շպրտի Հայաստանից, բայց բողոքողների դեմ էլ բերել, ձեզ կանգնեցրել է, մի բան էլ ասում է՝ ցրե՛ք, ջարդե՛ք էդ մարդկանց»։

Գարեգին Չուքասզյանն էլ իր ելույթում նշեց, որ Արցախում ռուսական զորքերը կանգնած են մեր հայրենակիցներին շրջափակելու նպատակով, կամքն ու դիմադրություն կոտրելու։ Նրանք, ըստ բանախոսի, ոչ միայն չեն կատարում իրենց պարտականությունները, այլ հոգեբանական ու ֆիզիկական ճնշում են գործադրում՝  հայ ժողովրդին ստիպելու  համար, որպեսզի մենք տրամադրենք ցամաքային ճանապարհ, որպեսզի  ռուսներն ու թուրքերը կարողանան անարգել ձևով, պատժամիջոցները շրջանցեն։

«Մենք, ցավոք, այսօր ունենք ողնաշարից բացարձակապես զուրկ ղեկավարություն, բայց մենք ցուցադրում ենք, որ հայ ժողովուրդը գիտակցում է, թե ով է իր թշնամին և ինչ նպատակներ է հետապնդում»,- ասաց Գարեգին Չուքասզյանը։

Նա ասաց, որ հայ ժողովուրդը պիտի ցույց տա, որ ինքը սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ, որը սպասում է հերթական կոտորածին ու հայ ժողովրդի նկատմամբ կատարվող էթնիկ զտմանը։

Ցուցարարները շարժվեցին Գյումրու մարդաշատ թաղամասեր, բնակիչների հետ հանդիպելու համար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031