Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան. Ադրբեջանական թեզերը հասցնում են հայկական դաշտ՝ փորձելով լեգիտիմացնել Արցախի նկատմամբ հակահայկական քաղաքականությունը. «Փաստ»

Հունվար 14,2023 10:33

Այս պահի դրությամբ թշնամին փորձում է Արցախն ամբողջությամբ հայաթափել, ինչի մասին Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է: Ադրբեջանն ուզում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախի տարածքում, ինչն այդ երկրի ռազմավարությունն է: Անդրադառնալով Արցախի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակմանը, այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

«Բերձորի միջանցքը փակելը, հավանաբար Անկարայի խորհուրդներով կիրառվող տարբեր հնարքները պաշտոնական Երևանի կողմից որևէ հակադարձում չեն ստանում: Պաշտոնական Երևանը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, միայն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը: Քպական պատգամավորը հայտարարում է՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը», Փաշինյանը փաստացի ասում է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, ու այսպես շարունակ: Սա նշանակում է, որ իրենք ադրբեջանական թեզերը հասցնում են հայկական դաշտ՝ փորձելով լեգիտիմացնել Արցախի նկատմամբ հակահայկական քաղաքականությունը: Այսպիսով, նրանք համամասնակից են այդ գործողություններին, ինչի մասին այսօր շատ հստակ պետք է խոսել, որովհետև Ադրբեջանի այս քաղաքականությունը չէր լինի, եթե պաշտոնական Երևանից ադեկվատ արձագանք լիներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շաբաթը մեկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվող կոչերը, հայտարարությունները հարիր կլինեին, օրինակ՝ Ուրուգվային:

Նրա դիտարկմամբ, Փաշինյանը կենտրոնացնում է նաև իշխանությունը: «Այդ կենտրոնացումը բազմաթիվ ավտորիտար միտումներ ունի: Սա արվում է ոչ միայն իր սեփական իշխանությունը պահելու, այլ հենց Արցախը հանգիստ հանձնելու համար: Նպատակը նաև այլ, շատ ավելի թույլ, օտարերկրյա ուժերի ենթարկվող Հայաստանի ստեղծումն է, Հայաստանին սուվերենությունից զրկելն է: Հիմա նոր օրենքներ են ընդունում, որ սահմանափակեն խոսքի ազատությունը, տեղեկատվության տարածումը, և այդ ամենի հիմքում հենց նշված նպատակների իրագործումն է»,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Միքայելյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի իշխանությունների հայտարարություններին՝ ուղղված Փաշինյանին: Հիշեցնենք, որ նախ՝ ԱՀ ԱԽ-ն հայտարարեց, որ Փաշինյանի կողմից իր ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, հունվարի 12-ին էլ տեսակամուրջի ժամանակ ԱՀ պետնախարարը հստակ ազդակներ հղեց ՀՀ իշխանությունների որոշ մոտեցումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադառնալով նաև Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի իշխանությունների հետ իրենց մոտեցումները ներդաշնակ են՝ քաղաքագետը նշեց. «Պնդումները, թե մոտեցումները ներդաշնակ են, արվում են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ արցախահայության, թե՛ Երևանում ակտիվ շրջանակների դիմադրությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով: Փաշինյանի այն հայտարարությունը, թե մոտեցումները նման են, իրականությանը չի համապատասխանում: Իրականում Փաշինյանի տարաձայնություններն Արցախի իշխանությունների հետ պարզ էին դեռ 2018-ի վերջից, երբ նա սկսեց ԱՀ տարբեր պաշտոնյաների մեղադրել ինչ-որ լոյալության բացակայության մեջ: Այդ տարաձայնությունները պարզ էին նաև այն ժամանակ, երբ սկսեց ճնշել Արցախի իշխանություններին, որ աշխատանքից ազատեն տարբեր գեներալների, ՊԲ նախարարին և այլն: Թեպետ տարաձայնությունները պարզ էին, բայց ԱՀ իշխանությունները հասկանում էին, որ մեծապես կախված են ՀՀ իշխանությունների կամքից ու ցանկություններից: Սա գիտակցելով՝ փորձում էին գիծը շատ չանցնել և, այսպես ասած, մեծ հակամարտության մեջ չմտնել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս մոտեցմամբ էին պայմանավորված շրջափակումից հետո ոչ թե ՀՀ կառավարության, այլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացված ակցիաները: «Մարտավարական տեսանկյունից ճիշտ քայլ էր, այլընտրանք չկար, թեպետ իրականում, իհարկե, խնդիրը գալիս էր ՀՀ իշխանություններից, որոնք նպատակադրված հանձնում են Արցախը: Իսկ հիմա, նույնիսկ լրջագույն վտանգները հաշվի առնելով, Արցախի իշխանություններն այլևս չեն կարող չխոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում են, և սկսեցին բացեիբաց հայտարարություններ անել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը»,-շեշտեց քաղաքագետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031