Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի ազգականը՝ Գյումրու փոխքաղաքապետացո՞ւ

Հունվար 14,2023 22:58

Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի՝ Ազգային Ժողովի պատգամավոր դառնալուց հետո Գյումրու երկրորդ փոխքաղաքապետի հաստիքը թափուր է մնացել։

3 ամիս է՝ իշխող կուսակցությունը փնտրտուքի մեջ է՝ հստակ գիտակցելով, որ անհրաժեշտ է այնպիսի փոխքաղաքապետ, որը բարձր մակարդակով կշփվի թե՛ քաղաքապետարանի աշխատակիցների, թե՛ ընդդիմադիր գործընկերների, և՛ թե մամուլի հետ, կկարողանա առանց կոնֆլիկտների հեշտությամբ աշխատել «Բալասանյան դաշինքի» պաշտոնյաների հետ։ Դավիթ Առուշանյանը հենց այդպիսին էր։

Դավիթ Առուշանյանի հեռանալուց 3 ամիս անց թերևս առաջին անգամ Գյումրիում շրջանառվում է նորաթուխ ավագանու անդամ Վահագն Մկրտչյանի անունը։ Նա ընդամենը վերջերս է դարձել Գյումրու ավագանու անդամ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Արման Բաղդասարյանի մանդատը վայր դնելուց հետո։

Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, 28 տարեկան երիտասարդ, նա վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։ Նրա անունը գյումրեցիներին բացարձակապես անծանոթ է, որպես ավագանու անդամ՝ դեռ չի հասցրել գեթ մեկ անգամ ելույթ ունենալ, գործընկերները դեմքը դեռ նորմալ չեն տեսել։

Նշենք, որ նրան փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու լուրերը հատկապես շրջանառվում են այն թաղամասում, որտեղ բնակվում է երիտասարդը, հարևաններն են ակտիվորեն խոսում այս մասին։

Ինչևէ, այս տեղեկության իսկությունը փորձեցինք  ճշտել մեր ՔՊ-ական աղբյուրներից։ Վերջիններս ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական  բոլոր անդամների թեկնածությունն էլ  քննարկման դրվել է, երեք ամիս է՝ քննարկումներ են կատարում՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։  Վահագն Մկրտչյանի անունն էլ՝  որպես ավագանու անդամ, քննարկվում է, սակայն Գյումրի քաղաքի համար դեռ հարմար փոխքաղաքապետ են փնտրում՝ գիտակցելով, որ Գյումրին կառավարելը հեշտ չէ։

Հիշեցնենք, որ Գյումրին առանձնահատուկ  բարդ բնավորություն ունեցող քաղաք է, այստեղ պաշտոնավարելն անչափ դժվար է, կառավարումը ձախողված պաշտոնյաներին հումորասեր այս քաղաքում  սիրում են մականուններ կպցնել՝ սերնդեսերունդ փոխանցելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031