Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «33 տարի առաջ եղան Սումգայիթի, Գանձակի, Մատաղիսի, Բաքվի հայերի ջարդերը, եւ այդ ցեղասպանությունը Ադրբեջանը շարունակում է այսօր»

Հունվար 14,2023 18:25

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժումը եւ մի քանի այլ ՀԿ-ներ, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում 1990 թվականին Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարի առջեւ ծաղիկներ խոնարհելով, ոգեկոչման արարողություն մատուցեցին ադրբեջանական հրոսակների զոհ դարձած հարյուրավոր հայորդիների հիշատակին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Aravot.am-ի հեր զրույցում ասաց. «33 տարի առաջ եղավ Սումգայիթ, Գանձակ, Մատաղիս, որոնց հաջորդեցին նաեւ Բաքվում հայերի ջարդերը: Դրանք բերեցին մեզ մի համոզման, որ ցեղասպանությունը շարունակվում է, եւ ադրբեջանցիները նույնպես կրկնում են ցեղասպանության բոլոր դրսեւորումները: Հիմա՝ 33 տարի անց, մենք տեսնում ենք, որ ցեղասպանական նույն գործողություններն Ադրբեջանն իրականացնում է պատմական Արցախի հայ բնակչության նկատմամբ: Դա նշանակում է, որ նրանք այդպիսին են, ցեղասպան են եւ չեն փոխվել: Ես սա ուզում եմ հատուկ շեշտել:

Ի՞նչ են խոսում Ալիեւը եւ իր ամբողջ թիմը: Իբրեւ, Արցախը ադրբեջանական տարածք է, որ Հայաստանն է իրենցը, Երեւանն իրենց պատմական քաղաքներից է: Այս տեսակետից ես զարմանում եմ մեր պատմաբանների վրա, որոնք բացարձակ լռում են, չեն ասում, որ Բաքուն իսկապես հայկական է եղել, որ Բաքվում, օրինակ բոլոր նավթահորերը պատկանել են հիմնականում հայերին կամ ռուսներին, հրեաներին: Իսկ ադրբեջանցիներն այնտեղ եղել են ընդամենը աշխատողներ:

Բայց այսօր խնդիրը, որ մենք դրել ենք մեր առջեւ, ոչ թե ողբը շարունակելն է, այլ մտածելը, թե ինչպես պետք է միավորենք մեր ազգը, որպեսզի ինքն արդեն պատասխանատվությունը վերցնի իր վրա՝ առանց նայելու, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ով են իրենց էությամբ, ինչ են անում եւ, ընդհանրապես, կա՞ արդյոք, այսօր իշխանություն որպես այդպիսին: Դրա համար մենք այստեղ որեւէ խնդիր չունենք՝ չխոսելու, այդ բոլոր հարցերը չբարձրացնելու եւ, ամենագլխավորը, նորից վերադարձնելու մեր ժողովրդին ազգային-գաղափարական իր ակունքներին, Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին եւ դրա հիման վրա միավորելու մեր ազգը: Սա է մեր առջեւ դրված ամենագլխավոր խնդիրը, որովհետեւ այսօրվա պարոնը մեզ բերել է ընտրության առաջ. թե քաղաքակրթության ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք: Իր պատկերացմամբ՝ թրքական, մեր պատկերացմամբ՝ մեր Հայ Առաքելական եկեղեցու, մեր ազգային արժեքների, որոնք համամարդկային են: Ինչը օտար է, խորթ է մեզ համար, դա մերը չէ: Եվ Ալիեւն ինչ անում է, անում է, Հայաստանի այսօրվա իշխանիկն իրեն այդ հնարավորությունը տվել է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031