ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանապարհը, կյանքի ճանապարհը փակելուց հետո առաջին անգամ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից հնչեցին կոչեր, որոնք հասցեական էին` ուղղված Ադրբեջանին:
«Կարեւոր շեշտադրում անեմ, որ շատ հաճախ այդ կոչերն ու հայտարարությունները ոչ թե ՀՀ կառավարության գործունեության արդյունք են, այլ Սփյուռքի մեր հայրենակիցների գործողությունների արդյունք են: Ասել, որ այս հայտարարությունները իսկապես որպես ճնշման գործիք կարող են օգտագործվել Ադրբեջանի նկատմամբ, միամտություն կլինի, որովհետեւ հայտարարությունները եղել են հենց շրջափակման առաջին օրերից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ էկոակտիվիստների անվան տակ Ադրբեջանի իշխանություններն են: Միջազգային հանրության հետ աշխատելու խնդիրն այն է, որ այսօրվա իշխանությունների ընտրած բառամթերքը միջազգային հանրությանը տարակուսանքի մեջ է դնում:
Երբ մենք տարբեր միջխորհրդարանական եւ միջազգային կառույցներում փորձում ենք բարձրացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչից որ հրաժարվել են այս իշխանությունները, մեզ այնտեղ ասում են` ձեր պետությունում կողմնորոշվեք, ի վերջո, ի՞նչ եք ուզում, ձեր իշխանություններն այլեւս Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին չեն խոսում, ձեր իշխանություններին այլեւս Արցախի ժողովրդի ինքնորոշումը չի հետաքրքրում, հետեւաբար, ինչ եք դուք մեզանից պահանջում: Սա, իսկապես, լուրջ խնդիր է առաջացրել միջազգային հանրության հետ աշխատանքներում, եւ դա է պատճառը, որ միջազգային հանրության հայտարարությունները հետեւանքներ չառաջացնող տեսք են ունենում… միջազգային մարմինների եւ տարբեր պետությունների արձագանքները մինչ այս պահը արդյունք չեն տվել, դա նաեւ նրանից է, որ մեր իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից:
Որեւէ պատասխանատվության միջոց Ադրբեջանի նկատմամբ մինչ այժմ չի կիրառվել ու չի կիրառվելու: Եթե 44 օրյա պատերազմից հետո, երբ կային չհերքվող փաստեր միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ, եւ չեղավ ոչ մի միջազգային արձագանք, այսօր սպասել, որ ճանապարհը փակելու ու հումանիտար ու քաղաքական ճգնաժամ ստեղծելու արդյունքում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, միամտություն կլինի »,- այսօր «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» քննարկման ժամանակ ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Էլինար Վարդանյանը, եզրափակելով իր խոսքը, նաեւ հավելեց. «Որեւէ միջազգային կառույց սեփական նախաձեռնությամբ որեւէ բան չի անելու, այստեղ լուրջ աշխատանք է անհրաժեշտ, սակայն, ցավոք սրտի, ունենք հետեւյալ կազուսային վիճակը. Արցախը զրկված է այդպիսի լուրջ միջազգային աշխատանք կատարելու հնարավորությունից, իսկ Հայաստանը չի ուզում այդպիսի աշխատանք կատարել: Այդպես նստած սպասում ենք, թե միջազգային հանրությունից ինչ արձագանք կգա: Միջազգային հանրության հետ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք եւ ոչ թե նստել, հայացքներն ուղղել, ասել` լավ հայտարարություն էր, վատ հայտարարություն էր, դա բացառապես աշխատանքի արդյունք պետք է լինի… Այստեղ բացառապես քաղաքական լուծումներ են անհրաժեշտ, որովհետեւ ճգնաժամը քաղաքական է, եւ քաղաքական լուծումները պետք է կիրառվեն, իսկ քաղաքական լուծման միակ ճանապարհը հետեւյալն է` եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, դա նշանակում է ազատվել այսօրվա իշխանությունից, որովհետեւ իրենց գործողությունները ամեն հաջորդ օր բարդացնում են Արցախի հարցի լուծման հնարավորությունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ