ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցու ձեռքում:
Հայկական մեդիատարածքում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանի ղեկավարության պահանջով Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից և լքել Արցախը:
Ավելին, կարծիք է հայտնվում, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը Լաչինի միջանցքը բացելու գինն է:
Այն, որ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակման դեմ, դա հայտնի է բոլորին: Վերջին անգամ այդ առիթով արտահայտվել է հարևան երկրի արտգործնախարարը Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի հետ բրիֆինգում:
Համոզված չեմ, որ այդ, ցինիզմի աստիճանի հասնող նախաձեռնությունը կարող է լուրջ ընկալվել Արցախի Հանրապետությունում այն պարզ պատճառով, որ արցախցին հպարտանում է իր ինքնիշխանությամբ և թույլ չի տա որևէ մեկին, իսկ թշնամուն՝ հատկապես, միջամտել Արցախի ընտրովի մարմինների գործունեությանը:
Կարդացեք նաև
Պետք է լինել առնվազն մտովի կույր, որպեսզի հավատալ, թե Լաչինի միջանցքը այդ կերպ կբացվի (եթե նույնիսկ այսօր բացվի, ապա վաղը մեկ ուրիշ պատրվակով նորից կփակվի):
Լաչինի միջանցքի բացման գինը շրջափակմանը հաղթելն է՝ 2022թ. դեկտեմբերի 25-ի հանրահավաքում հռչակած Ազատագրական պայքարի Ազգային Ուխտին հավատարիմ մնալով:
Ցանկացած այլ մոտեցում՝ կործանում է, ընդ որում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և հայության: Սա պետք է գիտակցեն հայության բոլոր հատվածներում:
Այսօր Հայոց պետականության և հայության լինելիության բանալին Արցախում է՝ հերոս արցախցիների ձեռքում:
Տարօրինակ է, որ նույնիսկ թշնամին է դա հասկանում:
Այս ճակատագրական պահին ընկրկել մեր ոխերիմ հարևանի շանտաժին՝ կնշանակի դավաճանել մեր Ազգային Ուխտին:
Սատարել Ռուբեն Վարդանյանին նշանակում է սատարել Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման անխախտ իրավունքին: