Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը հեռանո՞ւմ է․ Շիրակի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում են երկու անուններ

Հունվար 14,2023 18:40

Տևական ժամանակ է՝ Շիրակի մարզում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի պաշտոնափոխ լինելու մասին։

Ըստ տեղեկությունների, նա տեղափոխվելու է կառավարություն՝ զբաղեցնելով ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մարզպետն, ըստ էության, ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այս լուրերը։  Նազելի Բաղդասարյանը՝ որպես մարզպետ, դեռ ակտիվ, բնականոն աշխատանքի մեջ է, պատրաստվում է ՀՀ կառավարության որոշմամբ մարզպետարանում առաջիկայում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին։

Իսկ այս ընթացքում տարբեր անուններ են շրջանառվում․ սկզբում շրջանառվում էին նախկին փոխվարչապետ, գյումրեցի Համբարձում Մաթևոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ծնունդով Արթիկից Տարոն Չախոյանի անունները։

Սակայն կարճ ժամանակ անց այս երկու անուններն էլ բացառեցին՝ ներկա պահին շրջանառության մեջ դնելով երկու այլ  անուններ։

Ալբերտ Այվազյան

Նրանցից մեկը Շիրակի փոխմարզպետ, Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանն է, մյուսը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը, որը դարձյալ Շիրակի մարզից է՝ Անի խոշորացված համայնքի Աղին գյուղից է։

Նիկոլայ Սարիբեկյան

Նա միջազգային հարաբերությունների մասնագետ է, ավարտել է Հայաստանի մայրը բուհը՝ Երևանի պետական համալսարանը, ամենակարևորը՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Նա ՔՊ-ական է, կենսագրական տվյալները բավականին  հարուստ են, սակայն նշենք, որ նրա եղբայրը՝ Արման Սարիբեկյանն այս պահին զբաղեցնում է Անի խոշորացված համայնքի ղեկավարի ժ/պ-ի պաշտոնը։

Արման Սարիբեկյանը մարտի 26-ին  նշանակված ՏԻՄ ընտրություններին դարձյալ մասնակցելու է  որպես ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, հետևաբար և  բարոյական տեսանկյունից անընդունելի, ավելին` շահերի բախում կլինի, եթե եղբայրներից մեկը նշանակվի մարզպետ, մյուսը դառնա համայնքապետ։

Ինչևէ, ըստ  որոշ ՔՊ-ականների, այս երկուսի անունները շոշափվել են կուսակցության կողմից։

Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, Շիրակի մյուս փոխմարզպետի՝ Շիրակի մաքսատան նախկին պետ Կարեն Մանուկյանի՝ մարզպետացուների ցանկում  լինելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Կարեն Մանուկյանը թեև կառավարման մեծ հմտություն ունի, այդուհանդերձ նրա անունը կապում են նախորդ իշխանությունների վերնախավի հետ։

Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ նշանակվեց 2021 թվականի նոյեմբերի 8-ին՝ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո։ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետարան տեղափոխվեց Ազգային ժողովից․ նա ուրույն դեմք ունեցող, երևացող ու ամենահետաքրքիր պատգամավորներից էր։

Թե որքանով են իրական Շիրակի մարզպետի պաշտոնից հեռանալու մասին խոսակցությունները, կփորձենք պարզաբանումներ ստանալ Նազելի Բաղդասարյանից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031