Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընթացը սկսված է եւ եռում է»

Հունվար 14,2023 14:00

«Եթե մի քանի միլիոն հայ ոտքի կանգնի՝ ամբողջ աշխարհը չի կարողանալու դրա դեմն առնել եւ այս պարագայում այս իշխանությունն էլ առ ոչինչ է դառնալու եւ չենք էլ նկատելու, թե իրենք ինչպե՞ս թողեցին իշխանությունն ու գնացին». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Շատերի մոտ տպավորություն էր, թե խեղճ մեկն է, ով եկել է արդարանալու, բայց լավ պատրաստված, վերջնական կնիքը դնելու նման հայտարարություններ արեց»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը: Մեր զրուցակիցը հիշեցնում է. «Արցախից երկու տարի անընդհատ հայտարարություններ էին հնչում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ իշխանությունները «ձեռքերը լվացել» են Արցախից, իսկ իրենք անընդհատ հակառակվում էին, այդ ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը փաստացի դա ասաց՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է»:

Հիշեցնենք, այդ հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. դա սխալ բանաձեւ է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը. «Եթե գնանք ավելի առաջ, ապա Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Հետեւաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել… եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել,  մեր անվտանգության հիմքում այն բանաձեւը չէր լինի, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո, դրանք բարդ հարցեր են, եւ հարցերի բարդության պատճառով է, որ ուղղակի այդ հարցը 1, 2, 3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել»:

Շատ թե քիչ «քաղաքական քթածակ» ունեցող կամ ցանկացած գիտակից մարդու համար, ըստ Մետաքսե Հակոբյանի, միանգամայն հասկանալի է այս հայտարարության իմաստը եւ նպատակը. «Արցախը, արցախցին, իհարկե, ցանկանում են լինել իրենց ճակատագիրը որոշողի դերում, լինել բանակցող, բայց, լինելով չճանաչված պետություն, Արցախը չունի դիվանագիտական խողովակներ եւ եթե կան ինչ-որ հարթակներ, որտեղ հնարավոր է դա իրացնել, Արցախը երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվի դրանից: Այդ հարթակի բացակայության պատճառով է, որ Արցախի շահերը մշտապես ներկայացրել են ՀՀ իշխանությունները եւ դա չի եղել ինչ-որ անհատի կամ մեկ քաղաքական ուժի որոշում, դա եղել է համատեղ՝ Արցախ-Հայաստան որոշում եւ գործընկերային հարաբերությունների արդյունքում բանակցային գործընթաց է տարվել: Հիմա, ըստ էության, ՀՀ իշխանությունները՝ հրաժարվելով Արցախից, թողնում են մենակ, այն առումով, որ Արցախը չի ունենալու բանակցելու հնարավորություն եւ իրենք դա շատ լավ գիտեն: Ուզում են տպավորություն ստեղծել մեր հայրենակիցների մոտ, որ որեւէ խնդիր չկա, Արցախը կարող է բանակցել եւ որոշել իր ճակատագիրը, բայց դա այդպես չի լինելու»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, ուշագրավ էր, որ Ադրբեջանի նախագահի հետ զուգահեռ ասուլիսներում, ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի շատ Հայաստանի վարչապետին էին լուսաբանում, նրա հայտարարություններն էին մեջբերում, քանի որ «Փաշինյանի ասուլիսն ավելի ադրբեջանամետ էր, քան Ալիեւինը, որովհետեւ Փաշինյանն իր ասուլիսում, ըստ էության, ավելի էր պաշտպանում ադրբեջանցիների շահերը՝ հստակեցնելով այն բոլոր որոշումները, որոնք արդեն ունի Հայաստանի իշխանությունը»: Այս ամենի համատեքստում, արցախցի պատգամավորը հայտարարում է, որ փաստացի, արցախահայերը մեն-մենակ են մնացել՝ բոլոր մարտահրավերների առջեւ, բայց պատրաստ են բոլոր որոշումները կայացնել, միայն թե՝ պետք է բարդ ճանապարհ անցնել՝ դրանք իրագործելու համար: Միաժամանակ, Մետաքսե Հակոբյանը նաեւ վստահ է, որ օրհասական պահերին հայաստանցիներն իրենց միայնակ չեն թողնելու, չեն հետեւելու ՀՀ իշխանության վարքագծին:

Այն, որ Արցախում վերջնական հանգրվանի են հասել եւ պատրաստ են որոշումների կայացումն ու դրանց իրագործումը վերցնել իրենց վրա, հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, թե ԱՀ ԱԽ հայտարարությունից, թե Արցախի պետնախարարի գրառումից, որոնք բավական հստակ ու կոշտ էին: Թե ի՞նչ է հետեւելու դրան, Արցախի քաղաքական ուժերն ի՞նչ վերաբերմունք ունեն այդ ամենին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Երբ 2022-ի ապրիլի 13-ին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ Փաշինյանը խոսեց Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին, ԱՀ խորհրդարանական ուժերն ամսի 14-ին հայտարարությամբ հանդես եկան՝ ի լուր աշխարհի եւ Փաշինյանի՝ ասելով, որ Արցախի քաղաքական ուժերը եւ ժողովուրդը միասնական են Արցախի ճակատագիրը որոշելու հարցում: Այսինքն, ունեն նույն կարծիքը, տեսնում են ճանապարհը նույն կերպ եւ բոլոր հետեւանքները կիսելու են միասին: Դրանից հետո մենք բավական ճանապարհ ենք անցել, փրկության, պայքարի ճանապարհները որոնելու հարցում նաեւ բազում հակասություններ են եղել ու այդ ամենի արդյունքում ունեցանք 2021 թվականի հոկտեմբերի 30-ի հանրահավաքը. այդ օրը եւ որոշումն էր կայացված, եւ ճանապարհն էր հայտնի, եւ կարմիր գծերն էին գծված, որեւէ մեկն այլեւս այլ ճանապարհ չէր տեսնում: Կարծում եմ, այդ հանրահավաքով մենք ցույց տվեցինք մեր միասնականությունը. ամեն ինչ անկեղծ էր ու հաջողվեց տեսանելի դարձնել այն ամենն, ինչ կատարվում էր Արցախում: Դրան հետեւեց միջանցքի ու ճանապարհի փակումը, եղավ եւս մեկ հանրահավաք, որի ժամանակ քաղաքական ուժերին միացավ նաեւ քաղաքացիական հասարակությունը՝ ցույց տալով, որ Արցախում բոլորը՝ անկախ տվյալ պահի իրենց կարգավիճակից, ունեն միեւնույն տեսակետը, բոլորը նույն ուղին են ընտրել: Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն էլ բոլորի մոտ նույն կերպ էր ընկալվել ու մեկնաբանվել, հետեւաբար, բնական էր առավել դիվանագիտական հայտարարություններից անցումը հասցեական հայտարարությունների: ԱԽ հայտարարությունն Արցախի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումն է. այն շատ հստակ էր՝ Արցախի ընտրած ճանապարհը ցույց տալու հարցում: Հայտարարությունում ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ ասված էր: Շատ ողջունելի է նաեւ պետնախարարի արտահայտած դիրքորոշումը՝ Արցախի փրկությունը, ու կոչը՝ ՀՀ այն հայրենակիցներին, ում համար Արցախն իրականում արժեք է»: Այս հայտարարություններով, ըստ Մետաքսե Հակոբյանի, առավել քան ակնհայտ է դառնում, որ Արցախում ՀՀ իշխանություններից այլեւս որեւէ ակնկալիք չունեն. «Արցախի տերն ու պատասխանատուն, սակայն, միայն 120 հազար արցախցիները չեն, այլ տասը միլիոն հայերը: Արցախն ազատագրվել է ոչ 120 հազար հայով, այլ տասը միլիոն հայերով եւ որեւէ մեկն այստեղ լռելու իրավունք չունի: Մենք այլեւս ապավինում ենք մեր հայրենակիցների ե՛ւ աջակցությանը, ե՛ւ միասնականությանը: Արցախում բնակվող հայերի ընտրած ճանապարհը, կարծում եմ, բոլորի համար պետք է դառնա ընդունելի: Մենք պետք է միասին պայքարենք»:

Մեր զրուցակցի գնահատմամբ, ՀՀ գործող իշխանությունը վախենում է բոլորից՝ բացի սեփական ժողովրդից, քանի որ կարողացել է պառակտել հասարակությանը. «Նրանց միակ վախը ժողովրդի միասնականությունն է, քանի որ գիտեն՝ այդ դեպքում ժողովուրդը հաջողելու է: Կարծում եմ, գործընթացը սկսված է եւ եռում է: Արցախում, համենայնդեպս, հաստատ եւ հուսով ենք, որ այն կհասնի նաեւ Հայաստան ու հանուն փրկության գործընթացը մեծ թափ կառնի: Հասկանում ենք, որ առանց Հայաստանի գործող իշխանությունից ազատվելու՝ մենք դժվարությամբ կհաջողենք, բայց հաստատ հաջողելու ենք: Եթե մի քանի միլիոն հայ ոտքի կանգնի՝ ամբողջ աշխարհը չի կարողանալու դրա դեմն առնել եւ այս պարագայում այս իշխանությունն էլ առ ոչինչ է դառնալու եւ չենք էլ նկատելու, թե իրենք ինչպե՞ս թողեցին իշխանությունն ու գնացին: Պայքարի ճանապարհին հենց հանրությունը քշելու է ու տանի այս իշխանությանը, որովհետեւ իրենք չմարդ են ու չհայ են»:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031