Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան գրառումը գետնին տապալվելու պատճառ․ կինն ու երեխան գրախանութից դուրս գալով՝ անակնկալի են եկել

Հունվար 13,2023 21:44

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որին երեկ ժամը 17․00-ի սահմաններում պարեկները Գյումրու կենտրոնական հրապարակում իր երեխայի աչքի առաջ գետին էին տապալել՝ բերման ենթարկելով, պատմեց, որ կնոջ և երեխայի հետ եղել են սրճարանում։ Ու քանի որ այնտեղ ծխել չի թույլատրվել, դուրս են եկել, այդ ընթացքում կինը երեխայի հետ մոտակա գրախանութ է մտել, որտեղից դուրս գալով՝ տեսել են, որ իրեն պարեկները գետնին են գցել։

Կարապետ Պողոսյանի պնդմամբ՝ պարեկները իրեն հետապնդել են ողջ օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 8․30-ից և իր հետ նման կերպ վարվելու պատճառը եղել է ֆեյսբուքյան գրառումը, քննադատությունը պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի՝ Օնիկ Սահակյանի հասցեին։

Կարապետ Պողոսյանը նշեց, որ քննիչին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի վերծանեն այդ դասակի հեռախոսային հետագծերը, նաև՝ իրենը, այդ դեպքում համեմատությամբ կերևա, որ իրեն հետապնդել են։ Ընդդիմադիր գործիչը պատմեց, երբ պարեկները մոտեցել են, ինքը ժպիտով նրանց ասել է՝ ինչու եք գոռում, մեքենայի մոտ կանգնած եմ։

«Իրենք իջան ու միանգամից ասին՝ փաստաթղթերդ, պիտի տուգանենք։ Ես ասի ՝ հարց չկա, բայց եկեք հասկանանք՝ արդյոք իրավունք ունե՞ք տուգանելու, թե՞ չունեք, որից հետո իրենք գնացին բացահայտ սադրանքների։ Իրենց մոտ 30 անգամ առաջարկել եմ, որ հրապարակում ոչինչ չանեն, քանի որ մանկահասակ երեխայիս աչքի առաջ է, իրենց ռեգիստրներն էլ հաստատ ֆիքսել են։ Առաջարկել եմ՝ ինքս նստեմ ձեր մեքենան, ուղեկցեք ոստիկանության բաժին, պետք է, մեքենաս էլ առգրավեք, բայց որևէ անշնորհքություն մի արեք այս տարածքում, որևէ շոու մի կազմակերպեք։

Ուզել եմ փաստաթղթեր հանել, թևիցս քաշել, չեն թողել։ Մեքենայիցս ինքնակամ եմ իջել, ոչ թե իրենց այսպես ասած բռնության արդյունքում, չնայած 4-5 անգամ իմ վրա հատուկ միջոց կիրառվել էր։ Մեքենայից իջնելուց հետո իրենք ինձ շատ կոպիտ ձևով գցել են գետին, փորձել են իմ հեղինակությանը վնասել։ Ու սա ամբողջովին կազմակերպված է եղել, որովհետև այս ընթացքում թույլ էին տվել լուրջ ապօրինություններ, որոնց մասին մենք բարձաձայնել էինք, գործ էինք ուղարկել դատարան։

Փաստաբանը զինվորականների հանդեպ թույլ տված լուրջ ապօրինության մասին հաղորդում էր ներկայացրել դատարան, կոնկրետ այդ դասակի աշխատակիցներից մեկը՝ Օնիկ Սահակյանը, որ նախկինում Արտաշատում բարձր պաշտոն է զբաղեցրել, իրեն հանել, բերել են Արթուր Ումրշատյանի ցանկությամբ։ Այսինքն իր ցանկությունն էր, որ դասակում բացի պարեկությունից գործ տվողի հաստիք լիներ մյուս տղաների նկատմամբ։ Հենց իրենց քննադատելու համար իմ նկատմամբ շոուն կազմակերպվեց, որն ամբողջովին ապօրինի է։

Իմ հետևից էին ընկել, որովհետև ես բացահայտել էի, որ իրենք ներքին հրաման ունեն զինվորականների, առավել ևս բարձրաստիճան զինվորականների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու, որը վստահորեն կարող եմ ասել ներկա կապիտուլյանտ ռեժիմի՝ բանակը թուլացնելու հերթական քայլերից մեկն է։ Այլ կերպ չեմ կարող բնութագրել, եթե 25 հազար դրամանոց խախտումի համար զինվորականին ասում ես՝ գնա, խնդիր չկա, մենք քեզ չենք տուգանելու, որովհետև զինվորական ես, բայց հետևից 100 հազար ես գրում, մի հատ էլ ԴԱՀԿ-ով ես բռնագանձում, դա զինվորականին այս երկրից հիասթափեցնելու քայլ է։

Այդ գործով փաստաբանը հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն և նաև դատարանում վիճարկում է։

Ես իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ, պատրաստ եմ հետևանքները կրելու, բայց իրենք ապօրինություններ են թույլ տվել ու յուրաքանչյուրի համար պատասխանատվություն եմ պահանջելու»։

Կարապետ Պողոսյանին ձերբակալելուց հետո ազատ են արձակել, նա նշում է, որ իրեն առաջադրված մեղադրանք չկա, չկա որևէ խափանման միջոց, քննիչը իրեն լսել է։ Քննիչի մոտ են իմացել, թե ինչու են իրեն ձերբակալել։ Իսկ մինչ քննիչի մոտ հասնելն իրեն զրկել են փաստաբանի հետ առանձնազրույց ունենալուց, որը կոպիտ խախտում է։

Նա ասաց, որ ունի բազմաթիվ սալջարդեր, հատկապես ձախ հատվածում,այս ամենը դատաբժշկի մոտ է ֆիքսվել, նաև Գյումրի բժշկական կենտրոնում, իսկ շտապօգնության բժիշկը ահազանգ է հնչեցրել ոստիկանություն, որ խոշտանգված մարդ կա։

«Ես պնդում եմ, որ հիմք չկա, ինձ ապօրինի են ձերբակալել, ոստիկանությունում պահել են մոտ 7 ժամ, 6 ժամ անց ինձ նոր միայն ներկայացրել են, թե ինչու են ինձ ձերբակալել։ Այսինքն 5 ժամ ես իրազեկված չեմ եղել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածի որ հատկանիշով եմ ձերբակալված։

50 րոպե ինձ պահել են ձեռնաշղթաների մեջ, որն իրենց կողմից կոպիտ ապօրինություն է, մեկ ժամ 20 րոպե թույլ չեն տվել փաստաբանը մտնի իմ մոտ։ Փաստաբանս Կումայրի բաժնի զանգահարել է 1-02 հեռախոսահամարով, հաղորդում է տվել հանցագործության մասին, որ իրեն թույլ չեն տվել ներս մտնել, նոր միայն փաստաբանիս թույլ են տվել մոտենա ինձ։

Ոստիկանության կողմից տրվել է խուլիգանություն որակավորում։ Ես համաձայն եմ, որովհետև խուլիգանություն եղել է, բայց ոչ իմ կողմից, կոնկրետ ոստիկանության կողմից, պարեկային ծառայություն իրականացնողների։ Եվ մենք մինչև վերջ պիտի հետևողական պայքարենք», -ասաց Կարապետ Պողոսյանը։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  Կարապետ Պողոսյանին բերման ենթարկելու, այնուհետ ձերբակալելու դեպքի հետ կապված հետևյալ պարզաբանումն էր ներկայացրել․ «Հունվարի 12-ին «Առավոտ» լրատվական կայքում «Երեխայի աչքի առաջ առևանգել են գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպանին» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որը տարածվել է սոցցանցում և իրականությանը չհամապատասխանող զանազան մեկնաբանությունների տեղիք տվել:

Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում: Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստաթղթեր: Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:

Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին: Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները պարզվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031