Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգային «Տոսկա»-ների հզոր ռեզոնանսները

Հունվար 14,2023 12:30

Հայաստանում Պուչինիի «Տոսկա» օպերան ունեցել է երեք բեմադրություն. 1937թ. իրականացրել են ռեժիսոր Արշակ Բուռջալյանը եւ դիրիժոր Միքայել Թավրիզյանը, Տոսկայի դերերգով հանդես է եկել Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնից հրավիրված սոպրանո Արուս Գրիգորյանը, 1948թ.՝ Գոհարինե Մելքումյանն ու Սուրեն Չարեքյանը, հերոսուհու կերպարը մարմնավորել է Վարդուհի Շահսուվարյանը: 2016թ. «Տոսկան» իրականացրել են Նաիրե Ստեփանյանը եւ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, եւ մինչ օրս այս բեմադրության մեջ գլխավոր կերպարով հանդես են գալիս Սիրանուշ Գալստյանը, Մարինե Դեինյանը, Աննա Այվազյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մագդա Մկրտչյանը։ Ի դեպ, խաղացանկում տեղ գտած այս ներկայացումը մշտապես հավաքում է լեցուն դահլիճ։

«Տոսկան» ունեցել է նաեւ համերգային կատարում՝ 2014թ., որտեղ գլխավոր հերոսուհուն մեկնաբանեց հեղինակավոր թատրոններում քանիցս Տոսկայի կերպարը մարմնավորած օպերային դիվա Հասմիկ Պապյանը։

Նրան ընկերակցելով հանդես եկան մեր մյուս ճանաչված երգիչները՝ տենոր Հովհաննես Այվազյանը (Կավարադոսի), բարիտոն Դավիթ Բաբայանցը (Բարոն Սկարպիա)։ Հիշեցնենք, որ դա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագիծն էր։ Նվագախումբը օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դարձալ իր գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, համերգային կատարմամբ հնչեցրեց Պուչինիի այս գլուխգործոցը մեներգիչների այլ կազմով՝ Ռուսաստանից հրավիրված էին Հիբլա Գերզմավան (Տոսկա), Արսեն Սողոմոնյանը (Կավարադոսի), Վլադիսլավ Սուլիմսկին (Սկարպիա)։ Այլ դերերգերով էլ հանդես եկան Հովհաննես Ներսեսյանը, Հայկ Տիգրանյանը, Տիգրան Մելքոնյանը, Արմեն Գրիգորյանը, Ֆերդինանդ Մուրադյանը եւ Եվա Ազրոյանը։ Օպերայի երգչախմբային պարտիան ապահովեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ Երեւանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը։

Նշենք, որ օպերայի համերգային կատարմանը ներկա հանդիսատեսը այս անգամ էլ իսկապես տպավորված էր, ինչպես նախորդ «Տոսկայի» համերգային կատարումից։ Փորձենք փոխանցել Հիբլա Գերզմավա-Տոսկայից ստացած մեր տպավորությունը։ Նրա ձայնի տեմբրը շատ հագեցած, երբեմն՝ դերերգի որոշ հատվածներում, կարծես չափից ավելի զգայական էր, առանձին մասերում էլ նույն տեմբրը հնչում էր «մետաղյա» հնչողությամբ։

Մի կարեւոր հանգամանք. օպերայի սկզբից մինչեւ Տոսկայի ողբերգական սիրո ավարտը երգչուհու ձայնը եւ նրա խաղը, որը հատկապես դժվար է համերգային կատումների ժամանակ, այնքան հուզական էր ու համոզիչ, զերծ ավելորդություններից, որ համակրանք առաջացրեց, այլ ոչ թե լարվածություն։ Վստահ ենք, որ հանդիսատեսի մոտ երգչուհու՝ Տոսկայի կերպարի մեկնաբանությունը օպերայի սկզբից, երբ սկսվում է նրա սիրախաղը Կավարադոսիի հետ, որը տարբեր հոգեվիճակներ անցնելով՝  օպերայի վերջում ավարտվում է նրա ողբերգական մահով, զգացողություն առաջացրեց, որ շփվում ես, մասնակցում իրական դեպքի։ Ֆենոմենալ վառ տպավորություն էր ստեղծել նաեւ Հասմիկ Պապյանի Տոսկան։  Այն ժամանակ էլ մենք արձանագրեցինք, որ անհնար է դիմակայել մեր երգչուհու ձայնի դյութիչ մոգությանը։ Մշակույթում չընդունելով համեմատությունները կամ զուգահեռները, այնուամենայնիվ, նշենք, որ ե՛ւ Հասմիկ Պապյանի, ե՛ւ Հիբլա Գերզմավայի մեկնաբանությունները վոկալի եւ տեխնիկական կատարելության առումով գերագույն աստիճանի էին։ Իհարկե, այս ամենում իր դերակատարությունն ուներ մաեստրո Էդուարդ Թոփչյանը։

«Առավոտը» ֆիլհարմոնիկ նվագախմբի Արտիստների եւ երկացանկի մենեջեր Նարինե Ամիրյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում ի՞նչ այլ աստղերի հյուրախաղեր են սպասվում։ «Սպասվում են Գերմանիայից դիրիժորներ Անդրեյ Բորեյկոյի, Քրիստոֆ Կոնցի, Ջեսիկա Քոթիսի, թավջութակահար Ջովանի Սոլիմայի (Իտալիա), դաշնակահար Լուկա Դեբարգի (Ֆրանսիա), Հյուսիսային Իռլանդիայից դաշնակահար Բարի Դուգլասի, Ռուսաստանից դիրիժոր Դմիտրի Մասլեեւի եւ այլոց հյուրախաղերը, իհարկե, նվագախմբի հետ իբրեւ մենակատարներ հանդես կգան նաեւ մեր ճանաչված երաժիշտները։ Առայժմ այսքանը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Մարիա Վարտանովայի

«Առավոտ» օրաթերթ
13.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031