«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանի դիտարկմամբ, այն իրավիճակը, որում հայտնվել է այսօր Արցախը, մեկ օրվա իրադարձություն չէր:
«Շրջափակված Արցախ. Ադրբեջանի անտարբերության ճիրաններում» թեմայով քննարկման ժամանակ Ստամբուլյանը նկատեց, որ Արցախի վտանգված լինելու մասին տարբեր ժամանակներին տարբեր հանրային ու քաղաքական գործիչներ ահազանգել են:
«Ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ Արցախը շրջափակման մեջ կարող է հայտնվել: Այն, որ ՀՀ-ն ապահովագրված չէ այն ամենից, ինչ Արցախում տեղի է ունենում այսօր, դա ակնհայտ է: Ճիշտ է, մենք հումանիտար բնույթից ենք խոսում, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, ինչը արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի… մայրը, որը տեսնում է, որ իր զավակը չունի ապագա Արցախում, ֆիզիկական գոյությունը վտանգված է, բռնելու է արտագաղթի ճանապարհը: Այն, ինչ կատարվում է, Արցախի հայաթափման նպատակով է արվում: Այսօր Արցախում, իսկապես կա կոմունիկացիաների խնդիր: Երբ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին մեկնում էինք Արցախ, ճանապարհը, որը նոր էր այլընտրանքային կառուցվել, երբ ճանապարհին բազմաթիվ ադրբեջանական մեքենաներ էինք տեսնում, Արցախի Ազգային ժողովից մեզ ասացին, որ շինարարություն է ընթանում, ու շինարարներն են վերահսկում ճանապարհը: Այդ ժամանակ արդեն վտանգը տեսանելի էր, երբ հայը անցնում է ու տեսնում ադրբեջանցուն ճանապարհին, երբ այդ բարոյահոգեբանական ճնշվածության մեջ գնում է Հայաստան ու գալիս, մոտ ապագայում արդեն տեսանելի էր՝ ինչ է կատարվելու: Երբ Աղավնոն ու Բերձորը հանձնեցին, թվում էր, թե այս իշխանությունները պայմանավորվել էին, որ կոմունիկացիաները շատ արագ անցնեին այն ճանապարհով, որը պետք է Արցախը կապեր Հայաստանի հետ, բայց ինչպես բոլոր հարցերում, այս հարցում էլ ոչ պատշաճ ձեւով ասեմ, դավաճանական ասեմ, թե միտումնավոր, թե անկարողությամբ, թե սեփական հանրության հանդեպ չունենալով որեւէ պատասխանատվության զգացում, այդ հարցը նույնպես չի լուծվել: Չլուծվելով՝ արցախցին այսօր հայտնվել է այս իրավիճակում»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը:
Ըստ նրա՝ ունենք իշխանություններ, որոնք ունեն զրո դիվանագիտական հարաբերություններ թե՛ դաշնակիցների, թե՛ միջազգային հանրության հետ. «Մարդը, որ գոռում էր՝ Արցախը Հայաստան է, այսօր շատ հեշտ ասում է՝ արցախցին պետք է լուծի իր հարցերը, իսկ արցախցու համար ամենակարեւոր բանն այն է, որ իր թիկունքում զգա Հայաստանը, սփյուռքը, եթե չզգա, իսկապես կոտրվելը շատ հեշտ է լինելու… սպասել, որ այս իշխանությունները որեւէ բան կանեն հանուն արցախցու չեն անելու, մեր միակ փրկությունը հանրային, քաղաքական բոլոր ուժերի միավորումն է, սփյուռքի ու Հայաստանի միավորումը, իսկական հայերի միավորումն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ