Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչ օրս ԲԴԽ-ն դատավորների կարգապահական պատասխանատվության գործերով կայացրել է վեց որոշում, որոնցից մեկով դադարեցրել է դատավորի լիազորությունները, մեկով դատավորին հայտարարել խիստ նկատողություն, երկուսով՝ նկատողություն, մեկ գործով վարույթը կարճվել է, քանի որ համապատասխան դատավորը ԲԴԽ-ի կողմից հարցի քննության ընթացքում գնացել է թոշակի, մեկ գործով էլ միջնորդությունը թողնվել է առանց քննության՝ ԲԴԽ-ում հարցի քննության՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով:
Ասել է թե՝ նշված ժամանակահատվածում դեռևս չի գրանցվել մի դեպք, երբ ԲԴԽ-ն մերժի դատավորին պատժելու՝ արդարադատության նախարարի միջնորդությունը: Այսպիսի ժամանակահատված ԲԴԽ-ի գործունեության մոտ հինգ տարվա ընթացքում դժվար է մտաբերել: Դժվար է մտաբերել նաև իրավիճակ, երբ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը լինեն մտերիմ ընկերներ, ԲԴԽ նախագահի կինը և արդարադատության նախարարը լինեն նույն ընկերության բաժնետերեր: Արդյո՞ք այս դեպքում հնարավոր է ԲԴԽ նախագահից ակնկալել անաչառ վերաբերմունք համատեղ տնտեսական շահ ունեցողի բերած միջնորդությանը: Արդյո՞ք Գրիգոր Մինասյանի միջնորդությունները լավագույն հնարավորությունը չեն Կարեն Անդրեասյանի համար պատժելու, ինչպես ինքն է ասում, «Ալի Բաբային և նրա 40 դատավորներին»:
Նշենք, որ նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը բազմաթիվ միջնորդություններ է ուղարկել ԲԴԽ, որոնց ճնշող մեծամասնությունը չի բավարարվել: Արդյո՞ք հիմա ինքը՝ որպես բավարարող կամ մերժող մարմնի նախագահ, ի վիճակի է խորամուխ լինել իր ընկերոջ միջնորդությունների դեմ բերված հակափաստարկների իրավական բովանդակության մեջ և կայացնել արդարացի որոշում: Հիշյալ հարցերի պատասխանները թողնելով ընթերցողներին ու իրավաբանական հանրությանը՝ անդրադառնանք 2023 թվականի հունվարի 18-ին նշանակված ԲԴԽ նիստին, որի ընթացքում քննվելու է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Սուրեն Անտոնյանին «մեղադրում է» մոտ 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար (հանրությունը սովորաբար Վճռաբեկ դատարանից դժգոհում է վճռաբեկ բողոքները վարույթ չընդունելու համար):
Փաստորեն, ԲԴԽ-ի դեպքում էլ է ախորժակն ուտելիս բացվում, և հերթը Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանինն է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։