Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սա բացարձակապես անձերի խնդիր չէ, սա Արցախին աստիճանաբար Ադրբեջանի գիրկը նետելու քաղաքականության մի օղակն է. Արմեն Բաղդասարյան

Հունվար 15,2023 15:27

Ռուբեն Վարդանյանի անձը կամ այն ծրագիրը, որը նա փորձում է իրականացնել, կամ  Արցախում  ունեցած նրա դիրքավորումը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի  պատկերացումներում չի տեղավորվում, «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է սկսվել:  «Ես տեսնում եմ, որ հատկապես մերձիշխանական քարոզչամիջոցները և այսպես ասած, արևմտամետ քարոզչամիջոցներն այդ նույն խոսույթն են  զարգացնում և  Ռուբեն Վարդանյանի դեմ զուգահեռաբար քարոզչական արշավ են սկսել: Սա ենթադրել է տալիս, որ նրա անձը կամ այն ծրագիրը, որը նա փորձում է իրականացնել, կամ Արցախում ունեցած նրա դիրքավորումը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ  Ադրբեջանի պատկերացումներում չի տեղավորվում:

Այսինքն Ռուբեն Վարդանյանի հռետորաբանությունը՝ պայքարել մինչև վերջ և ոչ մի դեպքում զիջումների չգնալ, չինտեգրվել Ադրբեջանին,  Հայաստանում ընկալում են որպես Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու շարժառիթ, պարզ ասած, վախենում են, որ նրա դիրքորոշումը կհանգեցնի նոր ագրեսիայի: Իմ տպավորությամբ, կարծեք թե Հայաստանում կցանկանային Արցախում ունենալ ավելի մեղմ, ավելի  հաշտվողական, ավելի զիջողական իշխանություններ, և հենց սա է պատճառը, որ կոչ են անում ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին՝ վերջապես իր ձեռքը վերցնել  ամբողջ իշխանությունը և Ռուբեն Վարդանյանին դուրս մղել այնտեղից: Կարծում եմ, որ սա բացարձակապես անձերի խնդիր չէ, սա Արցախին, եթե մի քիչ կոպիտ ասենք, աստիճանաբար Ադրբեջանի գիրկը նետելու քաղաքականության մի օղակն է»,-նշեց Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքական մեկնաբանի տպավորությամբ, Ռուբեն Վարդանյանի դեմ Հայաստանի իշխանությունների և իշխանական քարոզչամիջոցների հռետորաբանության պատճառներից մեկն էլ կարող է լինել Հայաստանի իշխանությունների համար հնարավոր լուրջ  քաղաքական մրցակցի հեռանկարը:

«Ռուբեն Վարդանյանը Արցախից հետո, որպես այնտեղ դիմադրություն կազմակերպած մարդ, կարող է ինչ-որ պահի տեղափոխվել Հայաստան և այստեղ լուրջ քաղաքական պայքար ծավալել իշխանությունների դեմ և շատ ավելի մեծ շանսեր ունենալ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համեմատ, որովհետև, ի տարբերություն նրանց, վարկաբեկված չէ և Արցախում էլ այսպես որոշակի հերոսական իմիջ է ձեռք բերել: Կարծում եմ՝ իշխանություններն այս մտավախությունն ունեն»,-ընդգծեց նա:

Արցախում հնարավոր արտահերթ ընտրությունների մասով Արմեն Բաղդասարյանը նշեց, որ եթե գործող Ազգային ժողովը ցրվի, հնարավոր է, որ ընտրություններ առհասարակ տեղի չունենան, պարզապես թույլ չտան, ինչը անուղղակիորեն կնշանակի իրականացնել ադրբեջանցիների այն պահանջը, որ տեղական իշխանական կառույցները՝ նախագահի ինստիտուտ, Ազգային ժողով և այլն,  պետք է լուծարվեն: «Այսինքն, եթե հայկական կողմը որոշել է  այդպիսի զիջումների գնալ, բայց չհրապարակել այդ մասին, կարող է որպես ձև ընտրված լինել հենց դա՝ ցրել գործող իշխանությունները, որ հետո նոր ընտրություններ թույլ չտան և  ստացվի, որ Ադրբեջանի պահանջը կատարվեց, այսինքն ստացվի, որ տեղական իշխանական մարմինները լուծարվեցին:

Խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանը հաջողության հասնի այս հարցում՝ Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից կամ պաշտոնից, ինչը պնդում է ադրբեջանական կողմը, դա կնշանակի ադրբեջանական կողմի հաղթանակ և Ղարաբաղի սուբյեկտայնության վերջնական չեզոքացում, որովհետև եթե Արցախը չպետք է որոշի, թե ով է բանակցություններում ներկայացնելու արցախահայությանը, այլ դա պետք է որոշվի Ադրբեջանում, դա նշանակում է Արցախի սուբյեկտայնության այն չնչին փշրանքները, որ դեռևս մնացել են, իսպառ վերանալու են»,-եզրափակեց քաղաքական մեկնաբանը:

Հիշեցնենք, որ երեկ լուեր տարածեվեցին, թե հրաժարական է պատրաստվում տալ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, շատ  չանցած նա  հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հերքելով տարածվող լուրերը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031