Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
2023 թվականի հունվարի 14-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, որը Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության և համանուն խմբակցության անդամ է, չի բացառել Արցախում նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունն առաջադրվելու ԱՀ նախագահի թեկնածու։
Արցախի Սահմանադրությամբ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են միաժամանակ։ Այսինքն` տվյալ դեպքում դրա մասին խոսել, նշանակում է, որ քննարկվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի և դրանից հետո միաժամանակյա ընտրությունների կազմակերպման հնարավորությունը։
Այսօր լուրեր են շրջանառվում նաև Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ի սկզբանե ինձ համար հասկանալի չի եղել Ռուբեն Վարդանյանի նշանակումն այդ պաշտոնում, սակայն դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների՝ նրա դեմ իրականցվող հստակ պետական մակարդակով հակաքարոզը և նրան Արցախից հեռացնելու պահանջները լուրջ ազդակներ են ինձ համար իմ մոտեցումները խմբագրելու համար։ Հստակ է մի բան․ այս պահին պետք է բացառել Արցախում որևէ քաղաքական նոր վերադասավորում և փոփոխություն։
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ կիսում է Արցախի կորստի ողջ պատասխանատվությունը։ Նրանք ամեն ինչ արել են միասին, սակայն նրա հնարավոր հրաժարականը նոր, վերջին կործանարար հարվածը կլինի Արցախի համար։ Նա հրաժարական պետք է տված լիներ 2020 թվականի նոյեմերի 10-ին և վաղուց կրեր իր պատիժը։ Հիմա նա պարտավոր է մնալ իր պաշտոնում, իսկ նրա հնարավոր հրաժարականը վերջնական թշնամական արարը կլինի Արցախի և ողջ հայ ժողովրդի համար։
Ռուբեն Վարդանյանը պետք է շարունակի պաշտոնավարել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Անկախ նրա աշխատանքի ներկա արդյունավետությունից, միայն այն, որ նրա պաշտոնանկությունը և Արցախից հեռացնելն Ադրբեջանի պահանջ է, դա չպետք է կատարվի։
Այս ճգնաժամային իրավիճակում Արցախում հանրային դիրք և պաշտոն ունեցող յուրաքանչյուր գործիչ պետք է մտածի միայն հակաճգնաժամային կառավարման և իրավիճակի հաղթահարման ֆունկցիոնալ լուծումների մասին։ Ցանկացած հրաժարական, նշանակում կամ փոփոխություն միայն խորացնելու է ճգնաժամն Արցախում, որի հետևանքները կլինեն անկանխատեսելի և կործանարար։
Արցախում ապրող մեր հայրենակիցներին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվություն և կանխել ցանկացած հնարավոր քաղաքական փոփոխություն Արցախում։ Հիմա ցանկացած փոփոխություն ունենալու է միայն ու բացառապես վտանգավոր և կործանարար հետևանքներ։