Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք եւ մեր «կոտրած տաշտակը»

Հունվար 14,2023 13:00

Երազել, սիրուն հեքիաթներ հորինել թերեւս անխտիր բոլոր ազգերը, ժողովուրդները, անգամ ցեղախմբերն են սիրում։ Բայց նրանք բոլորն այդ ամենն ընդունում են որպես հեքիաթ, իրականությունից կտրված երազանք, որպես Մյունհաուզենի արկածներ կամ Կամպանելլայի երեւակայության արդյունք ուտոպիստական ստեղծագործություն։ Երեւի միայն հայերս չենք սիրում երազանքը, հեքիաթը զանազանել իրականությունից։ Դրանք ընկալում ենք որպես վերին ճշմարտություն, թքում դառն ճշմարտության, դաժան եւ ոչ լիրիկական իրականության վրա ու գեղեցիկ ստերի թեւերին բազմած, «ճախրում» գետնից, իրականությունից կտրված վերեւներում։

Ու ինչպե՛ս ենք մոլեռանդորեն ատում, արհամարհում, չտեսնելուն տալիս այդ անիծյալ իրականությունը, դառն ու ծանր ճշմարտությունը։

Չենք սիրում ու ստում ենք նաեւ ճշմարտությունն ասողին, ծաղրում, հալածում նրան, հնարավորության դեպքում ոտքի տակ տալիս` որպես թշնամու, հակառակորդի, որ փորձում է խաթարել մեր երազանքների վարդագույն աշխարհը։ Իսկ ցանկացած խաբեբա, յուրաքանչյուր դեմագոգ ու կեղծարար, աչքներիս մեջ նայող, բայց ստորաբար ստող, խաբող արարած գլխներիս վրա տեղ ունի։ Վազում ենք հետեւներից, անգամ վիլսոնների ժամկետանց, վաղուց փոշեծածկ ու սարդոստայնով պատած քարտեզը որպես դրոշ վեր պարզած, վազում մեզ կուտ տվողի, աճպարարի հետեւից։ Հետո երբ մեր ինքնախաբեության, թացն ու չորն իրարից զանազանել չկարողանալու արդյունքում հայտնվում ենք դժբախտության մեջ, հերթական ողբերգությունն ենք բերում գլխներիս, սուգ ու շիվան ենք անում, ողբում ու մեղադրում ռուսին, թուրքին, հրեային, անգլիացուն, չինացուն կամ բուշմենին, մի խոսքով` բոլորին, բացի մեզնից, որ դավաճանել են մեզ, ստոր ու անարդար են գտնվել մեր հանդեպ։ Եվ անիծում ենք մեր «դաժան ճակատագիրը», հայտարարում, թե բոլորը նախանձում են մեզ` «աշխարհի առաջին քրիստոնյաներիս», ամենատաղանդավոր մեր ազգին եւ, խոսքները մեկ արած, փորձում են վերացնել մեզ։

Ու շարունակ հայտնվում ենք այն «կոտրած տաշտակի» առաջ, որ ինքներս այդպես կոտրած ու խեղված սարքել ու դարձրել ենք մեր ճակատագիրը։

Չգիտեմ, ե՞րբ ենք վերջապես հասունանալու, կտրվելու մեր համազգային մանկությունից, ձերբազատվելու մանկամտությունից եւ մյուս բոլոր ազգերի պես նայելու ճշմարտության, թեկուզ ամենադառն ու դաժան ճշմարտության աչքերին։

Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս

«Առավոտ» օրաթերթ
13.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031