Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր ընթանում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի եզրափակիչ տուրը։ Գրոսմայստերական նորմայով խմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը ութ տուրից հետո 4,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսկի հինգերորդ հորիզոնականում։
Aravot.am-ը զրուցեց խմբի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, Հայաստանի գործող չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանի հետ։
-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս հուշամրցաշարին՝ հրաժարվելով Հայաստանի կանանց առաջնությունում երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճելու հեռանկարից։
-Քանի որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են գլխավորապես ազգային հավաքական ընդգրկվելու համար, իսկ ես այս տարի տեղ ունեմ, կարծում եմ, արդարացի չէր լինի իմ արդյունքներով մյուսներին խանգարելը։
Կարդացեք նաև
-Ասում են, որ այս մրցաշարն ընտրել ես նաեւ Եվրոպայի առաջնությանը լավ նախապատրաստվելու նպատակով։
-Իրականում դա ճիշտ է։ Իմ հաջորդ մրցաշարը լինելու է մարտի 17-ից 30-ը կայանալիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։ Այս մրցաշարն իմ համար ինչ-որ առումով մարզումային բնույթ է կրում, շատ կարոեւոր փորձ է ՝ հասկանալու իմ բոլոր թերությունները եւ ավելի լավ պատրաստվելու։
-Այս հուշամրցաշարում մրցաշարային աղյուսակի վերջին տեղում ես։ Արդյունքը քո համար այնքան էլ էական չէ՞։
-Միանշանակ էական է, բայց ինչպես ասացի, գլխավորը փորձ ձեռք բերելն էր եւ ուժեղների հետ խաղալը։
-Եվ հաջողվե՞ց փորձ ձեռք բերել, ի հայտ բերել քո խաղի թերությունները։
-Կարծում եմ, հաջողվեց։ Իսկ մնացածը կերեւա Եվրոպայի առաջնությունում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ