ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված հանդիպմանը, որի նպատակն Արցախին մարդասիրական օգնության ձեռք մեկնելու ուղիներ փնտրելն էր, ռուսահայ ստվար համայնքից ներկայություն էին ցուցաբերել ընդամենը երկու տասնյակին մոտ անձինք՝ ուսանողներ, հասարարական կառույցների անդամներ:
Դիմելով ներկաներն՝ Ջավախքի համայնքի նախագահ Աղասի Արաբյանը հատուկ զգուշացրեց, թե քննարկել Հայաստանի ներքաղաքական վիճակը չեն պատրաստվում, այնպես որ հանդիպումը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ ինչպե՞ս օգնել Արցախին ստեղծված իրավիճակում: Ընդանուր համաձայնությամբ որոշվեց, որ քննարկումը ընթանալու է ռուսերեն: Մոսկվայում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, դիմելով ներկաներին, ամփոփ ներկայացրեց իրավիճակը Արցախում և հայտնեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրը սննդի՝ մասնավորապես ալյուրի, կարտոֆիլի, շաքարի, բրնձի, ոլոռի և այլ հատիկավորների սղությունն է, ինչպես նաև մանկական սննդի պակասությունը:
Ասվածը առավել պատկերավոր և համոզիչ դարձնելու համար ներկաներին բաժանվեցին ցուցակներ, որտեղ մանրամասնորեն հաշվարկված էր, թե մեկ շաբաթվա ու ամսվա կտրվածքով ինչ քանակության սննդամթերք ու մանկական սնունդ պետք է հավաքել ու ուղարկել Արցախ:
Ցուցակները ուղարկվել էին Արցախից, որի իշխանությունները, ըստ պարոն Անդրյանի, այս պահին հենց այդպիսի հանձնարարական են տվել համայնքային ներկայացուցչություններին: Անդրյանը տեղեկացրեց, որ իրենք ձեռքի տակ ունեն նաև անհրաժեշտ դեղորայքի հավաքագրման ցուցակ, բայց այն կներկայացվի հատուկ այդ ոլորտով զբաղվողներին:
Կարդացեք նաև
Անդրյանի հավաստմամբ, այս օրերին շատ շատերը զանգահարում են ու հարցնում՝ բեռ ենք ցանկանում ուղարկել Արցախ, ինչպե՞ս տեղ հասցնենք և տեղեկացրեց, որ Երևանում և Գորիսում գոյություն ունեն շտաբեր, որտեղ հավաքվում են բեռներ ու Կարմիր խաչի կամ խաղաղապահների աջակցությամբ՝ ուղիղ կամ անուղղակի ճանապարհներով հասնում են Արցախ:
Հաջորդ խնդիրը, ըստ կազմակերպիչների, այն է, որ պետք է ամեն կերպ և ամենօրյա ռեժիմով Արցախում ստեղծված իրավիճակի մասին հայտնել ռուսաստանյան պատասխանատու կառույցներին: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի վերևներում բանից տեղյակ չեն: Բնավ: Արցախի ներկայացուցիչը հայտնեց, որ այս ընթացքում Արցախից ժամանած պաշտոնյաները, մասնավորապես նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդիպումներ են ունեցել մի շարք ռուս պաշտոնյաների, պառլամենտականների, փորձագետների հետ, որոնք հաճախ իրենք են հանդիպակաց նախաձեռնությամբ ցանկություն հայտնել հանդիպման: Ասվածից պարզ դարձավ, որ ռուս-արցախյան երկխոսությունը կայուն ընթացքի մեջ է, սակայն այդ ընթացքի արագության շարժիչը մեկ աստիճանով առաջ տալը բոլորովին ավելորդ չի լինի:
Պարոն Անդրյանի ելույթից հետո հավաքված երիտասարդներից մեկը վրդովմունք հայտնեց, թե դռնեդուռ ընկած «գրեչկա» ու բրինձ հավաքելով չէ, որ պետք է զբաղվեն ռուսահայ համայնքի ներկայացուցիչները և, ընդանրապես, ժամանակն է արցախցիներին կարթ տալ և ոչ թե՝ ձուկ: Ըստ երիտասարդի, արցախցիները հարմարվել են տարիներ շարունակ, որ իրենց ձուկ են տալիս, այնինչ այնտեղ ապրող մարդիկ աշխատում են, տղամարդիկ 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում ու կարող են գնել այդ նույն բրինձն ու յուղը: «Հո ամեն ինչ ձրի չի՞ լինելու»,- հարց հնչեցրեց երիտասարդը և առաջարկեց իր տեսլականը, որը ավելի շուտ բիզնես նախագիծ էր իշեցնում: Այն է՝ ընդամենը պետք է մի քանի հայ գործարար հարմար գնով գնեն ու ուղարկեն այդ մթերքները Արցախ, Արցախի պատկան մարմինները թող այն ցրեն խանութներում, իսկ արցախցիներն էլ մտնեն ու խանութից գնեն այդ ապրանքը: Ինչից հետո փողը կփոխանցեն բեզնեսմեններին, նրանք կրկին կգնեն ու կուղարկեն:
Երիտասարդի այս առաջարկը հավանության չարժանացավ: Հետո էլ ինչ-որ մեկը արձագանքեց, թե Հայաստանից ստացած իր տեղեկությամբ՝ խնդիրը ոչ թե յուղ ու բրինձ հավաքագրելն է, այլ այն տեղ հասցնելը, քանի որ տոննաներով բարձված բեռնատարներն այս պահին խցանված են արցախամերձ տարածքներում ու չեն կարողանում տեղ հասնել:
Հանդիպման ներկաներից մի քանիսը մեկդարյա պատմական էքսկուրս կատարեցին պատմության քառուղիներով՝ բոլշևիկներից մինչև մերօրյա իրականություն, վերհիշեցին Արցախյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը, դրան հաջորդած պանծալի տարիները, երբ ցանկացած դուռ ինքնին բացվում էր հաղթանակած հայերի առաջ, սակայն այդպես էլ չհստակեցրին, թե ինչպե՞ս պետք է հավաքագրել ցուցակագրված անհրաժեշտ պարենը կամ ո՞ւմ պետք է դիմել այդ խնդրանքով: Անհատների՞ն, որոնք պահեստ կբերեն յուրաքանչյուրը 10-10 կիլոգրամ օգնություն, թե՞, այնուամենայնիվ, գործարարներին: Կամ նպատակահարմար է այն ուղարկել Ռուսաստանի՞ց, թե՞ լավ կլինի առավել մերձավոր երկրներից, որպեսզի լոգիստիկայի հետ կապված բարդություններ առաջ չգան:
Խոսքի հրավեր ստացած հայազգի փորձագետ Արայիկ Ստեփանյանը, սկսելով ելույթը, փորձեց ներկաների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե վերջապես պե՞տք է հասկանալ, թե ինչո՞ւ է հայ ժողովուրդը ամեն անգամ, դարեր շարունակ հայտնվում նույն ու նույն աղետալի վիճակում, թե՞ ոչ: Ինչո՞ւ կռվի դաշտում հերոսաբար, փառավոր հաղթում է, բայց չի կարողանում պահել իր հաղթանակները դիվանագիտական ճակատում:
«Միգուցե՞ խնդիրը հայոց էլիտայի մեջ է, որն իրեն էլիտա է երևակայում, սակայն ընդունակ չէ մտածելու, հասկանալու և հարցեր լուծելու»-, հռետորական հարց հնչեցրեց Արայիկ Ստեփանյանը ու, պատասխանելով ինքն իր իսկ հարցադրումներին, հավաստիացրեց, որ ազգային հարցերը պետք է լուծել համալիր ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ քրտնաջան աշխատելով օր ու գիշեր, յուրաքանչյուր հայի վրա հանձնարարություն դնելով ու հետևելով, որ նա այն իրականացնի: Թշնամի երկրի պես մեծ գումարներ ու ռեսուրսներ պետք է զոհաբերել ընդանուր նպատակին, ինչն էլ հայ ազգին դուրս կքաշի այս հարատև տառապանքից, ահա ելքը:
Փորձագետին, սակայն, հիշեցրեցին, որ օրվա հավաքի նպատակը բնավ մեղավորներ փնտրելն ու աղետալի իրավիճակի խորը վերլուծությունը չէ, այլ անհրաժեշտ պարենամթերքի հայթայթումն է:
Մինչ խոսքը կփոխանցեին Արա Աբրահամյանի ղեկավարած Ռուսաստանի հայերի միության փոխտնօրեն Լևոն Մուկանյանին, կազմակերպիչների կողմից հանկարծ հնչեց մտահոգություն, թե գուցե հանդիպման լուսաբանումը այդքան էլ նպատակահարմար չէ, որին հետևեց իմ պատասխանը, թե լուսաբանումը արդեն ընթացքի մեջ է, այլևս ուշ է: Եթե նման խնդիր կար, պետք չէր հրավիրել լրագրողների կամ հրավիրելիս՝ այդ մասին հայտարարել հանդիպման մեկնարկից առաջ:
Ցավոք, մնալ մինչ հանդիպման ավարտը և լսել Լևոն Մուկանյանի ելույթը մինչև վերջ չստացվեց, քանի որ նա արգելեց նկարահանել այն, ինչից հետո ես դուրս եկա սենյակից:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա
Տասնամյակներով փոխարենը անկախ պետականությունը ամրապնդելու հայոց գեղցի էլիտան սղոցում էր անկախության ծառը ու հարստություն դիզում։ Իսկ այսօր իրենց մանկլավիկների միջոցով փորձում են այլ ուղղությամբ տանել քննարկումները։ Մինչև ոչ վաղ անցյալի իրական գնահատական չտրվի,ներկայիս իշխանության իրական քննադատությունը չի ընկալվի։ Սրանք անընդհատ նախկինների վրա են ամեն ինչ բարդելու։ Իսկ եթե նախկինների նկատմամբ հստակ վերաբերմունքը հասարակական նման քննարկումների ժամանակ միանշանակ ասվի ապա նորերի արած խայտառակ սխալները նախկինների վրա բարդել չի ստացվի։ Այո նրանք մեծ սխալներ են գործել բայց նորերը գալով ավելի մեծ սխալ որ գործեցին։