Հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք նետելու մեջ կասկածվող քաղաքացին՝ Միխայիլ Հարությունյանը, երեկ դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց: Նրա կինը՝ Կիմա Հարությունյանը, ի նշան բողոքի, այսօր Վարդենիսի ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույց էր անում:
Նա պնդում է, որ եթե նույնիսկ ամուսինն է կատարել մեղսագրվող արարքը, ապա դրանում միայն ու միայն ՀՀ ոստիկանությունն է մեղավոր, որ ժամանակին տաք հետքերով չգնաց ու չբացահայտեց 2020 թվականին տեղի ունեցած որդու սպանությունը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրավապահներին կոնկրետ անուններ են տվել, թե ով կարող էր որդուն սպանել, բայց իրավապահներն ասել են, թե ապացույցներ չունեն:
«Հիմա ոնց եղավ, որ մի գիշերում ապացույց գտան, որ ամուսինս է նռնակ նետել, բայց երեք տարվա մեջ որեւէ ապացույց չգտան տղայիս սպանության գործով»,- ասաց Կիմա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ նռնակ նետելու մեջ մեղադրվող տղամարդը այդ կերպ վրեժ էր լուծել իրավապահներից որդու սպանությունը չբացահայտելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ